- Գլխավոր
- Նորություններ
- Բնապահպանության, հիդրոօդերևութաբանության և կլիմայի փոփոխության հիմնախնդիրները՝ միջազգային գիտաժողովի օրակարգում
Մարտ 21, 2025 | 14:31
Գիտություն
Կրթություն
Միջոցառումներ
Բնապահպանության, հիդրոօդերևութաբանության և կլիմայի փոփոխության հիմնախնդիրները՝ միջազգային գիտաժողովի օրակարգում
ԵՊՀ-ում մեկնարկեց միջազգային երկօրյա գիտաժողով` նվիրված Անտառագետի, Ջրաբանի և Օդերևութաբանի մասնագիտական տոներին: Գիտաժողովի շրջանակում Հայաստանի և արտերկրի գիտաշխատողներն իրենց զեկույցներում անդրադառնում են հիդրոօդերևութաբանության, շրջակա միջավայրի մոնիթորինգի և էկոլոգիական անվտանգության ապահովման բնագավառում գիտական ձեռքբերումներին, հիդրոօդերևութաբանության ոլորտում ծառացած գերակա խնդիրներին, շրջակա միջավայրի արդի վիճակին, կլիմայի փոփոխության հիմնահարցերին:

«Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի արդի հիմնախնդիրները փոփոխվող կլիմայի պայմաններում․ հարմարվողականություն, կայունություն և արտադրական գործընթաց» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովում, բացի գիտական զեկույցներից, ներկայացվում են նաև ոլորտում գործող մասնագետների մոտեցումներն արձանագրված խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ, ինչպես նաև քննարկվում են բնապահպանական ու հիդրոօդերևութաբանության կրթության գերակա հարցերը:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով հիդրոօդերևութաբանության հիմնախնդիրներին անդրադարձը և արտերկրի գիտաշխատողների հետ արդի իրավիճակի քննարկումը, ընդգծեց, որ ժամանակակից աշխարհում գրեթե բոլոր ոլորտները, այդ թվում` առողջապահությունը, ավիացիան, գյուղատնտեսությունը, տրանսպորտային համակարգը, արտակարգ իրավիճակների դեմ պայքարի ծառայությունները, ենթարկվում են հիդրոօդերևութաբանական պայմանների ազդեցությանը։

«Բավական մեծ է հիդրոօդերևութաբանների դերն ու նշանակությունը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում: Օդերևութաբանները օգնում են մեզ հասկանալու, թե ինչպես են տեղի ունենում կլիմայի փոփոխությունները և, ամենակարևորը, ինչ կարող ենք անել մոտալուտ աղետները կանխելու համար: Առանց չափազանցության կարելի է ասել, որ օդերևութաբանությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարի առաջնագծում է»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:
ԵՊՀ ռեկտորն անդրադարձավ նաև պատմական փաստերին՝ մատնանշելով, որ 1950 թ. մարտի 23-ին ստեղծվել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը, որը միավորում է աշխարհի տարբեր երկրների՝ ոլորտի մասնագետների աշխատանքը։
«ՄԱԿ-ի հովանու ներքո գտնվող Համաշխարհային օդերևութաբանության կազմակերպության նախաձեռնությամբ ամեն տարի մարտի 23-ը նշվում է որպես Օդերևութաբանության մասնագիտական տոն։ Սա այն մարդկանց տոնն է, որոնք մաթեմատիկական մոդելների հիման վրա կանխատեսում են եղանակային փոփոխությունները: Իսկ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան մարտի 22-ը հռչակել է Ջրի համաշխարհային օր: Ջրի համաշխարհային օրվա ամրագրման գաղափարը առաջին անգամ հնչել է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի պահպանության և զարգացման համաժողովում, որը տեղի է ունեցել 1992 թ. Ռիո դե Ժանեյրոյում»,- նշեց Հովհաննես Հովհաննիսյանը։
Շեշտելով Ջրի համաշխարհային տոնի հիմնական նպատակները, որոնք վերաբերում են մոլորակի բնակչությանը խմելու ջրով ապահովելու խնդրի լուծմանը, խմելու ջրի պահպանման կարևորության տարածմանն ու Ջրի համաշխարհային օրվա միջոցառմանը աշխարհի տարբեր երկրների ներգրավմանը՝ ԵՊՀ ռեկտորը հավելեց․ «Ջրի համաշխարհային օրը նպատակ ունի ընդգծելու ջրի կարևորությունն ամբողջ աշխարհի մարդկության բարգավաճման համար․ ջուրը կարող է միավորել մարդկանց, իսկ դրա պակասը կարող է հանգեցնել բախումների»:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը մատնանշեց, որ թեպետ մարտի 21-ը աշխարհում նշվում էր որպես Անտառագետի միջազգային օր, մարտի 22-ը` Ջրի համաշխարհային օր, իսկ մարտի 23-ը` Օդերևութաբանության համաշխարհային օր, սակայն Հայաստանում երկար ժամանակ այս երեք օրերից միայն Օդերևութաբանության օրն էր ՀՀ Կառավարության որոշմամբ հաստատվել որպես տոն։

«ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, կարևորելով նշված ոլորտների մասնագետների դերը, հատուկ նախաձեռնությամբ հանդես եկավ, և 2022 թ. Կառավարության որոշումով կարևորվեցին նաև անտառագետի և ջրաբանի դերն ու նշանակությունը: Եվ 2022 թ. սկսած՝ յուրաքանչյուր տարի ՀՀ-ում մարտի 21-ը նշվում է որպես Անտառագետի օր, իսկ մարտի 22-ը` Ջրաբանի օր»,- ընդգծեց նա:
Լևոն Ազիզյանը, հույս հայտնելով, որ ԵՊՀ-ի հետ համագործակցության շարունակական սերտացման արդյունքում զարկ կտրվի հիդրոօդերևութաբանության մասնագիտության զարգացմանը, նշեց․ «Վերջին տարիներին օդերևութաբանի, ջրաբանի ու անտառագետի մասնագիտությունները, կարելի է ասել, գրանցվել են Կարմիր գրքում: Այս ոլորտներում շատ քիչ շրջանավարտներ ունենք, հետևաբար պետք է քայլեր ձեռնարկել` վերականգնելու այս մասնագիտությունները: Գրեթե չկա մի ոլորտ, որտեղ հիդրոօդերևութաբանությունն իր ասելիքը չունենա»:
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը մատնանշեց, որ կայուն զարգացման վերաբերյալ պատկերացումները հնարավորություն են տալիս անհետաձգելի գործողություններ ձեռնարկելու կլիմայի փոփոխության և դրա հետևանքների դեմ պայքարում, ինչը սոցիալական զգալի ազդեցություն կունենա ջրերի սղության ու աղքատության նվազեցման, առողջության ամրապնդման և մարդկանց բարեկեցության բարելավման, մաքուր և մատչելի ջրի, մաքուր էներգիայի արտադրության ապահովման, քաղաքների ու համայնքների կլիմայի փոփոխության նկատմամբ կայունության բարձրացման վրա։

«Եղանակի և կլիմայի կանխատեսումներն օգնում են մեծացնելու սննդի արտադրությունը և մոտենալու սովի վերացմանը: Համաճարակաբանական և կլիմայական անհրաժեշտ տեղեկությունների ինտեգրումն օգնում է հասկանալու և վերահսկելու այն հիվանդությունները, որոնք զգայուն են կլիմայի փոփոխությունների նկատմամբ, իսկ վաղ նախազգուշացման համակարգերն օգնում են նվազեցնելու աղքատությունը` հնարավորություն տալով մարդկանց պատրաստվելու եղանակային արտակարգ երևույթներին և սահմանափակելու դրանց ազդեցությունը»,- շեշտեց Սարգիս Քելյանը:
Նա ընդգծեց, որ վերջին մի քանի տասնյակ տարիներին նկատվում է տարերային աղետների հաճախականության կտրուկ աճ, որոնց 90 տոկոսն ունի եղանակային կամ ջրային ծագում։
«Նման իրավիճակները պահանջում են ջրօդերևութաբան մասնագետների առկայություն, իսկ այդ ոլորտի մասնագետներ Հայաստանում պատրաստվում են միայն ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում: Մեր ֆակուլտետը սերտ համագործակցում է բազմաթիվ պետական, հասարակական և գիտական կառույցների հետ, մասնավորապես` Շրջակա միջավայրի նախարարության, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Զվարթնոց» ավիաօդերևութաբանության կենտրոնի, ԳԱԱ-ի և այլ կառույցների հետ»,- փաստեց նա:
Նշենք, որ միջազգային գիտաժողովին մասնակցում են արտերկրից, այդ թվում` Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից ժամանած գիտաշխատողներ, իսկ մոտ 35 գիտնականներ գիտաժողովին իրենց զեկույցները կներկայացնեն հեռավար ձևաչափով: