- Main
- Node
- ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԻՋԱՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ
March 07, 2023 | 14:06
Կրթություն
Գիտություն
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԻՋԱՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ
Աշխարհում գոյություն ունեցող ամենափոքր միջատը` մակաբուծային կրետը, ընդամենը 0,005 դյույմ (0,127 մմ) երկարություն ունի. այդ անողնաշարավորն անզեն աչքով գրեթե անտեսանելի է: Որքան էլ զարմանալի է, ոլորտի մասնագետներին հաջողվում է ուսումնասիրել դրանց կառուցվածքն ու կենսագործունեությունը, զարգացումը, տարածվածությունը, ձևերի բազմազանությունն ու կապը միջավայրի հետ:
Հայաստանի կենդանական աշխարհը, մասնավորապես անողնաշարավորները, դեռևս ամբողջությամբ ուսումնասիրված չեն: «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի բնագիտական ոլորտում մագիստրոսի կրթական ծրագրով հաղթող ճանաչված ԵՊՀ-ականի մասին պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես է նա իր գործունեությամբ ձգտում նպաստել նշյալ ոլորտի աստիճանական զարգացմանը:
Ես Արևիկ Ղռմաջյանն եմ…
Դպրոցական տարիքում Երևանի պետական համալսարան կատարած գիտաճանաչողական այցն ինձ համար ճակատագրական եղավ: Տպավորված լինելով կենսաբանների գրանցած հաջողություններով՝ նպատակ սահմանեցի տարիներ անց վերադառնալու համալսարան՝ արդեն որպես ուսանող: Վստահ էի՝ կենսաբանության ֆակուլտետում յուրովի բացահայտելու եմ բնությունը, մասնավորապես կենդանաբանության ոլորտը:
Երբ ընդունվեցի նախընտրածս ֆակուլտետ, սպասելիքներս գերազանցվեցին: Հասկացա, որ համալսարանի ընձեռած հնարավորությունները «պարտադրում են» հասնել ավելիին: Այս համատեքստում առանցքային են կենդանաբանության ամբիոնի նախաձեռնած բնապահպանական բազմաթիվ միջոցառումները, հատկապես Վրաստանի և Գերմանիայի հետ համատեղ իրականացվող «Կովկասյան կենսաբազմազանության գենետիկական ուսումնասիրության» (CaBol) միջազգային ծրագրի շրջանակում կազմակերպված գիտարշավների դերն ու նշանակությունը: Դրանց ժամանակ գործնականում կիրառելով տեսական գիտելիքները՝ կատարում էինք տարբեր կենդանատեսակների, մասնավորապես միջատների ուսումնասիրություններ:
Ֆակուլտետում ստացել եմ միջատների ուսումնասիրության նոր ու ժամանակակից բազմաթիվ մեթոդների վերաբերյալ մեծարժեք գիտելիքներ: Դրանից զատ՝ համալսարանը հնարավորություն տվեց փոխանակման ծրագրերի շրջանակում անմիջաբար ծանոթանալու նոր մեթոդների նաև արտասահմանում: Ընձեռված հնարավորություններից օգտվելու և ոլորտի վերաբերյալ գիտելիքները խորացնելու ցանկություններս երկու անգամ տարան դեպի Էստոնիա՝ Տարտուի համալսարան, որտեղ էլ նկատելիորեն ընդգծվեց ԵՊՀ տված մրցունակ կրթությունը:
Բակալավրի երրորդ կուրսում, երբ առաջին անգամ փոխանակման ծրագրով Տարտուի համալսարանում էի, սկսեցի առանձնակի ուսումնասիրել թիթեռների տարբեր տեսակներ, ժամանակակից նոր մեթոդների կիրառմամբ կատարել դրանց հավաքման ու պահպանման տարաբնույթ աշխատանքներ: Երկու տարի անց, երբ նորից հնարավորություն ունեցա ուսումս շարունակելու այնտեղ, կատարելագործեցի մոլեկուլային կենսաբանության վերաբերյալ գիտելիքներս, սովորեցի թիթեռներից ԴՆԹ անջատել, մշակել սեքվենսներ, կառուցել ֆիլոգենետիկ ծառեր, կատարել հետազոտություններ` օգտվելով R ծրագրից:
Հատկանշական է, որ արտերկրում մասնագիտական նոր գիտելիքներ ստանալուց զատ` կարճ ժամանակահատվածում հասցրի սովորել էստոներեն` միևնույն ժամանակ մեր երկրի, մշակույթի և համալսարանի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելով օտարերկրյա ուսանողների և մասնագետների շրջանում:
Համագործակցելով օտարերկրյա մասնագետի և հարազատ դարձած ֆակուլտետիս դասախոսների հետ՝ հնարավորություն ունեցա գիտական հոդված համահեղինակելու բարձր վարկանիշ ունեցող «Journal of Ecotourism» ամսագրում: Վերջինս էկոտուրիզմի վերաբերյալ միջազգային գիտական միակ ամսագիրն է աշխարհում, և ոլորտի շատ մասնագետների համար համարվում է տեղեկատվության առաջատար աղբյուր: Այդ հեղինակավոր ամսագրում զետեղված մեր հոդվածում անդրադարձել ենք «Դիլիջան ազգային պարկի» էկոհամակարգերի վրա փափկամարմինների` որպես զբոսաշրջային ճնշման կենսացուցիչների դերին:
Գիտության հանդեպ սերն իմ մեջ ձևավորվել է ԵՊՀ-ում՝ ուսանողական գիտական ընկերության շնորհիվ:
Վստահաբար ասում եմ՝ Երևանի պետական համալսարանը մեծապես նպաստում է երիտասարդ գիտնականների հաջողություններին: Համալսարանականներն ուսումնառության տարիներից իրենց ընտրած ոլորտում նշանակալի հաջողություններ գրանցելու հնարավորություն են ստանում: Պարզապես պետք է ճիշտ ժամանակին գիտակցել դա և օգտագործել համալսարանի միջազգային լայն կապերը…
Մարինե Մկրտչյան