- Main
- Node
- ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՄԵԾ ՇՈՒՔՈՎ ՆՇՎԵՑ ՀԱՅՏՆԻ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ ԵՎ ԼՐԱԳՐՈՂ ԱՐՏԱՇԵՍ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻ 90-ԱՄՅԱԿԸ
September 16, 2021 | 16:31
Հասարակություն
ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՄԵԾ ՇՈՒՔՈՎ ՆՇՎԵՑ ՀԱՅՏՆԻ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ ԵՎ ԼՐԱԳՐՈՂ ԱՐՏԱՇԵՍ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻ 90-ԱՄՅԱԿԸ
ԵՊՀ Ե. Չարենցի անվան դահլիճում այսօր Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ղեկավարության և Ա. Քալանթարյանի ընտանիքի անդամների նախաձեռնությամբ կազմակերպվել էր անվանի հրապարակախոսի և դրամատուրգի 90-ամյակին նվիրված միջոցառում:
Միջոցառման շրջանակում անցկացվեց նաև Արտաշես Քալանթարյանի ստեղծագործական կյանքին նվիրված զեկուցումների մրցույթ: Ֆակուլտետի սաները «Արտագաղթն ու հայրենադարձությունը Քալանթարյանի ստեղծագործության մեջ», «Արտաշես Քալանթարյանը՝ լրագրող» և «Տեսաուղերձ կամ նամակ Զավեն Շարաֆյանին («Իսկ դո՞ւք որտեղ էիք» ստեղծագործության հերոսին)» խորագրերի ներքո գրավոր կամ տեսապատկերներով զեկուցումներ էին պատրաստել:
«Քաղաքացիական իր ակտիվ պահվածքով, հրապարակախոսական սուր գրչով, գեղարվեստական նուրբ մտածողությամբ Քալանթարյանը նշանակալից հետք է թողել խորհրդահայ գրականության և հրապարակախոսության մեջ»,- նշեց Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ Դավիթ Պետրոսյանը և հավելեց, որ անվանի գրողի ընտանիքի անդամների հետ բարեկամական կապն ու ակտիվ համագործակցությունը տարիների պատմություն ունեն, որոնց արդյունքում ֆակուլտետն ունի Քալանթարյանի անվան լսարան, իսկ լավագույն ուսանողները նաև նրա անվան կրթաթոշակ են ստանում:
Հնչեցին 12 զեկուցումներ: Հանձնաժողովը, որի կազմում էին ներառված նաև Քալանթարյանի զավակները, առաջին երեք լավագույն զեկուցումների համար նախատեսել էին 200.000-ական դրամ: Սահմանվել էր նաև 6 խրախուսական մրցանակ՝ Ա. Քալանթարյանի ժողովածուները ներառած «Kindle»-ներ:
«Շնորհակալ եմ բոլորի համագործակցության համար: Իսկապես չէի սպասում, որ նմանօրինակ բարձր մակարդակի զեկուցումներ կհնչեն: Ժուռնալիստիկայի ֆակուլտետը բավականին լավ կադրեր է պատրաստում, ուստի բոլորին մաղթում եմ ստեղծագործական վերելքներ»,- ամփոփեց Արտաշես Քալանթարյանի որդին՝ Ալեքսանդր Քալանթարյանը:
Վարդուհի Զաքարյան