- Main
- Node
- ԵՊՀ-ի և ՀՀ գլխավոր դատախազության միջև կնքվեց հուշագիր՝ ի նպաստ կրթություն-գիտություն-փորձնակություն արդյունավետ համագործակցության
March 21, 2025 | 12:02
Գործընկերներ
Կրթություն
Քաղաքականություն
ԵՊՀ-ի և ՀՀ գլխավոր դատախազության միջև կնքվեց հուշագիր՝ ի նպաստ կրթություն-գիտություն-փորձնակություն արդյունավետ համագործակցության
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և իրավագիտության ֆակուլտետի դեկան Հարություն Խաչիկյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ կարևորելով իրավաբանական կրթության, գիտության և պրակտիկայի արդյունավետ, կառուցողական ու շարունակական համագործակցության մշակույթի զարգացումը։

Երևանի պետական համալսարանի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջև կնքված հուշագիրը նպատակ ունի ամրապնդելու երկու հաստատությունների միջև համագործակցությունը, աջակցելու իրավաբանական կրթության որակի բարելավմանը, ինչպես նաև ապահովելու տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ ունեցող իրավաբան կադրերի պատրաստումը:
Կարևորելով անհրաժեշտ տեսական գիտելիքներով զինված և գործնական հմտություններ ունեցող իրավաբաններ պատրաստելու՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի որդեգրած ուղղությունը, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության սահմանադրական առաքելությունը, դատախազական բացառիկ լիազորությունների կարևորությունը, հանցավորության դեմ պայքարի քաղաքականության և պետական շահերի պաշտպանության ոլորտներում առաջնահերթ դերակատարումը՝ կողմերը կհամագործակցեն մի շարք ուղղություններով։
Նախ՝ նախատեսվում է կազմակերպել ուսանողների մասնագիտական պրակտիկա, որն ուղղված կլինի տեսական գիտելիքները գործնականում կիրառելու կարողությունների զարգացմանը։ Ուսանողների գիտելիքների խորացման նպատակով կանցկացվեն հրավիրյալ դասախոսների, տեսաբանների և գործող իրավաբանների համատեղ դասախոսություններ։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, բարձր գնահատելով ՀՀ գլխավոր դատախազության հետ համագործակցության շարունակականությունը, ընդգծեց, որ այս հուշագրի կնքումը նոր հեռանկարներ կբացի՝ խորացնելով և ամրապնդելով երկու կառույցների միջև գործակցությունը։

«Եռակողմ այս հուշագիրը հնարավորություն կընձեռի մեր ուսանողներին ծանոթանալու ՀՀ գլխավոր դատախազության գործունեությանը, գործառույթներին և ձեռք բերելու գործնական հմտություններ։ Մեզ համար կարևոր է, որ մեր ուսանողները ոչ միայն տեսական գիտելիքներ ստանան, այլև հնարավորություն ունենան դրանք գործնականում կիրառելու։ Համագործակցության շրջանակում ֆակուլտետի լավագույն շրջանավարտները հնարավորություն կունենան համալրելու ՀՀ գլխավոր դատախազության կազմը՝ նպաստելով կարևոր կառույցի շարունակական զարգացմանն ու արդյունավետ աշխատանքին»,– նշեց ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կարևորեց հուշագրի ստորագրումը՝ որպես մայր բուհի հետ առկա համագործակցությունը զարգացնելուն ուղղված կարևոր քայլ: Այս համատեքստում Աննա Վարդապետյանն ընդգծեց 2024 թվականին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի, ՀՀ գլխավոր դատախազության և «Հայ իրավաբանական միություն» կազմակերպության միջև ստորագրված մտադրությունների վերաբերյալ եռակողմ հայտարարության կարևորությունը՝ նշելով, որ Գլխավոր դատախազության վարչական շենքում ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանում՝ իրավաբանական լաբորատորիա հիմնելուն ուղղված աշխատանքներն ակտիվ փուլում են:

«Մենք արդեն իրականացնում ենք ենթակառուցվածքի վերանորոգման աշխատանքները: Տրամադրված ենք ունենալու ներկայանալի, տեխնիկապես հագեցած լաբորատորիա, որտեղ ՀՀ դատախազությունում պրակտիկա անցնող ուսանողները, դատախազների թեկնածուներն ու գործող դատախազները կզարգացնեն ու կարդիականացնեն կիբերհանցավորության և միջազգային դատական ատյաններում մարդու իրավունքների պաշտպանության ուղղություններով իրենց մասնագիտական գիտելիքներն ու պրակտիկ հմտությունները»,- ասաց հանրապետության գլխավոր դատախազը և շնորհակալություն հայտնեց մայր բուհին և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետին նախաձեռնության համար:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Հարություն Խաչիկյանը, արժևորելով համատեղ գործակցությունը և դրա շրջանակում իրականացվելիք ծրագրերը, ասաց. «ԵՊՀ-ի, Իրավագիտության ֆակուլտետի և ՀՀ գլխավոր դատախազության միջև համագործակցությունը մշտապես եղել է բարձր մակարդակի վրա։ Իհարկե, այն ունեցել է տարաբնույթ դրսևորումներ, սակայն այժմ մենք մեկնարկում ենք համատեղ գործունեության նոր կարևոր փուլ, որն առավել արդյունավետ կդարձնի համատեղ աշխատանքն ու կնպաստի ակնկալվող արդյունքների ստացմանը»։
Կողմերը նաև կկազմակերպեն համատեղ գիտաժողովներ, քննարկումներ, դատախաղ-մրցույթներ և այլ միջոցառումներ, որոնք կնպաստեն մասնագիտական փորձի փոխանակմանն ու իրավաբանական ոլորտում նոր մտքեր ներկայացնելուն։
Հուշագրի համաձայն՝ նախատեսվում է իրականացնել նաև գիտահետազոտական համատեղ աշխատանքներ և ծրագրեր, ինչպես նաև գիտագործնական տարբեր պարբերականներում հրապարակել գիտական հոդվածներ, մենագրություններ և գործնական ուղեցույցներ։
Կողմերը հույս հայտնեցին, որ փոխադարձ համաձայնությամբ կարող են ընտրել լրացուցիչ համագործակցության ուղղություններ՝ համատեղ ծրագրերի ու նախաձեռնությունների շրջանակն ընդլայնելու նպատակով։