- Main
- Node
- ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
May 22, 2020 | 14:07
Քաղաքականություն
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Հայաստանի անկախացումից հետո հանրապետության կրթական ողջ համակարգի բարեփոխումը ժամանակի հրամայականն էր և առաջնահերթ նշանակություն պետք է ունենար երկրի հետագա զարգացման համար: Այս համատեքստում անհրաժեշտ էր ԵՊՀ-ի ընդհանուր գործունեությունն աստիճանաբար արմատապես վերափոխել, որն էլ սկիզբ առավ ՀՀ նախագահի 1992 թ. հրամանագրով: Համալսարանին շնորհվեց կրթական, գիտական և մշակութային ինքնավար հաստատության կարգավիճակ:
1999 թ. ապրիլին ընդունված ՀՀ «Կրթության մասին» օրենքը, որի նախագծի մշակմանը և քննարկմանը գործուն մասնակցություն ունեցավ նաև համալսարանը, օրենսդրորեն հաստատեց ԵՊՀ-ի կարգավիճակը` հռչակելով նաև համալսարանական կրթության ազատականությունը:
ԵՊՀ զարգացման իրավական նորմերի ապահովմանը և ինքնավարության ընդլայնմանը զուգընթաց սկիզբ դրվեց վերափոխումների համապարփակ ու տևական ծրագրային գործընթացի: Այն ներառում էր ԵՊՀ գործառության բոլոր ուղղությունները:
Դեռևս 1994 թ. մշակվել էր համալսարանի զարգացման առաջին ծրագիրը, որի իրականացմամբ 1995 – 1996 ուստարվանից անցում էր կատարվել բազմաստիճան կրթական համակարգի. բակալավրական (քառամյա) և մագիստրոսական (երկամյա): Մեծ աշխատանք էր տարվում բակալավրիատի և մագիստրատուրայի ուսումնական պլանների ձևավորման ու կատարելագործման ուղղությամբ: 2007 թ. մագիստրոսի, իսկ մեկ տարի անց` բակալավրի ծրագրերում ներդրվեց կրեդիտային համակարգ: Բուհն ունի նաև հետազոտողի եռամյա ասպիրանտական ծրագիր:
Վերափոխման գործընթացի հետ կապված` համալսարանի առաջ ծառացան նոր խնդիրներ. ուսումնական ծրագրերի ու պլանների վերամշակում, մայրենի լեզվով դասագրքերի և ուսումնամեթոդական ձեռնարկների հրատարակում, ուսուցման գործընթացի բարելավում ու համալրում ժամանակակից տեխնիկական միջոցներով, գիտահետազոտական աշխատանքների իրականացման ռազմավարական ուղղությունների ճշգրտում և դրանց կազմակերպման նոր ձևերի ու մեթոդների կիրառում, մասնագետների պատրաստումª հասարակության տնտեսական զարգացման նոր փուլին համապատասխան, օտար լեզուների ուսուցման խթանում, որակավորման բարձրացում և այլն:
Վերափոխման առաջին փուլում ուսումնական բնականոն գործընթացի ապահովման, միջազգային հաղորդակցության ընդլայնման, դասախոսների սոցիալական հիմնահարցերի լուծման ոլորտներում համալսարանն ունեցավ որոշակի ձեռքբերումներ:
ԵՊՀ կրթական համակարգում կատարված բարեփոխումները տվեցին դրական արդյունքներ: Բացվեցին նոր ֆակուլտետներ, մի շարք ամբիոններ, նոր մասնագիտություններ ու մասնագիտացումներ: Ակնհայտ են նյութատեխնիկական բազայի բարելավումը, նոր տեխնոլոգիաների ներդրումն ուսումնական գործընթացում, կրթության որակի ներքին ապահովման համակարգի կատարելագործումը, ըստ եվրոպական չափանիշների, կրթական ծրագրերի համապատասխանեցումն աշխատաշուկայի և հասարակության կարիքներին ու պահանջներին, ուսանողների և շրջանավարտների հետադարձ կապի արդյունավետ մեխանիզմների (այդ թվումª առցանց) գործադրումը, ինչպես նաև ուսանողական կառույցների ակտիվ գործունեությունը:
Դասախոսական կազմի որակավորման շարունակական բարձրացումը նույնպես համալսարանի առաջնահերթություններից է, ինչն էլ բարձրորակ կրթությամբ մասնագետներ պատրաստելու կարևորագույն նախապայմանն է: Վերջին տարիներին ներդրված դասախոսական կազմի որակավորման բարձրացման նոր` կրեդիտային հենքով կառուցված գիտակրթական ծրագիրը ներառում է վերապատրաստման հատուկ դասընթացներ, որոնք միտված են զարգացնելու դասախոսների հմտությունները դասավանդման, ուսանողների ուսումնառության և գնահատման նոր մեթոդների կիրառման ասպարեզում: Կրթական լրացուցիչ ծրագրերի և դասընթացների ներդրմամբ շարունակական կրթության դասընթացներ ու մասնագիտական ուսուցում է կազմակերպվում նաև հասարակության տարբեր խմբերի համար, և ստեղծվում են ուսումնառության այլ հնարավորություններ (այդ թվումª հեռավար):
