- Main
- Node
- Միջազգային համագործակցությունը՝ ԵՊՀ զարգացման ուղենիշ
March 07, 2025 | 11:48
Գիտություն
Միջազգային համագործակցություն
Քաղաքականություն
Միջազգային համագործակցությունը՝ ԵՊՀ զարգացման ուղենիշ
Առաջընթաց, գործակցային նոր կապեր, շարժունակության ծրագրեր, միջազգայնացում, կայուն զարգացում․ այս ամենը սերտ կապ ունի այն գործունեության հետ, որ իրականացնում է ԵՊՀ միջազգային համագործակցության վարչությունը՝ ստեղծելով տարաբնույթ հնարավորություններ ԵՊՀ ուսանողների և դասախոսների համար։ Վարչությունը աջակցում է համալսարանականներին գիտակրթական համաշխարհային գործընթացներին մասնակցելու հարցում՝ դրանով իսկ նպաստելով համալսարանի վարկանիշի բարձրացմանը միջազգային ասպարեզում։ Ռազմավարական նոր ծրագրով սահմանված նպատակների, վարչության գործունեության, համագործակցության նոր հնարավորությունների մասին զրուցել ենք ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովի հետ։

ԵՊՀ միջազգային համագործակցության վարչությունը վճռական դեր է կատարում գիտական աշխատանքների բարձր որակի ապահովմանը, գործակցային պայմանագրերի կնքմանը և առկա համագործակցության հետագա ընդլայնմանն ուղղված գործընթացների իրականացման և համալսարանի միջազգային ինտեգրման, զարգացման և միջազգայնացման գործում։
ԵՊՀ միջազգայնացման ճանապարհը․ համագործակցություններ և նոր հնարավորություններ
Բարձրացնելով համալսարանի միջազգային վարկանիշը և ստեղծելով համագործակցության նոր հնարավորություններ՝ ԵՊՀ-ն կնքում է միջբուհական միջազգային պայմանագրեր, որոնք հիմք են դառնում դասախոսների և ուսանողների փոխանակման ծրագրերի կազմակերպման, գիտահետազոտական համատեղ աշխատանքների կատարման և կրթական նոր նախաձեռնությունների զարգացման համար։ ԵՊՀ միջազգային համագործակցությունը շարունակաբար ընդլայնվում է, ինչը նպաստում է համալսարանում մասնագիտացված ու բազմամշակութային միջավայրի ձևավորմանը։
Միջազգային համագործակցության վարչության գործունեության շնորհիվ Երևանի պետական համալսարանը գործակցային պայմանագրեր է կնքել շուրջ 50 երկրների ավելի քան 265 համալսարանների և գիտական կենտրոնների հետ։ Վարչությունը շարունակում է արդյունավետորեն համագործակցել աշխարհի մի շարք հայտնի բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ Արիզոնայի պետական (ԱՄՆ), Ռոստոկի, Բեռլինի ազատ, Հումբոլդտի (Գերմանիա), Պոլ Վալերի (Մոնպելիե, Ֆրանսիա), Բոլոնիայի, Կա Ֆոսկարի (Վենետիկ, Իտալիա), Վարշավայի (Լեհաստան) համալսարանների հետ։
ԵՊՀ դասախոսների և ուսանողների փոխանակման ծրագրերի կազմակերպումը, գիտական և ուսումնական համատեղ միջոցառումներ
Ալեքսանդր Մարգարովի խոսքով՝ ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության աշխատանքը հիմնված է մի քանի կարևոր ուղղությունների վրա։ Ռազմավարական նոր ծրագրով սահմանված են այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են որակյալ կրթությունը, նորարարությունները և գիտական համագործակցությունները, որոնք անբաժանելիորեն կապված են ԵՊՀ միջազգայնացման հետ:

«Առաջնային նշանակություն ունեցող ուղղություններն են փոխանակման ծրագրերը և միջազգային համագործակցության պայմանագրերի կնքումը, որոնք հնարավորություն են տալիս ԵՊՀ-ին ամրապնդելու դիրքերը միջազգային հարթակներում: Մենք փորձում ենք ընդլայնել մեր գործընկերների շրջանակը և աշխատում ենք, որ հաստատված համագործակցությունը լինի իմաստավորված։ Այսօր ունենք շատ առավել հստակ մոտեցում՝ ոչ միայն կնքել նոր պայմանագիր, այլև դրան կից ունենալ համարժեք առաջնահերթություններից բխող գործողությունների ծրագիր, որը մշակվում է համալսարանական տվյալ ստորաբաժանման հետ համատեղ։ Մեզ համար առաջնային է, որ այդ ծրագիրը դառնա մի փաստաթուղթ, որը ցույց կտա համագործակցության ուղղությունը, կսահմանի հստակ նպատակներ ու գործողություններ, որոնք պետք է իրագործվեն՝ ապահովելու արդյունավետ ու նպատակաուղղված համագործակցություն»,- ասաց վարչության պետը՝ մատնանշելով վերջերս Գրանադայի համալսարանի հետ կնքած պայմանագիրը, որը ոչ միայն ուսանողների, դասախոսների փոխանակման նոր ծրագիր է ենթադրում, այլև ներառում է համագործակցություն Ռոմանական բանասիրության ամբիոնի հետ, որտեղ մշակվում են համատեղ գործողություններ ու հետազոտական ծրագրեր։
Պայմանագրերի կնքման կարևորությունը
«Վերջերս կնքվել է համագործակցության պայմանագիր Հոկայդոյի համալսարանի եվրասիական հետազոտական կենտրոնի հետ։ Պայմանագրի շրջանակում համագործակցում ենք հատուկ ձևով՝ առանձնացնելով այն հիմնական ուղղությունները, որտեղ կարելի է համատեղ կատարել հետազոտական աշխատանքներ։ Ի դեպ, գործընկերներին ընդգրկում ենք մեր ամսագրերի խմբագրական խորհրդի կազմում, ինչպես նաև նախատեսում ենք առցանց դասախոսություններ, որոնք համատեղ հետաքրքրություն կներկայացնեն կողմերի համար։ Այս տեսանկյունից կարելի է ասել, որ պայմանագիրը ծառայում է նպատակին, երբ ունի կոնկրետ իրականացնողներ, գործողությունների հստակ ծրագիր և մշակված հետագա քայլեր»,- ընդգծեց Ա․ Մարգարովը։
Կրթական փորձը, ուսանողների և դասախոսների միջազգային փոխանակման ծրագրերը, ինչպես նաև գիտական ամուր կապերը հիմք են դառնում համալսարանի համար՝ ընդունելու օտարերկրյա ուսանողներին և ապահովելու նրանց համար արդյունավետ ուսումնական ու սոցիալական միջավայր։ Օտարերկրյա ուսանողները գալիս են ԵՊՀ՝ ստանալու բարձրորակ կրթություն և մասնակցելու միջազգային մակարդակի գիտական ծրագրերի։ Առկա բազմամշակույթ միջավայրը և նորարարական ուսումնական մոտեցումները ԵՊՀ-ն դարձնում են գրավիչ ու վստահելի կրթական հաստատություն հատկապես նրա՛նց համար։
Ստորև ներկայացված աղյուսակում նկարագրված է 2022/23, 2023/24, 2024/25 թթ․ օտարերկրյա սովորողների համակազմը․

Այս ծրագրերը նպատակ ունեն խթանելու ԵՊՀ միջազգային նոր կապերի հաստատումը, ընդլայնելու ուսանողների ու աշխատակիցների միջազգային փորձը և ամրապնդելու համալսարանի դիրքը միջազգային հարթակում։ Արտասահմանյան գործուղումների, դասախոսների և ուսանողների շարժունության միջոցով կրթական ծրագրերի, գիտական հետազոտությունների և համաժողովների շրջանակում ստեղծվում են նոր հնարավորություններ, որոնց շնորհիվ ԵՊՀ ներկայացուցիչները հնարավորություն ունեն ներկայացնելու համալսարանը և ձեռք բերելու նոր գիտելիքներ ու փորձ։
Այս աղյուսակում ներկայացված է 2021/22, 2022/23, 2023/24 թթ․ արտասահման գործուղված համալսարանականների ընդհանուր թիվը․

