- Main
- Node
- «ԵՊՀ-Ն ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔ ՈՒ ՏՈՒՆ Է». ԵՊՀ ՈՒԽ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ԽԱՉԻԿ ԱԲԱՋՅԱՆ
November 09, 2021 | 12:44
Ուսանողական
«ԵՊՀ-Ն ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔ ՈՒ ՏՈՒՆ Է». ԵՊՀ ՈՒԽ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ԽԱՉԻԿ ԱԲԱՋՅԱՆ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ, Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի մագիստրատուրայի ուսանող, ինչպես նաև ԵՊՀ ՈՒԽ փոխնախագահ Խաչիկ Աբաջյանը սիրով համաձայնել է պատասխանել մեր հարցերին:
-Խաչի՛կ, ինչո՞ւ եք ընտրել ԵՊՀ-ն Ձեր կրթական կենսագրության համար:
- ԵՊՀ-ն ինձ համար ազգային արժեք ու տուն է։ Իմ կյանքի լավագույն 6 տարիներն անցկացրել եմ համալսարանում։ Դեռևս փոքր հասակից երազել եմ սովորել Մայր բուհում, քանի որ այն ինձ համար առավելություն էր։ Հիմա էլ եմ այդպես կարծում, թեև առկա են շատ խնդիրներ, բայց ես համալսարանը շատ եմ սիրում։
- Ինչո՞ւ որոշեցիք ուսումնասիրել տարածաշրջանային քաղաքականությունը:
- Ներկայիս իրավիճակում տարածաշրջանային զարգացումները չափազանց կարևոր են, ուստի ուսումնասիրել այն, ինչ կատարվում է քո շուրջը, խիստ արդիական է։ Անցնելով մագիստրոսական այդ ծրագիրը՝ իսկապես պետք է նշեմ, որ չեմ փոշմանել ընտրությանս համար, քանի որ ծրագիրն աչքի է ընկել դասավանդման յուրահատուկ մեթոդներով ու մոտեցումներով, ինչպես նաև որակյալ կրթությամբ։
- Ինչպե՞ս ես պատկերացնում Հայաստանում գիտության զարգացումը, ինչպե՞ս գրագետ կազմակերպել այդ գործընթացը:
- Գիտության զարգացումը մեզ համար չափազանց կարևոր և առանցքային ուղղություն է։ Կարծում եմ՝ առկա խնդիրներից մեկը երիտասարդ կադրերի ներգրավումն է գիտության ոլորտում։ Պետք է հավելյալ մոտիվացիա ստեղծել ու խրախուսել՝ հետազոտությունների իրականացման մեջ երիտասարդ հետազոտողների ներգրավվածությունն ապահովելու համար։ Հաջորդ ուղղությունը, որը, ըստ իս, զարգացման կարիք ունի ՀՀ-ում, միջգիտակարգային հետազոտությունների իրականացումն է։ Այսօր ամբողջ աշխարհում հետազոտություններն իրականացվում են տարբեր ուղղություններով՝ ապահովելով միևնույն խնդրի ուսումնասիրումը տարբեր ասպեկտներից։
- Ինչպե՞ս վարել այնպիսի բազմաբովանդակ ուսանողական կյանք, ինչպիսին Ձերն է:
- Ուսանողական կյանքը հետաքրքիր դարձնելու ցանկությունն ու որոշումը մեր ձեռքերում են։ Երբ ընդունվել եմ համալսարան, հստակ որոշել եմ, որ բացի ուսումնառությունից՝ պիտի զբաղվեմ նաև հասարակական ակտիվ գործունեությամբ։ Շատերը կասեն, որ հնարավոր չէ համատեղել ուսումն ու հասարակական ակտիվությունը, բայց ես իմ օրինակով հաճախ եմ հակառակն ապացուցել. սեփական փորձից գիտեմ, որ ինչքան զբաղված ես լինում, այնքան ավելի շատ բան ես հասցնում անել։ Կարծում եմ՝ բոլոր ուսանողները պետք է դասերին զուգահեռ նաև հասարակական ակտիվ գործունեությամբ զբաղվեն, քանի որ դա այսօրվա հրամայականն է։ Երբ հիմա հետ եմ նայում, հասկանում եմ, որ համալսարանն ինձ, բացի ակադեմիական կրթությունից, տվել է հրաշալի ուսանողական կյանք, կյանքի ընկերներ և հիշողություններ։ Դրանք ինձ համար անփոխարինելի հարստություն են, որը հնարավոր չէ ձեռք բերել միայն ակադեմիական կրթությամբ։
- Իսկ կա՞ մի այնպիսի բանաձև, որով հնարավոր է համատեղել ուսումն ու աշխատանքը:
- Երբ ընդունվել եմ համալսարան, 16 տարեկան էի։ Այդ ժամանակ արդեն աշխատում էի «Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամում, որի տնօրենն եմ հիմա։ Աշխատանքիս ընթացքում հնարավորություն եմ ունենում իրականացնելու դասընթացներ, աշխատելու երիտասարդների հետ։ Շատ եմ սիրում այն աշխատանքը, որով զբաղվում եմ։ Երիտասարդական աշխատանքների ոլորտն այն բնագավառն է, որտեղ հնարավոր է անսահման էներգիա ներդնել և ստանալ։ Երևի թե հենց դա է պատճառը, որ իմ էներգիան երբեք չի սպառվում։ Համոզված եմ, որ երբ ունես սիրելի աշխատանք և սիրում ես ընտրածդ մասնագիտությունը, կարողանում ես համատեղել։ Դժվարությունը ժամանակի արդյունավետ և ճիշտ կառավարումն է. եթե կարողանում ես ճիշտ օգտագործել այն, ամեն ինչ հասցնում ես։ Ես այսօր աշխատում եմ հիմնադրամում, ԵՊՀ ուսանողական խորհրդի փոխնախագահն եմ, միաժամանակ սովորում եմ և՛ ասպիրանտուրայում, և՛ մագիստրատուրայում (երկրորդ մասնագիտացումն եմ ստանում)։
- Ի՞նչ դեր ունեն ուսանողական կյանքում ճամփորդությունները, և ինչպե՞ս հնարավորինս հաճախ ճամփորդել:
- Ուսանողական կյանքում ամենաառանցքային և կարևոր քայլն ինձ համար հասարակական ակտիվ գործունեությունն է թե՛ համալսարանում, թե՛ համալսարանից դուրս։ Այժմ հաճախ եմ մասնակցում միջազգային տարբեր ծրագրերի, վերապատրաստումների, դասընթացների։ Կարծում եմ՝ 21-րդ դարում յուրաքանչյուր անհատ պետք է ոչ միայն հմուտ լինի իր մասնագիտության մեջ, այլև ունենա բարձր ակտիվություն, հարակից ոլորտներից հնարավորինս շատ գիտելիքներ և հմտություններ։ Հետաքրքիր է, որ շուրջ 10 երկիր եմ մեկնել, որի համար գումար չեմ վճարել. բոլորը եղել են կրթական ծրագրեր, վերապատրաստումներ։
Անի Պողոսյան