Ուսման որակի բարձրացման կարևոր ուղիներից է նաև կրկնակի դիպլոմով ծրագրերի իրականացումը ԵՊՀ-ում: Ռոստոկի համալսարանի հետ համատեղ 2010 թվականին մշակվեց «Վիզուալ հաշվարկ» մագիստրոսական ծրագիրը: ԵՊՀ-ն 2010 թ. ներգրավվեց նաև ԱՊՀ «Ցանցային համալսարան» ծրագրում, որի շրջանակում Ժողովուրդների բարեկամության ռուսական և Ուրալի դաշնային համալսարանների, նաև Մոսկվայի պետական միջազգային հարաբերությունների ինստիտուտի հետ համատեղ 6 մասնագիտությունների գծով իրականացվեց կրկնակի դիպլոմով ծրագրեր:
ԵՊՀ զարգացման ծրագրի համալիր կիրառումը համալսարանին հնարավորություն է ընձեռում դառնալու համալսարանական աշխարհի օրգանական մասնիկը, արդի զարգացման պահանջներին համապատասխան լուծելու իր առջև դրված կարևորագույն խնդիրները և դուրս գալու միջազգային ճանաչման ու համագործակցության լայն ասպարեզ:
Այսօր համալսարանն ունի 19 ֆակուլտետ, 100-ից ավելի ամբիոն, մասնաճյուղ Իջևան քաղաքում՝ 4 ֆակուլտետներով:
ԵՊՀ-ն ունի շուրջ 2800 աշխատակից, որից 1200-հիմնական դասախոսական կազմն է (150 պրոֆեսոր, 450 դոցենտ, մոտ 600 ասիստենտ և դասախոս): Այստեղ գիտակրթական գործունեություն են իրականացնում նաև Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսներ և թղթակից անդամներ:
Ներկայում ԵՊՀ-ում սովորում է ավելի քան 16000 ուսանող: Եթե 1925 – 1930 թթ. համալսարանի շրջանավարտների թիվը ընդամենը 931 էր, ապա այսօր այն ավելի քան 22000 է:
Երևանի պետական համալսարանի գործունեությունը բոլոր բնագավառներում կազմակերպվում և իրականացվում է ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսված խնդիրներին ու նպատակներին համապատասխան, և բազմաթիվ ծրագրերն ու միջոցառումները կոչված են խթանելու համալսարանի առաջընթացը, ապահովելու նրա մրցունակությունը միջազգային գիտակրթական ասպարեզում:
Ծրագրերի նորոգման, ուսումնական գործընթացի կազմակերպման բարելավման, որակի ներքին ապահովման համակարգի զարգացման, դասավանդման որակի բարձրացման աշխատանքները ԵՊՀ-ում կրում են շարունակական բնույթ:
2015 թ. մարտի 7-ին Երևանի պետական համալսարանին տրվեց պետական հավատարմագրման թիվ 1 վկայականը, որով հավաստվում է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի Հավատարմագրման հանձնաժողովի 2015 թ. փետրվարի 21-ի թիվ 1 որոշմամբ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամին շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում` 6 տարի ժամկետով:
Ուսուցման որակի բարձրացման կարևորության գործոններից են ուսանողական կիսամյակային հարցումները, որոնց արդյունքներն օգտագործվում են դասախոսների պաշտոնավարման և առաջխաղացման մրցույթներում:
Երևանի պետական համալսարանը զգալի արդյունքներ է գրանցել տեղեկատվական արդի տեխնոլոգիաների մշակման, ներդրման և գործարկման ուղղությամբ: Այս առումով 2007 թ. ստեղծված Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնը (ՏՏԿՀ) լայնածավալ գործունեություն է իրականացնում նոր կրթական տեխնոլոգիաների օգտագործման և մշակման, ՏՏ բնագավառում մագիստրոսական կրթական ծրագրերի և առանձին դասընթացների իրականացման, գիտահետազոտական աշխատանքների կատարման, համալսարանական կրթության կառավարման և որակի ապահովման, տեղեկատվական համակարգերի մշակման և ներդրման ուղղությամբ:
