ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐԸ՝ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանն արժանացել է 2021 թվականի Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի «Հոգեբանների միջազգային ներդրման մրցանակ»-ին:
![Hrant-Avanesyan-awarded-2021-APA-Citation-for-Global-Citizen-Psychologists](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/VZdfrexWnTmfcf4hx1ErTe4uc2.jpg?h=bccd1fa5&itok=1SC8EqBD)
2021 թ. Ամերիկյան hոգեբանական ասոցիացիան (ԱՀԱ) «2021 APA Citation for Global Citizen Psychologists» մրցանակ է շնորհել ԵՊՀ հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանին։
Միջազգային ներկայացուցչական հանձնաժողովն ուսումնասիրել է Հ. Ավանեսյանի գիտական, մանկավարժական և կամավորական գործունեությունը՝ նրա հրապարակումները վեց լեզուներով, միջազգային գիտաժողովների մասնակցությունը, հոգեբանական ամսագրերի խմբագրություններին անդամակցելը, երկրաշարժից և պատերազմից հետո մատուցված ծառայությունները:
ԱՀԱ միջազգային մրցանակաբաշխության օրը նախագահող Դոկտոր Բրայան Ր. Դեվիսը (ԱՄՆ) Հ. Ավանեսյանին ներկայացրել է որպես «հոգեբանական գիտության գնահատված դեսպան»՝ միջազգային, տարածաշրջանային և համայնքային մակարդակում տասնամյակներ շարունակ մատուցած ծառայության համար։
Պրոֆեսոր Ավանեսյանը, ելույթ ունենալով, համառոտ նկարագրել է իր երկրի առջև ծառացած հոգեբանական մարտահրավերներին դիմակայելու, սթրեսի նվազեցման գործում հոգեբանության կարևոր դերը և շնորհակալություն հայտնել ԱՀԱ-ի միջազգային հանձնաժողովին՝ իր և գործընկերների ջանքերը գնահատելու համար։
Պատրաստեց Հասմիկ Ասլանյանը