- Main
- Node
- ԱՊԱԳԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆՆ Է. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
September 28, 2021 | 21:39
Հասարակություն
ԱՊԱԳԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆՆ Է. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել «Կիրառական գիտելիքներ և հմտություններ զարգացման հոգեբանության բնագավառում» թեմայով դասախոսություն, որը վարում էր ԱՄՆ-ից ժամանած լիցենզավորված կլինիկական հոգեբան, Բրաունի համալսարանի դոկտոր Անահիտ Ազարյանը:
Դասախոսությանը, որը կազմակերպել էր ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնը, ներկա էին ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը, ամբիոնի դասախոսներ, հյուրեր, ուսանողներ:
Ողջունելով ներկաներին՝ Հրանտ Ավանեսյանը հյուրերին ներկայացրեց Անահիտ Ազարյանին՝ նշելով, որ նա իր մասնագիտական կյանքի ընթացքում առիթ է ունեցել առերեսվելու բազմաթիվ ճգնաժամերի հետ և կարողացել է մասնագիտական օգնություն ցուցաբերել խոցելի խմբերին:
Դասախոսության ընթացքում Անահիտ Ազարյանը փաստեց, որ այժմ հոգեբանությունն ամենանորաձև մասնագիտություններից մեկն է դարձել, և մարդիկ ապագան հոգեբանության զարգացման հետ են կապում:
«Հարկ է նշել, որ այժմ ամբողջ աշխարհում գնալով ավելի մեծ հեղինակություն է ձեռք բերում հոգեբանի մասնագիտությունը, և բոլոր առաջադեմ համալսարանները մեծ տեղ և նշանակություն են տալիս հոգեբանական հետազոտություններին»,- փաստեց բանախոսը:
Նրա խոսքով, այս պահին շատ արդիական հարց է, թե, ի վերջո, ինչով են միմյանցից տարբերվում հոգեբանն ու հոգեբույժը:
«Երբ մարդը հայտնվում է սթրեսային իրավիճակում, սկզբնական փուլում հոգեբանի օգնությամբ կարող է հաղթահարել խնդիրը, բայց երբ արդեն ամեն ինչ բարդանում է՝ խանգարվում են քունն ու ախորժակը, այդ դեպքում կարող է դիմել հոգեբույժի օգնությանը, որն իրավունք ունի նաև համապատասխան դեղեր նշանակելու»,- բացատրեց Անահիտ Ազարյանը:
Նա պատմեց, որ ԱՄՆ-ում ընդունված պրակտիկա է, երբ հոգեբանն ու հոբեբույժը համատեղ ջանքերով փորձում են այցելուին օգտակար լինել:
Բանախոսն անդրադարձավ նաև արտակարգ իրավիճակներում անձի հոգեբանության դրսևորած 4 փուլերին՝ հերքում, բարկություն, տխրություն, ընդունում:
«Դժվար է ասել, թե այս փուլերից յուրաքանչյուրն ինչքան է տևում, բայց մի բան հստակ է՝ դրանք հնարավոր չէ շրջանցել և միանգամից հայտնվել «ընդունում» փուլում»,- ասաց հոգեբանը:
Վերջում ներկաները հնարավորություն ունեցան հարցեր տալու և սպառիչ պատասխաններ ստանալու:
Անի Պողոսյան