«Էրազմուս+» ծրագրի շրջանակում կնքվել են բազմաթիվ պայմանագրեր եվրոպական մի շարք համալսարանների հետ՝ ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի շարժունությունը խթանելու նպատակով: Այժմ ԵՊՀ ուսանողները և դասախոսական ու վարչական կազմի ներկայացուցիչները հնարավորություն ունեն մասնակցելու փոխանակման ծրագրերի «Էրազմուս+» ծրագրի շրջանակում առկա համագործակցության համաձայնագրերի հիման վրա:
Նշենք նաև, որ ներկայում ԵՊՀ-ն իրականացնում է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Էրազմուս+» ութ նախագծեր և համակարգում է դրանցից երկուսը՝
1․ «Հայաստանում ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) ստեղծում» (KPI4HE) նախագիծը,
2․ «Սոցիալական հեռավորություն պահպանող և ներառական կամպուսային կրթության խթանումը Հայաստանի բուհերում. ԷլԿԱՄՊՈՒՍ» նախագիծը։
Ինչ վերաբերում է կրկնակի դիպլոմ տրամադրող ծրագրերին առնչվող աշխատանքներին, ապա վարչությունը նպատակ ունի մշակելու այնպիսի ծրագրեր, որոնք հնարավորություն կտան ուսանողներին ստանալու ոչ միայն ԵՊՀ, այլև գործընկեր բուհերի դիպլոմներ։
«Այս գործընթացը պահանջում է երկարատև համագործակցություն և համապատասխան պայմանագրերի կնքում կոնկրետ բուհերի հետ։ Կրկնակի դիպլոմների ծրագրերի ուղղությամբ տարվող աշխատանքները երկարատև են․ օրինակ՝ եվրոպական բուհերի հետ այս գործընթացը տևում է 2 տարի։ Մենք պատրաստ ենք դրան, քանի որ մեր ռազմավարական ծրագիրը նախատեսում է գործողություններ 5 տարվա կտրվածքով, և մենք ուզում ենք մեծացնել կրկնակի դիպլոմ տրամադրող ծրագրերի քանակը, ինչի արդյունքում մեր ուսանողները կստանան և՛ ԵՊՀ, և՛ մեր գործընկեր բուհի տրամադրած դիպլոմը»,- նշեց Ալեքսանդր Մարգարովը։
Աշխատանքային հաջորդ ուղղությունը, ինչպես նշում է վարչության պետը, վերաբերում է հրավիրյալ պրոֆեսորներին։
«Մեր նպատակն է ապահովել, որ հրավիրյալ դասախոսները ոչ միայն դասախոսություններ կարդան, այլև մասնակցեն ուսումնական ծրագրերի բարելավման աշխատանքներին, ինչը մեծապես կնպաստի կրթության որակի բարձրացմանը»,- կարևորեց նա։
Ալեքսանդր Մարգարովը հավելեց, որ իրականացվող բազմատեսակ ծրագրերից բացի՝ վարչությունը կազմակերպում է նաև ամառային դասընթացներ տարբեր լեզուներով՝ ռուսերեն, պարսկերեն և այլն․ այս տարի դասընթացներ կանցկացվեն նաև հայագիտական ուղղությամբ։ Այս և մյուս այլ ծրագրերի մասին վարչությունն իրազեկման ակտիվ աշխատանքներ է կատարում՝ տարբեր հարթակներով տեղեկացնելով բոլորին առկա հնարավորությունների մասին։
«Համագործակցությունը պետք է դառնա ոչ միայն թիրախային, իմաստավորված, այլև վերահսկվող։ Մենք ձգտում ենք աջակցելու համալսարանի համակողմանի, բազմապարփակ և կայուն կրթական զարգացմանը»,- ասաց Ա․ Մարգարովը։
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության աշխատանքը բազմակողմանի է։ Այն ներառում է ոչ միայն կրթական ու գիտական փոխանակման ծրագրեր, դրամաշնորհներ, այլև բարեփոխումներ, ռազմավարական համագործակցություններ ու հետազոտական համատեղ նախագծեր։ Անհնար է ամբողջովին արտահայտել այն հսկայական բազմաբնույթ գործունեությունը, որն իրականացնում է վարչությունը։ Այն համագործակցությունները, որոնք այսօր էլ ընթացքի մեջ են, ուղղված են համալսարանի կայուն զարգացմանն ու միջազգայնացմանը։