- Main
- Node
- «ՄՇՏԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱԼ ՎԱՂՆ ԱՎԵԼԻ ԼԱՎԸ ԴԱՌՆԱԼՈՒ ՁԳՏՈՒՄ». ՀԱՍՄԻԿ ԱՓՐԵՅԱՆ
January 31, 2023 | 11:40
Կրթություն
Ուսանողական
«ՄՇՏԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱԼ ՎԱՂՆ ԱՎԵԼԻ ԼԱՎԸ ԴԱՌՆԱԼՈՒ ՁԳՏՈՒՄ». ՀԱՍՄԻԿ ԱՓՐԵՅԱՆ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության բաժնի ուսանող Հասմիկ Ափրեյանը «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հումանիտար ոլորտում բակալավրի կրթական ծրագրով 2-րդ տեղի մրցանակակիր է: Հասմիկի հետ զրույցը հնարավորություն կտա բացահայտելու լավագույն ուսանողի կոչման պատասխանատու և կարևոր դերը հաջողության հասնելու գործում։
«Աչքիս առաջ ունենալով ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի՝ նախորդ տարիներին լավագույն ճանաչված ուսանողների օրինակելի կերպարները՝ մշտապես ձգտում եմ արդյունավետ անցկացնել ուսանողական տարիներս: Իմ նպատակներից էր արժանանալ այն կոչմանը, որին ժամանակին արժանացել էին նրանք»,- մեզ հետ զրույցում անկեղծանում է Հասմիկը՝ ընդգծելով լավագույն ուսանող լինելու պարտավորեցնող, միևնույն ժամանակ՝ հաճելի զգացողությունը:
«Այս հաղթանակն ինձ համար ավելի բարձր նշաձող սահմանելու և նոր հաղթանակներ գրանցելու գրավական է։ Հաջողության հասնելու համար կարևոր է ունենալ ինքնազարգացման և ինքնակատարելագործման ձգտում, ինչին նպաստում է նաև ոչ ֆորմալ կրթությունը։ Դրա նշանակությունն օրըստօրե մեծանում է, ուստի կարևոր եմ համարում նաև արտալսարանային միջոցառումներին մասնակցելը և միջազգային փորձին հետևելը։ Այդ հարցում, կրթությունից զատ, նշանակալի դեր ունեն նաև ուսանողական կառույցները և ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը։ Դրանք ինձ ամուր թելերով կապում են հարազատ համալսարանին,- ասում է Հասմիկը՝ ընդգծելով ԵՊՀ-ի հանդեպ ունեցած սերը։
Նա վստահեցնում է՝ համալսարանը մատնանշում է առավելագույնին հասնելու բոլոր ուղիները, սակայն կարևոր է, թե ինչպես կկարողանաս օգտվել դրանցից:
«Անհրաժեշտ է գիտակցել, որ եթե գրկաբաց ես ընդունում առաջարկված հնարավորությունները, դրանք ընդառաջ են գալիս քեզ: Ստացած գիտելիքների ու փորձառության շնորհիվ ԵՊՀ ուսանողին ընձեռվում են մեծ հնարավորություններ ուրվագծելու իր ապագան»,- փաստում է Հասմիկը՝ հավելելով. «Մշտապես պետք է ունենալ վաղն ավելի լավը դառնալու ձգտում»:
Խոսելով ապագայի իր տեսլականից՝ ԵՊՀ ուսանողն ընդգծում է. «Այժմ ես սովորում եմ մի ֆակուլտետում, որտեղ ուսանողների և դասախոսների միջև ընկերական փոխհարաբերությունները նպաստում են ուսանողի մասնագիտական անընդհատական աճին և կարիերայի ստեղծմանը: Ներկայում ստանալով խոր գիտելիքներ՝ հույս ունեմ՝ ապագայում կունենամ հնարավորություն դրանք սերունդներին փոխանցելու»:
Մարինե Մկրտչյան