March 05, 2025 | 15:15
Society
Research centers and institutes
Research
YSU researcher’s study reveals Armenian words persist in spoken Turkish of Islamized Hamshens
YSU researcher Lusine Sahakyan has conducted several studies in Turkey, specifically in the settlements of the present generations of Islamized Hamshens, as well as those of Christian Hamshen Armenians who survived forced Islamization and later dispersed to other countries. She has documented unique folklore and demographic materials, including 2,000 Armenian microtoponyms and dialectal linguistic data.

ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) հայ-օսմանական առնչությունների բաժնի ղեկավար, թյուրքագիտության ամբիոնի դոցենտ Լուսինե Սահակյանն իր ուսումնասիրությունները կատարել է ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ-ի կողմից երաշխավորված «Համշենահայերի պատմությունը, տարածման աշխարհագրությունը, ժողովրդագրությունն ու բանահյուսությունը» թեմատիկ ծրագրի շրջանակում: Նա այցելել է Թուրքիայի Արդվինի, Ռիզեի և Էրզրումի նահանգներ, Ստամբուլ, որտեղ հանդիպել է բռնի իսլամացված համշենցիների սերունդներին, ինչպես նաև եղել է Կրասնոդարի երկրամասում, Աբխազիայում, Ղրիմում և ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Մոնթեբելլո քաղաքում՝ հանդիպելու այնտեղ հաստատված քրիստոնյա համշենահայերի հետ։
«Համշենի գավառում ապրող հայերը բռնի իսլամացվել են դեռևս 18-րդ դարում: Ես եղել եմ պատմական Համշենի բնակավայրերում: Ինձ հաջողվել է դաշտային հետազոտությունների ընթացքում տեղի մտավորական համշենցիների ուղեկցությամբ շրջել նրանց գյուղերում, յայլաներում, գրանցել լեզվական բացառիկ փաստեր, ազգագրական սովորույթներ, խաղիկներ: Թեպետ իսլամացված համշենցիների սերունդների մեծ մասը գիտի իր հայկական ծագման մասին, սակայն մի շարք պատճառներով խուսափում է այդ հարցի շուրջ խոսելուց»,- ասաց Լուսինե Սահակյանը։
Նա ընդգծեց, որ բուն Համշենի տարածքում 18-րդ դարում տեղի ունեցած բռնի իսլամացման քաղաքականությունից հետո ժամանակի ընթացքում համշենցիները թեպետ մոռացել են իրենց մայրենի լեզուն, սակայն նրանց թուրքերեն խոսքում պահպանվել են հայերեն կենցաղային բառեր, արտահայտություններ, մասնավորապես մանրատեղանուններ` անտառների, աղբյուրների, յայլաների, փոքր հողատարածքների անունները, իսկ ոմանք հիշում են նաև իրենց հայերեն տոհմանունները։
Անդրադառնալով իսլամացված համշենահայերի խոսքում պահպանված հայերեն հնագույն բառերին՝ Լուսինե Սահակյանը մատնանշեց․ «Մեծ հուզմունքով գրանցում էի այդ բառերը, և ինձ համար զարմանալի էր, թե նրանց թուրքերեն խոսքում ինչպես են այդքան մաքուր պահպանվել գրաբարից եկած տեղանունները կամ բուսանունները, որոնցում առկա են հայերենի հնագույն՝ Համշենի բարբառի հնչյունական առանձնահատկությունները։ Բերեմ մի քանի օրինակ` Չերմակ չուր (Ճերմակ ջուր), Ձովենի (Ծովենի), Խաչիվանաք (Խաչի վանք), Արջովիտ (Արջհովիտ), Սոխովիտ, Խաչափիտ (Խաչափայտ), Բալովիհ, Վերջենիկ, Աղբրիափ, Ձեմագ (Ծմանգ) և այլ։ Բուսանուններից` մորլիլիգ, մոնուտ, ձիվաղնուտ, փողբադենի, փուղրի, փեշուդ և այլն»:

Ինչ վերաբերում է համշենահայերի այն հատվածին, որը 18-րդ դարում բռնի իսլամացման հետևանքով հեռացել է իր բնակավայրից ու հաստատվել Արդվինի նահանգի Խոփա և Բորչկա գավառներում, նաև՝ Նիկոմեդիայի գյուղերում, ԵՊՀ հետազոտողը նշեց, որ նրանք խոսում են Համշենի բարբառի՝ իրենց տեղական խոսվածքով, շարունակում են անգամ ստեղծագործել այդ բարբառով` գրել երգեր, բանաստեղծություններ և պատմություններ։ Սակայն ժամանակի ընթացքում նրանց խոսք են թափանցել թուրքերեն բառեր:
«Վերջերս շատ հայտնի դարձած և սիրված «Կարմիր աղջիկ» երգը Խոփայի համշենցիների ստեղծագործություններից է։ Չնայած վերոնշյալ շրջանների համշենցիները խոսում են Համշենի բարբառով, սակայն նրանց ազգային ինքնությունը ևս վտանգված է․ նրանք վախենում են իրենց հայկական ծագման մասին խոսելուց կամ հայտարարում, որ իրենք համշենցի թուրք են: Միայն եզակի համշենցի մտավորականներ կան, որոնք բարձրաձայնում են իրենց իսկական ծագման մասին»,- ասաց Լուսինե Սահակյանը:
Անդրադառնալով համշենցիների պատմությանը` նա նաև նշեց, որ համշենցիների այն հատվածը, որը հավատարիմ մնաց ազգային արժեքներին և կրոնին, սփռվեց Սև ծովի հարավարևելյան ափերով մեկ` դիմադրության շնորհիվ կարողանալով պահպանել իր ազգային դիմագիծը։
«19-րդ դարի երկրորդ կեսից նկատվում էր նրանց տեղաշարժը դեպի Աբխազիա, Կրասնոդարի երկրամաս, Ղրիմ: Նրանք առավել ստվար զանգվածներով գաղթեցին Համիդյան կոտորածների և հատկապես Հայոց ցեղասպանության տարիներին` ընդհուպ մինչև 1923 թ․»,- փաստեց նա:
ԵՊՀ դոցենտը շեշտեց, որ Համշենի բարբառը համարվում է հայոց հնագույն բարբառներից մեկը: Նա Ռիզեում, Արդվինում և Ստամբուլում դաշտային հետազոտություններ է կատարել 2010-2013 թթ.` նպատակ ունենալով գրանցելու և սերնդափոխության հետևանքով մոռացությունից փրկելու իսլամացված համշենցիների շրջանում հայկականության վերջին շերտերը:

«Ներկայիս Ռիզեի նահանգի վարչական տարածքում գտնվող բուն Համշենում թուրքախոս դարձած համշենցիների շրջանում հայկական ինքնությունից ոչինչ չի մնացել` բացի բառապաշարում առկա հայերեն բառերից ու մի քանի սովորույթներից։ Օրինակ՝ այսօր էլ որոշ շրջաններում նշում են Վարդավառը, որը նրանց մոտ վերածվել է երգուպարի փառատոնի։ Տարբեր զրույցների ժամանակ ինձ պատմում էին, որ ժամանակին ընտանիքներով բարձրանում էին յայլաները, պարկապզուկի ուղեկցությամբ շուրջպար բռնում, երգում»,- պատմեց Լուսինե Սահակյանը:
Նրա խոսքով` բուն Համշենում մնացած բռնի իսլամացված համշենցիների սերունդների թիվը մոտավորապես 60.000-ի է հասնում։ Նրանք հիմնականում ամռանն են գալիս իրենց գյուղեր, քանի որ մեծավ մասամբ սփռված են մեծ քաղաքներում: Իսկ Խոփայում և Բորչկայում Համշենի բարբառով խոսողների թիվը 42.000-45.000 է։ Կա տեսակետ, ըստ որի՝ համշենցիների թիվը Թուրքիայում հասնում է 200.000-ի:
Լուսինե Սահակյանը շեշտեց նաև, որ չնայած համշենցիները դարձել էին իսլամադավան, սակայն գյուղերում քիչ թվով մզկիթներ կային, իսկ 1990-ականներից հետո յուրաքանչյուր գյուղում մեջիթներ և մզկիթներ կառուցվեցին։ Ներկայում շատացել են նաև խառնամուսնությունները, ինչը ևս նպաստում է համշենցիների ձուլմանը թուրքական հասարակությանը:
ԵՊՀ դոցենտը, իր հավաքագրած տեղեկությունները համադրելով Մատենադարանում, Լոնդոնի բրիտանական թանգարանում, Երուսաղեմի հայոց պատրիարքարանի, Վիեննայի ու Վենետիկի Մխիթարյան միաբանության ձեռագրատներում, Ֆիլադելֆիայի ազատ գրադարանում պահվող՝ 13-17-րդ դարերում Համշենում գրված հայկական ձեռագրերի, ինչպես նաև Ստամբուլի վարչապետական արխիվում պահվող օսմանյան աշխարհագիր մատյանների փաստական նյութի հետ, գրել է «Համշենը հայկական ձեռագրերում» հայերեն և ռուսերեն մենագրություններ: Նա նաև քարտեզագիր Վարդան Մխիթարյանի հետ կազմել է 15-17-րդ դարերի Համշենի բնակավայրերի քարտեզը: Դաշտային հետազոտությունների արդյունքները ներկայացվել են նաև «Համշենի մանրատեղանունները» մենագրությամբ (հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, թուրքերեն):

Մենագրություններում Լուսինե Սահակյանն ապացուցում է, որ մինչև 8-րդ դարը, այսինքն` բուն Համշենի հայկական իշխանության ստեղծումը, այդ տարածքը լիովին եղել է հայաբնակ` Մամիկոնյանների տոհմի ձեռակերտ կալվածքներից մեկը, որը եղել է հայոց սրբատեղի, հոգևոր և գրչության կարևոր կենտրոններից մեկը։
«Համշենցի գրիչների ընդօրինակած ձեռագրերի հիշատակարանները վկայում են, որ Համշենի Եղնովիտ գյուղի Խաչիկհոր վանքում են ամփոփված վարդանանց աճյունները, «որ աստ կան հավաքեալ ի պաշտպանութիւն եւ ի հպարտութիւն Հայոց Համշենի գավառոյ»»,- նշեց նա։
Դեռևս 2013 թ. Լուսինե Սահակյանի նկարահանած առաջին` «Համշենն անցյալի ու ներկայի խաչմերուկներում» վավերագրական ֆիլմը Հոլիվուդում կազմակերպված վավերագրական ֆիլմերի «ARPA» կինոփառատոնում արժանացել է Արմին Վեգների անվան մարդասիրական գլխավոր մրցանակին:
Այժմ պատրաստ է նրա երկրորդ ֆիլմը` «Համշենը հայկական ձեռագրերում», որը ներկայացնում է Համշենի հայկական պատմությունը, գրչության կենտրոնները, մշակութային առանձնահատկությունները: Ֆիլմի ռուսերեն տարբերակն արդեն ցուցադրվել է Սոչիում, իսկ հայերեն տարբերակը շուտով կցուցադրվի Երևանում: