- Main
- Node
- ՀՀ տարածքում սեյսմիկ պաշտպանության հիմնախնդիրները
December 17, 2018 | 12:10
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
ՀՀ տարածքում սեյսմիկ պաշտպանության հիմնախնդիրները
Դեկտեմբերի 6-ին Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ կազմակերպվել է «ՀՀ տարածքում սեյսմիկ պաշտպանության հիմնախնդիրները» խորագրով հանդիպում-դասախոսություն՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30 ամյակին:
Դասախոսության ընթացքում խոսվել է Հայաստանի տարածքում սեյսմիկ ռիսկերի և դրանց կանխարգելման միջոցների մասին, որոնք էապես ուղղված են բնակչության կենսագործունեության ապահովմանը և երկրաշարժերի արդյունքում առաջացած պետության տնտեսական և սոցիալական կորուստների նվազեցմանը:
Խոսելով կազմակերպության ստեղծման մասին՝ նշվեց այն հանգամանքը, ըստ որի՝ բոլորին էլ հայտնի է, որ
Սպիտակի 1988թ.-ի երկրաշարժը Հայաստանի սեյսմապաշտպանական համակարգի թերության արդյունք է և ակնհայտորեն անհրաժեշտություն էր նկատվում ստեղծել համալիր ծրագիր, որը կլրացներ տվյալ բացթողումները և կշտկեր սխալները։ Այդիսկ պատճառով 1991թ.-ի հուլիսի 17-ին որոշում ընդունվեց ստեղծել սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը, որն ուղղված էր ազգաբնակչության, շենքերի և կառույցների սեյսմիկ պաշտպանությանը: Կարճ ժամանակահատվածում այն հասավ բարձր արդյունքների՝ ճանաչվելով տարածաշրջանում այս ոլորտում առաջատարը, որը շարունակվում է մինչ օրս:
Ծառայությունն այժմ իրականացնում է նաև համագործակցային ծրագրեր, ուղղված կրթական համակարգին, որի նպատակը հասարակության լայն շերտերին՝ դպրոցականներին և երիտասարդներին իրազեկելը և նախապատրաստելն է արտակարգ իրավիճակներին: Դրանցից մեկը «Դպրոցական տագնապ»-ն է, որի շրջանակներում սկզբում դպրոցականներին տրվում են գիտելիքներ և պրակտիկորեն նախապատրաստում երկրաշարժին, որից հետո առանց իրազեկման իրականացվում է պրոցեսը՝ ստուգելու համար երեխաների պատրաստվածության աստիճանը:
Դասախոսության ավարտին ուսանողների հետ անցկացվեց ակտիվ քննարկում, ուսանողները հնչեցրին իրենց հուզող հարցերը և ստացան հանգամանալից պատասխաններ:
Բանախոսությունն անցկացվել է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար, ե.գ.թ Սոս Մարգարյանի կողմից:
Նմանատիպ դասախոսությունների անցկացումը բավականին կարևոր է, քանի որ տեղի է ունենում գիտելիքների փոխանակում: Տվյալ ծրագիրը իրականացվում է ոչ միայն համալսարանում, այլև այլ կրթական այլ հաստատություններում, ինչպես նաև բազմաբնույթ ձեռնարկություններում, և ինչպես նշեց պր. Մարգարյանը, իրենք մշտապես պատրաստ են նմանատիպ համագործակցությունների:
Հեղինակ՝ Արմինե Թովմասյան