- Գլխավոր
- Նորություններ
- «Միջազգային դատարաններ և արբիտրաժ». մագիստրոսական նոր ծրագիր ԵՊՀ-ում
Հունիս 08, 2023 | 16:39
Կրթական ծրագրեր
Կրթություն
«Միջազգային դատարաններ և արբիտրաժ». մագիստրոսական նոր ծրագիր ԵՊՀ-ում
ԵՊՀ-ում տեղի ունեցավ իրավագիտության ֆակուլտետի «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» կրթական ծրագրի շնորհանդեսը: Նախաձեռնության հեղինակները ներկայացրին ծրագրի մանրամասները և պատասխանեցին ներկաների հարցերին։
Մագիստրոսական կրթական ծրագիրը մեկնարկելու է 2023/2024 ուսումնական տարվանից՝ առկա ուսուցմամբ և 3 կիսամյակ տևողությամբ: Կրթական ծրագրի նպատակն է պատրաստել որակյալ մասնագետներ միջազգային իրավունքի, միջազգային դատարանների և արբիտրաժի ոլորտում:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով նախաձեռնությունը, նշեց. «Հաշվի առնելով համալսարանի ռազմավարությունը և համալսարանում տեղի ունեցող բարեփոխումները՝ բարձր ենք գնահատում կրթական ծրագրի ղեկավար, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ, ի․գ․թ․ Եղիշե Կիրակոսյանի և բոլոր այն մասնագետների ջանքերը, որոնք իրենց ներդրումն են ունեցել այս մագիստրոսական կրթական ծրագրի ստեղծումը նախաձեռնելու համար: Վստահ եմ՝ լավագույն պրոֆեսորադասախոսական կազմի և բազմաբովանդակ դասընթացների շնորհիվ ունենալու ենք փայլուն արդյունքներ»:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը շեշտեց, որ մագիստրոսական ծրագիրն իր բնույթով աննախադեպ է:
«Ֆակուլտետն ունի 6 մագիստրոսական ծրագիր, սակայն «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» ծրագիրը սկզբունքորեն տարբերվում է մյուսներից, քանի որ այն ունի առավել լայն նպատակներ. ծրագիրը կպատրաստի մասնագետներ, որոնք կներկայացնեն ՀՀ շահերը միջազգային ատյաններում ու դատարաններում: Բացի դրանից՝ այն իրականացվելու է անգլերենով՝ ներգրավելով ոլորտի ճանաչված մասնագետների ինչպես ՀՀ-ից, այնպես էլ արտերկրից»,- ասաց Գ. Ղազինյանը և հավելեց․ «Ֆակուլտետը կանի առավելագույնը՝ ծրագիրը հաջողելու համար»:
Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ որպես դասախոսներ հրավիրվել են արտասահմանյան առաջատար բուհերում դասավանդող դասախոսների, միջազգային իրավախորհրդատվական կառույցների ու կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային դատարաններում ու արբիտրաժային գործընթացներում պրակտիկ գործունեություն ծավալող մասնագետների:
«Դասապրոցեսը նմանատիպ մարդկանց մասնակցությամբ կազմակերպելն ուղղակիորեն ավելի կմեծացնի ու կամրապնդի կապը կրթական գործընթացի և պրակտիկ իրականության հետ, հատկապես որակյալ մասնագետներ պատրաստելու գործում»,- ընդգծեց Եղիշե Կիրակոսյանը:
Նշենք, որ «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական ծրագիրն ուսանողներին հնարավորություն կտա ծանոթանալու միջազգային իրավունքի սկզբունքներին ու հիմունքներին, ստանալու խոր և համակողմանի գիտելիքներ միջազգային դատարանների և արբիտրաժային վարույթների վերաբերյալ, հասկանալու միջազգային իրավական վեճերի կարգավորման տարբեր ատյանների դերը, գործունեությունն ու առանձնահատկությունները, միջազգային իրավական վեճերի կարգավորման տարբեր փուլերը՝ բանակցություններից մինչև վերջնական վճռի ճանաչումը և կատարումը, գնահատելու ներպետական իրավունքի դերը միջազգային իրավական վեճերի կարգավորման գործընթացում, ինչպես նաև զարգացնելու գրավոր և բանավոր փաստարկումների հմտությունները:
Մագիստրոսական ծրագրի մանրամասները՝ տեսանյութում: