- Main
- Node
- ԳՈՒՐԳԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ԵՊՀ «ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆՈՎ». ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
November 11, 2021 | 17:11
Հասարակություն
ԳՈՒՐԳԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ԵՊՀ «ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆՈՎ». ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Օրակարգային 7 և ընթացիկ հարցերով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտխորհրդի առցանց նիստ, որի ընթացքում գիտխորհուրդը միաձայն որոշել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանին պարգևատրել ԵՊՀ «Պատվո շքանշանով»:
Նիստի մեկնարկին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը, գիտխորհրդի հաստատմանը ներկայացնելով առաջարկվող օրակարգը, նշեց, որ նիստն անցկացվում է առցանց՝ պայմանավորված համաճարակային իրադրությամբ:
Քվեարկությամբ հաստատված օրակարգի առաջին հարցով ԵՊՀ գիտխորհրդի մրցութային հանձնաժողովի նախագահ Պողոս Վարդևանյանը գիտական խորհրդի հաստատմանը ներկայացրեց պրոֆեսորի գիտական կոչման շնորհման հայցերը՝ փաստելով, որ հանձնաժողովը ստացել և քննել է 1 հայց:
Նրա խոսքով, ներկայացված բոլոր փաստաթղթերը համապատասխանել են պահանջվող չափորոշիչներին և երաշխավորվել են հանձնաժողովի կողմից: Գիտխորհրդի անդամները քվեարկությամբ հաստատեցին գիտական կոչում շնորհելու հայցը:
Անցնելով օրակարգային երկրորդ հարցին՝ ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրեց ԵՊՀ-ում բիզնես ինկուբատոր ստեղծելու վերաբերյալ Հոգաբարձուների խորհրդին առաջարկություն ներկայացնելու նախագիծը, որը նախապես ուղարկվել էր գիտխորհրդի անդամներին:
Նրա խոսքով, բիզնես ինկուբատորի գործունեության հիմնական նպատակն է լինելու ապահովել համալսարանական միջավայրում ծնվող գաղափարների գեներացումը և ակսելերացիան, նպաստել դրանց վերաճմանը գիտակրթական, արդյունաբերական, տեխնոլոգիական արտադրանքի, ինչպես նաև օժանդակել նորարարական գաղափարների հավաքագրմանն ու զարգացմանը և ինկուբացիոն գործիքակազմի կիրառմամբ դրանք փոխանցել գործարար միջավայրին։
Հ. Հովհաննիսյանը փաստեց, որ բիզնես ինկուբատորի ստեղծման նախագիծը կազմելու համար ուսումնասիրվել է համալսարանական բիզնես ինկուբատորների միջազգային հաջողված փորձը, ինչպես նաև վերլուծվել ՀՀ-ում գործող բիզնես ինկուբատորների գործունեությունը, ու առանձնացվել խնդիրները:
ԵՊՀ գիտխորհուրդն առցանց քվեարկության միջոցով որոշեց ԵՊՀ-ում բիզնես ինկուբատոր ստեղծելու վերաբերյալ Հոգաբարձուների խորհրդին ներկայացնել առաջարկություն:
Օրակարգային հաջորդ հարցի շրջանակում Հովհաննես Հովհաննիսյանը գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանին ԵՊՀ «Պատվո շքանշանով» պարգևատրելու առաջարկը՝ փաստելով, որ Գուրգեն Մելիքյանը ԵՊՀ լեգենդ է, որի վաստակի մասին վկայում են արված գործերը:
Հ. Հովհաննիսյանը նշեց, որ «Գուրգեն Մելիքյանի» Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամի և հենց Գուրգեն Մելիքյանի ջանքերի շնորհիվ բարեգործական բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել Հայաստանում և Արցախում, հազարավոր ուսանողներ ստացել են կրթաթոշակներ, հրատարակվել են բազում գրքեր, ու իրականացվել այլ գործեր:
«Գուրգեն Մելիքյանը լեգենդ է, և մեզ համար պատիվ է նրա հետ աշխատելը»,- ասաց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը: Գիտական խորհուրդը միաձայն որոշեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանին պարգևատրել ԵՊՀ «Պատվո շքանշանով»:
«Հուզված եմ և ուրախ: Երջանիկ եմ, որ արդեն 63 տարի համալսարանում եմ»,-
ասաց Գուրգեն Մելիքյանը և շնորհակալություն հայտնեց համալսարանին ու գործընկերներին գնահատանքի համար:
Այնուհետև Բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը հաղորդեց 2021-2022 ուստարվա բակալավրիատի և մագիստրատուրայի ընդունելության արդյունքների մասին: Նա նշեց, որ 2021 թ. բուհ է ընդունվել 9089 ուսանող, որից 2615-ը՝ ԵՊՀ, իսկ 192-ը՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ:
Նրա խոսքով, 2021-2022 ուստարում ԵՊՀ հեռակա ուսուցմամբ բակալավրիատ է ընդունվել 283 ուսանող, առկա ուսուցմամբ մագիստրատուրա՝ 825, իսկ հեռակա՝ 145 ուսանող: Ընդհանուր առմամբ, ԵՊՀ է ընդունվել 3868 ուսանող:
Հաջորդիվ Ռաֆայել Բարխուդարյանը հաղորդեց դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ 2020-2021 ուստարվա ուսանողական հարցումների արդյունքները, որոնցով ուսանողները գնահատել են ֆակուլտետների գործունեությունը, առցանց կրթության կազմակերպման, դեկանատների աշխատանքները և պատասխանել մի շարք հարցերի:
Ծավալված քննարկումից հետո անցում կատարվեց օրակարգային հաջորդ հարցին, որի ընթացքում ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը գիտխորհրդի անդամներին զեկուցեց 2020-2021 ուստարվա արդյունքներով ԵՊՀ ուսանողների փոխատեղման (ռոտացիա) մասին: Նա ներկայացրեց 2021-2022 ուստարվա ուսանողական նպաստների հատկացման, փոխատեղման հետևանքով առաջացած թափուր տեղերի, փոխատեղման արդյունքում շեմային ՄՈԳ-ի արդյունքները և միջին ՄՈԳ-ը՝ ըստ ֆակուլտետների:
Հաջորդիվ ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանը ներկայացրեց կառույցի 2020-2021 ուստարվա գործունեությունը՝ փաստելով, որ հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 585 միջոցառում, այդ թվում՝ միջազգային 7-րդ գիտական նստաշրջանը՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին:
Օրակարգային հարցերի սպառումից հետո ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց «Հայոց լեզու և խոսքի մշակույթ. ձեռնարկ բուհերի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետների համար» աշխատանքը (հեղ.՝ Յու. Ավետիսյան, Գ. Ներսիսյան, Շ. Գևորգյան, Ս. Գաբրիելյան) երաշխավորելու և որպես բուհական դասագիրք հաստատելու հարցը, որը հաստատվեց:
Ընթացիկ հարցերի շրջանակում ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը հաղորդեց պիլոտային ծրագրի մասին, ինչը ենթադրում է միջմասնագիտական մագիստրոսական թեզերի ներդրում և կատարում, որի նպատակն է հասնել միջգիտակարգային հետազոտությունների իրականացմանը:
Նիստի ավարտին Հովհաննես Հովհաննիսյանը տեղեկություններ հաղորդեց նաև «COVID-19»-ի դեմ իրականացվող պատվաստումների վիճակագրության վերաբերյալ՝ փաստելով, որ ԵՊՀ անձնակազմի ավելի քան 65 %-ն արդեն պատվաստվել է: