Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ
Ծնվել է 1955 թ. ապրիլի 12-ին Գորիսում: 1961 թ. նրանց ընտանիքը տեղափոխվել է Երևան: 1972 թ. ավարտել է թիվ 19 միջնակարգ դպրոցը, 1977 թ.՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետը, 1981 թ.՝ ԽՍՀՄ ԳԱ Մոսկվայի ԽՍՀՄ պատմության ինստիտուտի ասպիրանտուրան:
1983 թ. պաշտպանել է թեկնածուական, 2000 թ.՝ դոկտորական ատենախոսություն: 2005 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 2006 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ:
1981-1986 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի կրտսեր, ապա՝ ավագ գիտաշխատող: 1986-ից աշխատել է ԵՊՀ-ում: 1986-1990 թթ. եղել է ԽՍՀՄ պատմության ամբիոնի ասիստենտ, 1990-2000 թթ.՝ հայոց պատմության ամբիոնի դոցենտ, 2000-ից՝ նույն ամբիոնի պրոֆեսոր, 1993-1995 թթ.՝ ԵՊՀ գիտքարտուղար, 1995-2000 թթ.՝ ԵՊՀ ուսումնական վարչության պետ, 2000-2006 թթ.՝ հումանիտար ֆակուլտետների ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, 2006 թ.՝ նաև ռեկտորի պաշտոնակատար: 2006-2019 թթ.՝ ԵՊՀ ռեկտոր, 2008-ից՝ նաև ՀՀԻ տնօրենը:
Հեղինակ է գիտական և ուսումնամեթոդական ավելի քան 100 աշխատանքների և մի շարք մենագրությունների, որոնցից են «Արևելյան Հայաստանի պրոլետարիատի պատմություն» (Եր.,1988), «Рабочие Закав казья в общероссийском рынке наемного труда в конце XIX-XX вв. (историко-статистический анализ)» (Ер., 1995), «Զանգեզուրի գոյամարտը 1920-1921 թթ.» (Եր., 2000), «Զանգեզուրի հերոսամարտը 1917-1920 թթ.» (Եր., 2009), «Զանգեզուրի գոյապայքարը 1917-1921 թթ.» (Եր., 2017):
Համահեղինակ և խմբագիրն էր հանրակրթական հիմնական և ավագ դպրոցների, ինչպես նաև բուհական «Հայոց պատմություն» դասագրքերի և ուսումնական բազմաթիվ ձեռնարկների:
Ա. Համբարյանի հետ Հայաստանում սկիզբ է դրել պատմագիտության մեջ մաթեմատիկական մեթոդների կիրառմանը:
Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական երկու տասնյակ ատենախոսություն:
2014-2022 թթ. եղել է «Հայագիտության հարցեր» գիտական հանդեսի հիմնադիր գլխավոր խմբագիրը, 2016-2022 թթ՝ Հայաստանի պատմագետների միության նախագահը:
Մասնակցել է միջազգային, միութենական և հանրապետական բազմաթիվ գիտաժողովների: Բազմիցս հրավիրվել է աշխարհի մի շարք երկրների գիտակրթական կենտրոններ, զբաղվել գիտական աշխատանքով, հանդես եկել դասախոսություններով ու զեկուցումներով:
2009 թ. պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:
2014 թ. արժանացել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:
Վախճանվել է 2022 թ. հունիսի 8-ին Երևանում: