- Main
- Node
- ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
November 23, 2021 | 15:26
Հասարակություն
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի և ՈՒԳԸ-ի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել է «Բնօգտագործման և շրջակա միջավայրի պահպանության իրավական հիմնախնդիրները միջազգային և ներպետական համատեքստում» խորագրով երկօրյա աշխատաժողով:
ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Օլիմպիա Գեղամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ միջոցառման նպատակն է ուսանողների ուշադրությունը հրավիրել արդիական և հետաքրքիր թեմաների վրա, որոնք կարևոր են շրջակա միջավայրի ու մարդկանց կյանքի և առողջության համար:
«Մեր նպատակն է ստեղծել հնարավորություն, որ ուսանողներն իրենց ուսումնասիրությունների, հետազոտությունների, վերլուծությունների հիման վրա փորձեն ներկայացնել նաև սեփական առաջարկությունները: Սա շատ կարևոր է, քանի որ միջազգային բազմաթիվ կոնվենցիաներով ընդգծվում են երիտասարդների դերը և նրանց ներգրավվածությունն ամենատարբեր գործընթացներում»,- նշեց Օլիմպիա Գեղամյանը:
Նրա խոսքով, ներկայումս թե՛ Հայաստանում, թե՛ առհասարակ աշխարհում առկա է համընդհանուր էկոլոգիական լուրջ ճգնաժամ. «Հայաստանում Սևանա լճի մակարդակի, ջրօգտագործման, մթնոլորտային օդի արտանետումների, թափոնների կառավարման, ընդերքօգտագործման, շրջակա բնական միջավայրի բոլոր ռեսուրսների օգտագործման ու պահպանության բնագավառներում առկա են լուրջ հիմնախնդիրներ, որոնք կապված են թե՛ օրենսդրական բացի, թե՛ հասարակության վարքագծի հետ»:
«Այս ամենը հաշվի առնելով՝ մեծ ոգևորություն ենք ապրում, որ ուսանողները հետաքրքրվում են, պատշաճ ներկայանում: Այս միջոցառումը ևս մի օղակ է՝ կապելու ուսանողներին շրջակա միջավայրի հիմնախնդիրների, իրենց մասնագիտության, հասարակության և պետության հետ»,- ասաց Օլիմպիա Գեղամյանը:
Նա նաև նշեց, որ այսօրվա միջոցառումը նվիրվում է Էկոլոգիական իրավունքի, օրենսդրության, պետության էկոլոգիական գործառույթի ձևավորման ու իրականացման մեջ մեծ ներդրում ունեցող, գիտաուսումնական կենտրոնի հիմնադիր և երկարամյա ղեկավար Աիդա Իսկոյանի հիշատակին, որը վերջերս հրաժեշտ է տվել կյանքին:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Նունե Պողոսյանն էլ փաստեց, որ համընդհանուր էկոլոգիական ճգնաժամի պայմաններում աշխատաժողովն ուսանողների համար լրացուցիչ հնարավորություն է՝ իրականացնելու ուսումնասիրություններ ոլորտի արդի հարցերի շուրջ և հանդես գալու զեկուցումներով:
Աշխատաժողովին ներկա էին Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ ու «Գիտական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագիր Ավետիք Հարությունյանը, Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի աշխատակիցներ, ուսանողներ:
Մեզ հետ զրույցում Գագիկ Ղազինյանն ասաց, որ աշխատաժողովին քննարկվող թեմաները շատ արդիական են, և հույս հայտնեց, որ գիտաուսումնական կենտրոնի և ուսանողների համագործակցությունն ավելի կամրապնդվի, իսկ նման միջոցառումների կազմակերպումն ավելի հաճախակի կդառնա:
Երկօրյա աշխատաժողովի առաջին օրը հնչեցին հինգ զեկուցումներ, որոնք ներկայացրին ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներ: Զեկուցումները վերաբերում էին էկոլոգիական ապահովագրության իրավական հիմնախնդիրներին, էկոլոգիական որոշումների կայացմանը հասարակության մասնակցության իրավունքի բովանդակությանը, էկոլոգիական միգրանտներ հասկացությանը, կարգավիճակին ու միջազգային-իրավական գնահատականին և այլն:
Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Նունե Պողոսյանը փաստեց, որ վաղը՝ միջոցառման երկրորդ օրը, հնչելու են ևս 12 զեկուցումներ՝ նվիրված էկոլոգիական իրավական տարբեր հիմնախնդիրներին:
Քնար Միսակյան