- Main
- Node
- Մեղվի մայրակաթը՝ շրջապատող միջավայրի անբարենպաստ գործոններից կենդանի օրգանիզմների պաշտպանության միջոց
March 06, 2025 | 16:30
Հետազոտություն
Միջազգային համագործակցություն
Մրցույթներ
Մեղվի մայրակաթը՝ շրջապատող միջավայրի անբարենպաստ գործոններից կենդանի օրգանիզմների պաշտպանության միջոց
ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միջավայրի բացասական ազդեցությանը ենթարկված, օրինակ, ճառագայթված խմորասնկերի բնականոն աճի վրա մեղվի մայրակաթն ունի դրական ազդեցություն: Ամբիոնի դոցենտ Սեդա Մարությանն ընդգծում է՝ պարզելով, թե ինչպես է ազդում մեղվի մայրակաթը ճառագայթված խմորասնկերի վրա, հնարավոր կլինի առաջարկել մեղվի մայրակաթի հստակ չափաբաժին կամ այդ հիմքով պատրաստված դեղամիջոց նաև ճառագայթահարված մարդկանց, կենդանիների բուժման համար:

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Սեդա Մարությանի հեղինակած «Մեղվի մայրակաթը՝ որպես սթրեսին հակազդելու բնական միջոց. նյութափոխանակության փոփոխությունները և սթրեսային սպիտակուցների իդենտիֆիկացիան խմորասնկերում» վերտառությամբ գիտական նախագիծը երաշխավորվել է ֆինանսավորման ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր-2025» մրցույթի արդյունքում:

-Տիկի՛ն Մարության, բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, որ մեղվի մայրակաթը օրգանիզմն ամրապնդող լավագույն միջոցներից է: Ձեր ուսումնասիրության շրջանակում ի՞նչ նոր բացահայտումներ եք կատարելու:
-Մեր ծրագրի հիմնական նպատակն է օգտագործել մեղվի մայրակաթը շրջապատող միջավայրի անբարենպաստ գործոններից կենդանի օրգանիզմների պաշտպանության համար: Մեղվի մայրակաթը հայտնի է իր հակաբորբոքային, վերքամոքիչ, իմունախթանիչ, հակաքաղցկեղային և այլ բուժական հատկություններով: Այն վաղուց ի վեր օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ: Նրա հիմքով ստեղծվել են բազմաթիվ դեղամիջոցներ, սակայն միջավայրի բացասական գործոններից կենդանի օրգանիզմների պաշտպանության գործընթացներին մեղվի մայրակաթի մասնակցության մոլեկուլային մեխանիզմները դեռևս պարզաբանված չեն: Մենք նախատեսում ենք խորացնել մեր ուսումնասիրությունները՝ ՈՒՄ-ճառագայթահարման, միլիմետրական ալիքների ազդեցության, ինչպես նաև ջերմաշոկի ենթարկված խմորասնկային բջիջներում նյութափոխանակային փոփոխությունների ուսումնասիրման ուղղությամբ, որոնք այս պարագայում դիտարկվում են որպես մոդելային օրգանիզմներ բարձրակարգ էուկարիոտների, այդ թվում՝ մարդկանց համար:
-Ձեր ուսումնասիրության արդյունքները ո՞ր խնդիրները կպարզաբանեն:
-Մեր հետազոտությունների արդյունքները թույլ կտան պարզաբանել խմորասնկերի բարձր ռադիոկայունության և ջերմակայունության մոլեկուլային հիմքերը, պարզել այն բջջային մեխանիզմները, որոնք թույլ են տալիս խմորասնկերին դիմակայելու անբարենպաստ պայմաններին: Այդ մեխանիզմների իմացության հիման վրա փորձելու ենք մշակել և կիրառել միջավայրի տարբեր անբարենպաստ գործոնների ազդեցությունից կենդանի օրգանիզմների պաշտպանության միջոցներ: Ներկայումս մենք ընդլայնում ենք մեր հետազոտությունները՝ օգտագործելով խմորասնկերի երկու նոր շտամներ, որոնք մեզ հետաքրքրում են նաև կենսատեխնոլոգիական տեսակետից: Իրականացվելու են բոլոր խմորասնկերի նյութափոխանակային, մասնավորապես՝ էներգիական փոխանակության փոփոխությունների ուսումնասիրում, շարունակվելու են նաև խմորասնկերում սթրեսային գործոնի ազդեցությամբ նոր սինթեզված սպիտակուցների անջատման և նույնականացման աշխատանքները: Ծրագիրն ունի արտասահմանյան գործընկեր՝ Դիժոն քաղաքի Բուրգունդիայի համալսարանի առաջատար գիտաշխատող Ստեֆան Գույոն: Նախատեսվում են փոխադարձ այցելություններ, որոնց ընթացքում մեր երիտասարդ կատարողները հնարավորություն կունենան այցելելու Ֆրանսիա, տեղում իրականացնելու համապատասխան աշխատանքներ, կտիրապետեն նոր մեթոդների, որոնք հետագայում կօգտագործվեն մեր հետազոտություններում:
-Ե՞րբ եք սկսել այս թեմայով ուսումնասիրությունները, փաստարկված ի՞նչ տվյալներ կան, որոնք ենթակա են հրապարակման, կամ արդեն իսկ հրապարակել եք:

-Հետազոտությունները սկսվել են տարիներ առաջ, սակայն այս թեմայով սկսեցինք լրջորեն զբաղվել 2021 թվականից, երբ ստացանք ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի սահմանած թեմատիկ ֆինանսավորման դրամաշնորհ: Ներկա ծրագիրը, ըստ էության, նախորդի շարունակությունն է: Մեզ հաջողվել է ցույց տալ, որ մեղվի մայրակաթը խթանում է խմորասնկերի դիմադրողականությունն այնպիսի գործոնների նկատմամբ, ինչպիսինն են ռենտգենյան, ՈՒՄ-ճառագայթումները, միլիմետրական ալիքները, մասամբ նաև ազոտային քաղցը: Ցույց ենք տվել, որ մեղվի մայրակաթը խթանում է խմորասնկերի աճը, բազմացումը, ճառագայթահարմանը ի պատասխան՝ նպաստում է բջիջներում առաջացող օքսիդային սթրեսի նվազեցմանը: Մեղվի մայրակաթի ազդեցությամբ ուժեղանում է էներգիայի արտադրությունը, հատկապես հետճառագայթային աճի ժամանակ, այսինքն՝ վերականգնվող բջիջներում: Միևնույն ժամանակ ճառագայթահարված և վերականգնվող խմորասնկերում սկսում են սինթեզվել նոր սպիտակուցներ՝ սթրեսային կամ ջերմաշոկային սպիտակուցներ: Խմորասնկերի վրա սթրեսային գործոնների ազդեցության վերաբերյալ արդեն ունենք միջազգային ամսագրերում տպագրված 10 գիտական հոդված, իսկ մեղվի մայրակաթի ուսումնասիրության վերաբերյալ նախորդ ծրագրի շրջանակում տպագրել ենք 2 գիտական հոդված ազդեցության բարձր գործակից ունեցող Q1 և Q2 ամսագրերում, մասնակցել ենք միջազգային գիտական կոնֆերանսների և ներկայացրել 10 գիտական զեկուցումներ՝ բանավոր կամ պոստեր ձևաչափով: Այժմ ամփոփվում են վերջին տարվա ընթացքում ստացված տվյալները, որոնց հիման վրա նախատեսում ենք տպագրության ներկայացնել ևս 3 գիտական հոդված:
-Ովքե՞ր են ներգրավված գիտական խմբում:
-Գիտական խմբի անդամները հիմնականում երիտասարդներ են: Խմբի ղեկավարը ես եմ: Խմբում ընդգրկված են նաև կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլագիայի ամբիոնի դոցենտ, կ.գ.թ. Հասմիկ Կարապետյանը, Հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Սյուզան Մարությանը, մեր ամբիոնի նախորդ տարվա շրջանավարտ, ամբիոնի ավագ լաբորանտ Աննա Մուրադյանը, «Ընդհանուր և բժշկական կենսաքիմիա» մագիստրոսական ծրագրի երկրորդ կուրսի ուսանող Մերի Հայրապետյանը: