- Main
- Node
- «ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ». ԵՊՀ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ Է ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
February 20, 2023 | 19:20
Կրթություն
Հասարակություն
«ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ». ԵՊՀ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ Է ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
Այսօր ԵՊՀ-ի, Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) հայաստանյան մասնաճյուղի և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» (ՀԿՏԿ) ՊՈԱԿ-ի միջև կնքվել է համագործակցության եռակողմ հուշագիր, միևնույն ժամանակ՝ դրա շրջանակում ԵՊՀ-ի ու ՄՀԻ հայաստանյան մասնաճյուղի միջև ստորագրվել է համագործակցության երկկողմ պայմանագիր՝ համատեղ իրականացնելու «Ռազմավարական հաղորդակցության դպրոց» մասնագիտական վերապատրաստման ծրագիրը։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի, ՄՀԻ հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ջեյմս դե Ուիթի և ՀԿՏԿ տնօրեն Գոռ Ծառուկյանի միջև ստորագրված եռակողմ հուշագրի նպատակն է պետական տեղեկատվական քաղաքականության ոլորտում համատեղ մշակել ու իրականացնել պետական գերատեսչությունների անձնակազմի մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստման ծրագրեր։
Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին համատեղ իրագործելու գիտական և կրթական ծրագրեր, տրամադրելու մասնագիտական-փորձագիտական աջակցություն ու խորհրդատվություն, անցկացնել վերապատրաստման դպրոցներ, ֆորումներ, գիտաժողովներ ու ակադեմիական այլ միջոցառումներ՝ ԵՊՀ, ՀԿՏԿ և ՄՀԻ անձնակազմի, պետական գերատեսչությունների ներկայացուցիչների, ուսանողների, երիտասարդ հետազոտողների, տարբեր ոլորտների առաջատար մասնագետների, գիտնականների, միջազգային մասնագետների ներգրավմամբ։
Այսօր ամրագրված պայմանավորվածությունների համաձայն՝ կողմերի ներկայացուցիչներից ձևավորված աշխատանքային խումբն իրագործելու է «Ռազմավարական հաղորդակցության դպրոց» մասնագիտական վերապատրաստման ծրագիրը, որը մշակել է ՄՀԻ-ն ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանում ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» ծրագրի շրջանակում։
Կողմերը հույս հայտնեցին, որ համագործակցությունը կնպաստի տարբեր ծրագրերի իրագործման արդյունավետությանը, հատկապես տարբեր գերատեսչությունների միջև հաղորդակցության ամրապնդմանն ու ինստիտուցիոնալացմանը։