Համալսարանի ուսումնական գործընթացի ապահովման և բարելավման գործին նպաստում է նաև էլեկտրոնային տեղեկատվական «Super Vision YSU» ծրագրի ավտոմատացված համակարգի ներդրումը, որն ավտոմատացված եղանակով կազմակերպում է կրեդիտ պարտք ունեցող ուսանողների դիմումների ընդունման, քննությունների վերահանձնման գործընթացը, Հայկական բանակ մեկնող և վերադարձող ուսանողների դիմումների ձևակերպումները:
Արդյունավետ էր նաև համալսարանի՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունը ռազմական համակարգի կապի ոլորտը Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի բակալավրիատն ավարտած շուրջ տասը տեխնիկական կրթությամբ սպաներով համալրելու վերաբերյալ ծրագիրը:
ԵՊՀ-ում և ՀՀ մարզերում դպրոցների ավարտական դասարանների աշակերտների համար հանրակրթական տարբեր առարկաների գծով կազմակերպվում և անցկացվում են օլիմպիադաներ: Հաղթողներն արժանանում են դիպլոմների և գովասանագրերի:
Օլիմպիադաների կազմակերպումը մինչև ընդունելության միասնական քննություններ հանձնելը յուրատեսակ ստուգատես է աշակերտների համար, որը նպաստում է նրանց մասնագիտական կողմնորոշմանը և խթանում կապը համալսարանի և դպրոցի միջև: Իսկ համալսարանի ուսանողները գործուն մասնակցություն ունեն միջազգային տարբեր օլիմպիադաներում և միշտ էլ հաղթանակով են վերադառնում Մայր բուհ:
ԵՊՀ-ն պատմական բացառիկ դերակատարություն է իրականացնում ոչ միայն հայրենիքում, այլև սփյուռքահայության շրջանում. հազարավոր սփյուռքահայեր, համալսարանում ստանալով մասնագիտական կրթություն կամ գիտական աստիճան, վերադառնում են իրենց բնակավայրերը և ստացած գիտելիքներն ու հայրենասիրական ոգին ի սպաս դնում հայապահպանության ազգանվեր գործին:
Ժամանակի մարտահրավերներին դիմագրավելու և իր կրթական առաքելությունն արդյունավետ իրականացնելու համար համալսարանը մշտապես նորացնում է իր կրթական ծրագրերը, կիրառում դասավանդման և ուսուցման արդիական մեթոդներ, ուսանողներին մատուցում արդյունավետ օժանդակ ծառայություններ:
Մայր կրթօջախը մշտապես ձգտում է կատարելության: ԵՊՀ-ում ձեռնարկված բարեփոխումներըª պայմանավորված ժողովրդագրական, տեխնոլոգիական, սոցիալական, տնտեսական և մշակութային բազմաթիվ գործոններով կարևորագույն քայլ են հետազոտական հզոր կենտրոն դառնալու ճանապարհին:
2020 թ մարտի 16-ից ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ պայմանավորված՝ Երևանի պետական համալսարանն անցավ հեռավար ուսուցման: Ողջ աշխարհում մոլեգնող համաճարակի պայմաններում համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, չկորցնելով իր լավատեսությունն ու պատասխանատվությունը, առավելագույն ջանքեր գործադրելով, կիրառելով առցանց ուսուցման գրեթե բոլոր հնարավոր հարթակները շարունակեց բնականոն ուսումնական գործընթացը:
Վիրտուալ լսարաններում ուսանողները հնարավորություն ունեն ունկնդրելու դասախոսություններ, կազմակերպելու քննարկումներ, հարցեր ուղղելու դասախոսին և ստանալու դրանց լիարժեք պատասխանները։ Առցանց են անցկացվում նաև ուսանողների ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունները:
Դասախոսներն ու ուսանողներն անում են հնարավոր ամեն բան հեռավար ուսուցումն ավելի արդյունավետ դարձնելու: Իսկ առաջացած տեխնիկական խնդիրներն արագ ու օպերատիվ լուծում են ստանում ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի աշխատակիցների, ինչպես նաև Տեղեկատվական համակարգերի վարչության մասնագետների ջանքերով: Իհարկե, ուսուցման գործընթացում շատ կարևոր է ուսանողի և դասախոսի անմիջական կենդանի շփումը: Բայց այսօր՝ արտակարգ դրության պայմաններում, սա է ուսուցման միակ հնարավոր տարբերակը:
Հայ ժողովուրդը դարերի ընթացքում հաղթահարել է բազմաթիվ արհավիրքներ: Այս անգամ ևս մեր իմաստուն ժողովուրդը, անկասկած, հաղթանակած դուրս կգա ստեղծված ծանր համաճարակային իրավիճակից:
ԵՊՀ Լ. Ղարիբջանյանի անվ. պատմության թանգարանի
տնօրեն Հեղինե Գասպարյան