- Main
- Node
- ՀԱՅ-ԹՈՒՐՔՄԵՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԵՌԱՎԱՐ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ԵՎ ՄԱՀԹՈՒՄԿՈՒԼԻ ՖՐԱԳԻԻ ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ
May 01, 2020 | 16:46
Հասարակություն
ՀԱՅ-ԹՈՒՐՔՄԵՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԵՌԱՎԱՐ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ԵՎ ՄԱՀԹՈՒՄԿՈՒԼԻ ՖՐԱԳԻԻ ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ
Թուրքմենստանի Մահթումկուլիի անվան պետական և Երևանի պետական համալսարաններն ապրիլի 29-ին անցկացրել են համատեղ հեռավար գիտաժողով «Մարդասիրական գաղափարների և ժողովրդական ավանդույթների արտացոլումը թուրքմենական գրականության դասական Մահթումկուլի Ֆրագիի և հայ բանաստեղծ, աշուղ Սայաթ-Նովայի ստեղծագործության մեջ» խորագրով:
Գիտաժողովի բացման խոսքով հանդես է եկել Մահթումկուլիի անվան պետական համալսարանի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Ռոմանգուլի Մուստակովը, որը նշեց, որ երկու մեծ վարպետների պոեզիայում արտացոլված են համամարդկային արժեքներ և իդեալներ:
ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը, դիմելով գիտաժողովի մասնակիցներին, ողջունեց թուրքմեն գործընկերների՝ վիրտուալ հանդիպում կազմակերպելու նախաձեռնությունը, ապա համառոտ ներկայացրեց հայ-թուրքմենական մշակութային բազմադարյա կապերի ուսումնասիրության դրույթները: Նա շեշտեց երկու երկրների հնագույն համալսարանների, ստեղծագործական տարբեր միությունների և Հայաստանի ու Թուրքմենստանի գիտական շրջանակների միջև համագործակցության կարևորությունը:
Ալ. Սաֆարյանն իր երախտագիտությունը հայտնեց Թուրքմենստանի նախագահ, ԵՊՀ պատվավոր դոկտոր Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին իրեն շնորհած պետական մրցանակի՝ «Մահթումկուլի Ֆրագի» մեդալի համար, որը ստացել է կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում հայ-թուրքմենական հարաբերությունների զարգացման գործում ներդրած ավանդի և Ֆրագիի ստեղծագործական ժառանգության քարոզչության համար:
ԵՊՀ ամբիոնի վարիչը տեղեկացրեց, որ «Հայագիտության հարցեր» ամսագրում հրատարակվել է իր և ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանի «Հայ-թուրքմենական մշակութային կապերի և Հայաստանի ու Թուրքմենստանի միջև գիտական ու կրթական համագործակցության մասին» համատեղ հոդվածը՝ նվիրված թուրքմեն մեծ բանաստեղծ Մահթումկուլիի 295-ամյակին:
Այդ կապակցությամբ հնչեցին առաջարկներ թուրքմեն բանաստեղծների երկերի՝ հայերեն թարգմանությունների նոր անթոլոգիայի ստեղծման, ինչպես նաև ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի ավագ դասախոս Ամալյա Պետրոսյանի՝ Մահթումկուլիի ստեղծագործությանը նվիրված մենագրության լույսընծայման հետ կապված:
Ալ. Սաֆարյանը Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի անունից հանդես եկավ ԵՊՀ-ում Թուրքմեներենի և թուրքմենական մշակույթի կենտրոն բացելու ու Մահթումկուլի Ֆրագիի անունով կոչելու առաջարկով:
ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի ավագ դասախոս Ամալյա Պետրոսյանը ելույթ ունեցավ թուրքմեներեն՝ շեշտելով, որ թուրքմեներենին տիրապետել է Թուրքմենստանի իր գործընկերների շնորհիվ, երբ նախապատրաստվում էին թուրքմեն մեծ բանաստեղծի ստեղծագործությանը նվիրված գիտական աշխատանքին:
Ամալյա Պետրոսյանը դասավանդում է թուրքմեներեն և այլ թյուրքական լեզուներ, ինչպես նաև մեծ աշխատանք է կատարում Սայաթ-Նովայի և Մահթումկուլի Ֆրագիի բանաստեղծական ժառանգության համեմատական վերլուծության վերաբերյալ: Այդ թեմային էլ նվիրված էր նրա գիտական զեկուցումը:
Այնուհետև ելույթով հանդես եկավ Մահթումկուլիի անվան պետական համալսարանի թուրքմենական գրականության ամբիոնի վարիչ Ամաննեպես Շիխնեպեսովը, որը 18-րդ դարի երկու մեծ բանաստեղծների երկերի հետաքրքիր վերլուծություն ներկայացրեց:
Ա. Շիխնեպեսովը նշեց, որ պատիվ է ունեցել ներկա գտնվելու Հայաստանում Թուրքմենստանի դեսպանատան աջակցությամբ 2019 թ. ԵՊՀ-ում կազմակերպված՝ Մահթումկուլիի 295-ամյակին նվիրված գիտաժողովին՝ հավելելով, որ ԵՊՀ-ն թյուրքագիտության շատ կարևոր կենտրոն է:
Վիդեոկոնֆերանսի մասնակիցները ցանկություն հայտնեցին ամրապնդելու և շարունակելու գիտական համագործակցությունը Հայաստանի ու Թուրքմենստանի բուհերի, երկու երկրների գիտության և մշակույթի գործիչների միջև:
Նշենք, որ գիտաժողովը կազմակերպվել էր Հայաստանում Թուրքմենստանի դեսպանատան աջակցությամբ:
Պատրաստեց Հասմիկ Ասլանյանը