ԵՊՀ ուսանողների և բարձրագույն կրթություն ունեցող անձանց մանկավարժի հավաստագրումը կատարվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 25.03.2024 թվականի N432-Ա/2 հրամանի, ՀՀ իրավական այլ ակտերի և ««Երևանի պետական համալսարան» հիմնադրամում մանկավարժահոգեբանական ու ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման համար վերապատրաստման (ուսուցման) դասընթացների (ծրագրի) կազմակերպման ընթացակարգ»-ի պահանջներին (հաստատվել է ԵՊՀ գիտական խորհրդի 2024 թ. հուլիսի 11-ի թիվ 22/1 որոշմամբ) համապատասխան:
Դասընթացներին մասնակցելու հնարավորություն ունեն տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող անձինք և ԵՊՀ ուսանողները՝ ռեկտորի հրամանով հաստատված մասնագիտությունների ցանկին համապատասխան:
Դասընթացները կազմակերպվում են վճարովի հիմունքներով: Վճարման կարգը սահմանվում է մասնակցի հետ կնքվող պայմանագրով, իսկ վճարման չափը՝ ռեկտորի հրամանով:
Բարձրագույն կրթությամբ մասնակիցների համար դասընթացների տևողությունը 3 ամիս է, իսկ ԵՊՀ ուսանողները դասընթացներին մասնակցում են հիմնական կրթաբլոկին զուգահեռ՝ «240 ECTS կրեդիտ + 30 ECTS» կրեդիտ ձևաչափով՝ ուսումնական պլանին ու դասացուցակին համապատասխան:
Բարձրագույն կրթությամբ մասնակիցը դասընթացներին մասնակցելու դիմումը ներկայացնում է Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն, իսկ ԵՊՀ ուսանողը՝ համապատասխան ուսումնական ստորաբաժանման գրասենյակ:
Ծրագրի ավարտից հետո առնվազն 30 կրեդիտ կուտակած մասնակցին շնորհվում է մանկավարժի երկլեզու հավաստագիր: Սույն հավաստագրով վերջինս կարող է ուսուցիչ աշխատել՝ համաձայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների: