- Main
- Node
- ԵՊՀ ԳԵՆԵՏԻԿՆԵՐԸ ՄՇԱԿԵԼՈՒ ԵՆ COVID-19 ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՆՈՐ, ԶԳԱՅՈՒՆ ԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ՄԱՐԿԵՐՆԵՐ
October 19, 2021 | 14:38
Գիտություն
ԵՊՀ ԳԵՆԵՏԻԿՆԵՐԸ ՄՇԱԿԵԼՈՒ ԵՆ COVID-19 ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՆՈՐ, ԶԳԱՅՈՒՆ ԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ՄԱՐԿԵՐՆԵՐ
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել ««SARS‐CoV‐2»‐ի հետ ասոցացված գենոմային անկայունության նոր գենետիկական մարկերների ու դրա կարգավորման մոտեցումների մշակում» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնը:
Նշենք, որ գիտական թեման երաշխավորվել է ֆինանսավորման Գիտության կոմիտեի կողմից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում «Առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության» մրցույթի արդյունքում:
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ, վերոնշյալ գիտական ծրագրի ղեկավար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Ռուբեն Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ յուրաքանչյուր օր COVID-19 հիվանդության հետազոտությունների վերաբերյալ տվյալներն ավելանում են, որոնք գլխավորապես ուղղված են վիրուսային ՌՆԹ-ի մուտացիաների բացահայտմանը և դրա բջիջ ներթափանցման ու իմունային պատասխանի մեխանիզմների ուսումնասիրմանը:
«Գենետիկական վնասվածքների ու բջջային պատասխանի կապը COVID-19-ի պաթոգենեզի, ինչպես նաև հիվանդության ընթացքում հակաօքսիդանտներով դրանց կարգավորման մեխանիզմները գրեթե չեն ուսումնասիրվել։ Ուստի անհրաժեշտ է գնահատել մոլեկուլային և բջջային մարկերների ներդրումը COVID-19 հիվանդության զարգացման մեջ»,- հավելեց նա։
Ռուբեն Հարությունյանն ընդգծեց, որ նախագծի հիմնական նպատակն է վերլուծել COVID-19-ի գենոմային անկայունության գենետիկական մարկերները և հակաօքսիդանտների ունակությունը՝ ճնշելու վիրուսի՝ բջիջ ներթափանցելն ու գենաթունայնությունը։
Գիտական ծրագրի խմբում ընդգրկված են չորս երիտասարդ գիտաշխատող, Գենետիկայի և բջջաբանության ամբիոնի մեկ մագիստրոս և ասպիրանտ:
Ծրագրի գերմանացի գործընկերը Եվրոպայի խոշորագույն բջջագենետիկ, ԵՊՀ-ի պատվավոր դոկտոր Թոմաս Լիրն է:
«Նա 750 գիտական հոդվածի և 12 գրքի հեղինակ ու խմբագիր է: Թոմաս Լիրի հետ ունենք մոտ 120 համատեղ գիտական աշխատանք։ Վերջերս մեր գործընկերոջ կողմից իրականացվել են ֆլյուորեսցենտ մանրադիտակով «SARS-CoV-2» վիրուսի մոլեկուլային-բջջագենետիկական նույնականացման առաջին հետազոտությունները»,- պատմեց ամբիոնի վարիչը։
Գիտական ծրագրի ղեկավարի տեղակալ, դոցենտ Տիգրան Հարությունյանը նշեց, որ գիտական ծրագրի շրջանակում նախատեսում են մշակել COVID-19 հիվանդության ընթացքը կանխորոշող նոր գենետիկական մարկերներ և գնահատել հակամուտագենների կիրառման հնարավորությունները՝ հիվանդության ծանրության աստիճանը նվազեցնելու նպատակով. «Միևնույն ժամանակ ստեղծվելու են նախադրյալներ մարդու բջիջներում «SARS-CoV-2» վիրուսի մոլեկուլային-բջջագենետիկական ախտորոշման համար, ինչը ներկայումս ակտիվ զարգացող ուղղություններից մեկն է»: