Հաշվապահական հաշվառում և աուդիտ
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Կրթական ծրագրի ուսուցման ձևը հեռակա է, տևողությունը հեռակա ուսուցման համակարգում` 2 տարի, շնորհվող որակավորումը՝ տնտեսագիտության մագիստրոս:
Ծրագիրը բաղկացած է ընդհանուր, մասնագիտական և կամընտրական դասընթացներից: Մասնագիտական պարտադիր և կամընտրական դասընթացներն ունեն կիրառական նշանակություն և ուղղվածություն, վերաբերում են տնտեսական զարգացման արդի խնդիրներին, մարտահրավերներին և ոլորտային փոփոխությունների կանխատեսումներին, տնտեսական քաղաքականություններին մշակմանը, տնտեսությունում հետազոտությունների և վերլուծությունների իրականացմանը, ճգնաժամային իրավիճակների հաղթահարման գործիքակազմի տիրապետմանը:
Ընդունելության պահանջները
ԵՊՀ մագիստրատուրայի 2023/2024 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությանը հնարավորություն ունեն դիմելու ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված (ինստիտուցիոնալ) հավատարմագրում անցած ոչ պետական այլ բուհերի բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները:
Մանրամասները՝ «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է գրանցել և վերլուծել ֆինանսատնտեսական գործունեության ոլորտին առնչվող տեղեկատվական տվյալները, ձևավորել կազմակերպության հաշվառման քաղաքականությունը, կազմել և վերստուգել ֆինանսական հաշվետվությունները:
Առավելությունները
Ծրագրի բարեհաջող ավարտին ուսանողն ունակ կլինի ներկայացնելու ֆինանսական, կառավարչական հաշվառման տեսական հիմունքները, սկզբունքները և հիմնախնդիրները, բացատրելու հարկաբյուջետային հարաբերությունների, հարկային, մաքսային վարչարարության նորմատիվ կարգավորման դրույթները, թվարկելու աուդիտորական գործունեության սկզբունքները, ներկայացնելու օրենսդրությունը և աուդիտորական ստանդարտները, նկարագրելու և դասակարգելու կազմակերպության և պետական գործառույթների բյուջետավորման ընթացակարգերը, ներկայացնելու ժամանակակից ֆինանսական ոլորտի գլոբալ և լոկալ հիմնախնդիրները, ձևակերպելու դրամավարկային քաղաքականության, բանկային գործունեության վերլուծության ժամանակակից մոտեցումները, գործնականում իրականացնելու ֆինանսական, կառավարչական և բանկային հաշվառում, ինչպես նաև միջազգային ստանդարտների հիման վրա կազմել ֆինանսական հաշվետվություններ:
Ուսանողը կկարողանա նաև հաշվարկել յուրաքանչյուր հարկատեսակի գծով բյուջե վճարման ենթակա հարկի գումարը և լրացնել հարկային մարմնի կողմից պահանջվող համապատասխան հաշվետվությունների ձևաթղթերը, կազմել աուդիտի ընթացակարգերը, գնահատել աուդիտորական ռիսկը, գնահատել կազմակերպության ֆինանսների կառավարման արդյունավետությունը, պրակտիկ գործունեության ընթացքում կատարել բանկային հատվածի վարկային և ակտիվային այլ գործառույթների իրականացմանն ուղղված աշխատանքներ, կիրառել գիտելիքները պրակտիկայում, ձևակերպել և լուծել խնդիրներ, համեմատել և վերլուծել տարբեր աղբյուրներից հայթայթված տեղեկատվությունը, ցուցաբերել մասնագիտական հանրության հետ բանավոր և գրավոր հաղորդակցվելու կարողություն, պատրաստել զեկուցումներ, ներկայացնել հետազոտությունների արդյունքները, վարել գիտական բանավեճեր։
Երկրորդ կուրսում ուսանողներն անցնում են 3 շաբաթ տևողությամբ մասնագիտական պրակտիկա գործընկեր կազմակերպություններում և տնտեսության մասնավոր հատվածում։
Կարիերայի հնարավորությունները
Ծրագիրը նախատեսված է պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները, որոնք ցանկանում են զարգացնել մասնագիտական որակները, ստանալ նոր գիտելիքներ և տիրապետել տնտեսական իրավիճակները գնահատելու և առաջացած խնդիրները հաղթահարելու հմտությունների:
Շրջանավարտը կարող է կրթությունը շարունակել կրթության հաջորդ մակարդակում, հասարակական և հումանիտար գիտությունների ոլորտում:
Կոնտակտներ
«Հաշվապահական հաշվառում և աուդիտ» կրթական ծրագրի ղեկավար՝
Գրիգոր Մնացականյան
(+374 91) 470 600
grigor_mnatsakanyan@ysu.am