Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Ծնվել է 1958 թ. ապրիլի 29-ին Երևանում: 1975 թ. ավարտել է ԵՊՀ-ին կից ֆիզիկամաթեմատիկական գիշերօթիկ դպրոցը, 1980 թ.՝ ԵՊՀ մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը:
1982 թ. պաշտպանել է թեկնածուական, 1992 թ.՝ դոկտորական ատենախոսություն: 1988 թ. նրան շնորհվել է դոցենտի, 2003 թ.՝ պրոֆեսորի կոչում: 2000 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, 2010 թ.՝ ակադեմիկոս:
1980-1983 թթ. ղեկավարել է ԵՊՀ մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետի հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության ուսումնական լաբորատորիան, միաժամանակ դասախոսել նույն ֆակուլտետում: 1983-1992 թթ. եղել է ԵՊՀ օպտիմալ կառավարման տեսության և մոտավոր մեթոդնեի ամբիոնի դոցենտ, 1992-1997 թթ.՝ նույն ամբիոնի պրոֆեսոր: 1997-2004 թթ. ղեկավարել է ԵՊՀ մաթեմատիկական անալիզի ամբիոնը: 2002-2004 թթ. եղել է ՀՀ ԳԱԱ գիտակազմակերպական վարչության պետ, 2004-2008 թթ.՝ ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, 2008-2019 թթ.՝ ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր, 2019-2021 թթ. ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: 2021 թվականից ԵՊՀ մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոնի ղեկավարն է:
Աշխատությունները հիմնականում վերաբերում են օրթոգոնալ համակարգերին և հարմոնիկ անալիզի խնդիրներին: Ստացել է մի շարք կարևոր արդյունքներ եռանկյունաչափական, Ուոլշի, Հաարի, Ֆրանկլինի և օրթոգոնալ շարքերի միակության, զուգամիտության և այդ շարքերով մոտարկումների վերաբերյալ:
Հեղինակ է ավելի քան ինը տասնյակ գիտական հոդվածների, համահեղինակ՝ «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» (Եր., 2010) հանրակրթական դպրոցի 10-12-րդ դասարանների դասագրքերի, ինչպես նաև «Մաթեմատիկական անալիզի խնդրագիրք» (Եր., 2005) բուհական դասագրքի:
Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 7 ատենախոսություն:
2008-ից ԵՊՀ-ում գործող մաթեմատիկայի մասնագիտական խորհրդի նախագահն է:
1981 թ. արժանացել է ԽՍՀՄ ԲՄՄԿՆ, 1994 թ.՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի մրցանակների:
2009 թ. պարգևատրվել է ՀՀ Անանիա Շիրակացու մեդալով:
2017 թ. արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի: