Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ծնվել է 1912 թ. նոյեմբերի 23-ին Երևանում: 1936 թ. ավարտել է Մոսկվայի Վ. Կույբիշի անվան ռազմաճարտարագիտական ակադեմիան և աշխատանքի անցել Սևան-Զանգուշին վարչությունում որպես ճարտարագետ, միաժամանակ դասավանդել ԵրՊԻ- ում:
1937 թ. ընդունվել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) պոլիտեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրա: 1941 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և մեկնել ռազմաճակատ: 1945 թ. զորացրվել է, վերադարձել Հայաստան և վերսկսել իր գիտամանկավարժական գործունեությունը: 1949 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: 1950 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում, նույն թվականին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս:
1952-1955 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար: 1955 թ. նշանակվել է ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտի սողքի և ամրության նորաստեղծ լաբորատորիայի վարիչ, 1959 թ. ընտրվել ՀԽՍՀ ԳԱ փոխնախագահ:
1945-1951 թթ. դասավանդել է ԵրՊԻ-ում, 1951-ից՝ ԵՊՀ-ում՝ լինելով տեսական մեխանիկայի ամբիոնի պրոֆեսոր, 1958-1978 թթ.՝ առաձգականության և պլաստիկության տեսության (այժմ՝ հոծ միջավայրի մեխանիկա) ամբիոնի վարիչ:
1961 թ. նշանակվել է ԵՊՀ ռեկտոր: Նրա նախաձեռնությամբ ԵՊՀ-ում ստեղծվել են բջջաբանության ամբիոնը, ՀԽՍՀ ԳԱ և ԵՊՀ միացյալ հաշվողական կենտրոնը, ամրապնդվել ԵՊՀ գիտական և ուսումնական կապերը Մոսկվայի, Լենինգրադի պետական համալսարանների, ինչպես նաև ԽՍՀՄ և արտասահմանյան այլ առաջնակարգ բուհերի ու գիտական կենտրոնների հետ:
Հեղինակ է շուրջ 200 գիտական աշխատությունների, այդ թվում՝ ութ հիմնարար մենագրության: Նրա «Սողքի տեսության մի քանի հարցեր» (Մ., 1952) մենագրությունը հրատարակվել է անգլերեն, ֆրանսերեն, չինարեն, իսկ առանձին գլուխներ՝ նաև գերմաներեն, լեհերեն և ռումիներեն:
1962-1975 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԽ Նախագահության նախագահ:
1975 թ. տեղափոխվել է Մոսկվա և գլխավորել ԽՍՀՄ ԳԱ մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտի առաձգակամածուցիկ մարմինների մեխանիկայի բաժինը՝ զուգահեռաբար ղեկավարելով նաև ՀԽՍՀ ԳԱ մեխանիկայի ինստիտուտի առաձգակամածուցիկության տեսության բաժինը:
Երկար տարիներ եղել է ԽՍՀՄ տեսական և կիրառական մեխանիկայի գծով ազգային կոմիտեի նախագահության անդամ, «Հայկական ԽՍՀ ԳԱ տեղեկագիր, մեխանիկա» գիտական պարբերականի գլխավոր խմբագիր:
Բազմիցս ընտրվել է ՀԽՍՀ և ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր:
1962 թ. արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:
Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, Հայրենական պատերազմի I, II աստիճանի, Կարմիր աստղի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով:
Վախճանվել է 1993 թ. հունվարի 18-ին Մոսկվայում: