- Main
- Node
- «ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ». ԵՌՕՐՅԱ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՀ ԱՍՊԻՐԱՆՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ
October 15, 2021 | 14:45
Հասարակություն
«ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ». ԵՌՕՐՅԱ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՀ ԱՍՊԻՐԱՆՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ
Ծաղկաձորում մեկնարկել և ընթանում է «Erasmus+» կարողությունների զարգացման ծրագրի «Armdoct» նախագծի շրջանակում կազմակերպված եռօրյա աշխատաժողովը՝ «Դոկտորական կրթության կարգավորման շրջանակը» խորագրով։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (Armdoct) նախագիծը նպատակ ունի բարեփոխելու ՀՀ ասպիրանտական կրթական ծրագրերը՝ դրանք համապատասխանեցնելով Զալցբուրգյան սկզբունքներին, ինչը ենթադրում է ռազմավարության, իրավական դաշտի, ինստիտուցիոնալ ընթացակարգերի փոփոխություններ:
Նախագծի շրջանակում իրականացվող աշխատաժողովին մասնակցում են ԵՄ անդամ երկրների (Պորտուգալիա, Իտալիա, Ֆրանսիա, Լիտվա) չորս և Հայաստանի ութ բուհերի, ինչպես նաև Հայաստանի գիտահետազոտական երկու ինստիտուտների ներկայացուցիչներ:
Աշխատաժողովի մեկնարկին բացման խոսքով հանդես է եկել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը՝ նշելով, որ քննարկումները հնարավորություն կտան արձանագրելու ոլորտի առկա իրավիճակն ու խնդիրները, նախանշելու դրանց հնարավոր լուծումները։
Եռօրյա աշխատաժողովի շրջանակում իրականացվում են թեմատիկ քննարկումներ և խմբային աշխատանքներ, որոնց ընթացքում մասնակիցները ներկայացնում են դոկտորական կրթության բարեփոխման առաջարկներ և հայեցակարգային լուծումներ: Եվրոպական երկրների բուհերի ներկայացուցիչներն էլ կիսվում են իրենց փորձով ու մատնանշում խնդիրները, որոնց հնարավոր է բախվել բարեփոխումներ իրականացնելիս:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ գիտական քաղաքականության վարչության պետ Երանուհի Մանուկյանն ասաց, որ ծրագրի մասնակիցներն ու հրավիրյալ կազմակերպությունների և բուհերի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աշխատաժողովի ընթացքում հանդես գալու կառուցողական գաղափարներով, քննարկելու դոկտորական կրթության բարեփոխմանը միտված հայեցակարգի բացթողումները։
Քնար Միսակյան