- Գլխավոր
- Կառուցվածք
- Գիտաուսումնական կենտրոններ
- Ռուսական կենտրոն
Ռուսական կենտրոն
Երևանի պետական համալսարանի ռուսական կենտրոնը բացվել է 2008 թ․ փետրվարի 7-ին՝ համաձայն 2006 թ. հունվարի 6-ին ԵՊՀ-ի և «Ռուսկիյ միր» հիմնադրամի միջև կնքված պայմանագրի:
Ռուսական կենտրոնն ունի հարուստ գրադարան (նոր հրատարակությունների՝ 2000-ից ավելի միավոր գրականություն, որը պարբերաբար թարմացվում է), ինչպես նաև ֆիլմադարան և տեսադարան, որոնք ժամանակակից աշխարհում տեղեկատվության այլընտրանքային և արդյունավետ միջոցներ են:
Գործունեության ընթացքում կենտրոնն ընդունել է 140.000-ից ավելի այցելուների՝ նախադպրոցական տարիքի երեխաների, դպրոցականների, ուսանողների և առհասարակ Ռուսաստանի պատմությամբ, մշակույթով, գրականությամբ և ռուսաց լեզվով հետաքրքրվողների համար կազմակերպված տարաբնույթ անվճար միջոցառումների շրջանակում:
Կենտրոնի ծառայություններից օգտվում են ոչ միայն ուսանողները և դպրոցականները, այլև բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Ռուսաստանի պատմությունը, մշակույթը և ձեռք բերել ռուսերենով ազատ հաղորդակցվելու հմտություններ: ԵՊՀ ռուսական կենտրոնի այցելուներն անվճար օգտվում են կենտրոնի գրքերից, պարբերականներից, հանրագիտարաններից, տեղեկագրերից, ինչպես նաև մասնակցում են ռուսերենի իմացությունը խորացնելու նպատակով պարբերաբար կազմակերպվող հանդիպումներին:
ԵՊՀ-ի և ՀՀ տարբեր բուհերի հետ համագործակցությամբ ուսանողների համար Ռուսական կենտրոնում պարբերաբար անցկացվում են մշակութային, գրական և պոեզիայի երեկոներ ու քննարկումներ, ներբուհական և միջբուհական մրցույթներ, որոնք ամրապնդում են տարբեր բուհերի ուսանողների միջև կապը և խթանում ռուսերենի իմացության մակարդակի բարձրացումը:
Կենտրոնի գործունեությունը
ԵՊՀ ռուսական կենտրոնը գործունեություն է ծավալում մի քանի հիմնական ուղղություններով։
1. Ինֆորմացիոն-տեղեկատվական` մեծ ծավալով տարբեր բնագավառների վերաբերյալ տեղեկության տրամադրման ապահովում։
2. Կրթական` տարբեր ծրագրեր և դասընթացներ, հատուկ ընտրված տպագիր և համակարգչային հրապարակումների հիման վրա ռուսաց լեզվի գիտելիքների ձեռքբերում և կատարելագործում, ուսանողների և այցելուների անհատական և ինքնուրույն աշխատանքի կազմակերպում, տարբեր բնագավառների ուսումնական ձեռնարկների և գիտական ու տեղեկատվական նյութերի ընտրության մեթոդական օժանդակում, ինքնուրույն և խմբակային աշխատանք մեդիահավաքածուի հետ, պատմության դասընթացների դիտում և ունկնդրում, արվեստի դասախոսությունների ընթերցում, դասական գրականության ուսումնասիրում:
3. Ստեղծագործական` գեղարվեստական ակցիաների, ցուցահանդեսների, ֆիլմերի դիտումների և քննարկումների կազմակերպում, թեմատիկ շաբաթների և ստեղծագործական մրցույթների անցկացում, մասնակցություն ռուսաց լեզվին և ռուս մշակույթին նվիրված փառատոներին և տոներին ու «Ռուսկիյ միր» հիմնադրամի ստեղծագործական և գեղարվեստական ծրագրերին:
4. Հաղորդակցական` միջմշակութային գիտական, ճանաչողական և ոչ ֆորմալ շփման օժանդակում, գիտաժողովների և սեմինարների կազմակերպում, կլոր սեղան-քննարկումների անցկացում, զանազան ակումբների ստեղծում, թեմատիկ երեկոների, ընթերցողական գիտաժողովների և գրական երեկոների, ինչպես նաև թեմատիկ դասախոսությունների, պրեզենտացիաների և հայտնի մարդկանց, Ռուսաստանի մշակույթի ներկայացուցիչների և հասարակական գործիչների հետ հանդիպումների կազմակերպում:
Կոնտակտներ
Կենտրոնի տնօրեն՝ Արուսյակ Ներսեսյան
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1
Հեռ․` (+374 60) 710 226
Էլհասցե` arm@russkiymir.ru
Ֆեյսբուքյան էջ՝ www.facebook.com/RussianCenterYSU/