15․06․2022

Մեծարգո՛ պարոն վարչապետ, հարգելի՛ պատգամավորներ, Կառավարության հարգելի՛ անդամներ, պատվարժա՛ն հյուրեր, սիրելի՛ համալսարանականներ,
այսօր այս ջերմ ու լուսավոր սրահում մեծ հանդիսավորությամբ կազմակերպված միջոցառումը սոսկ վկայականների հանձնման արարողություն չէ. այն իր մեջ ամփոփում է մեր շրջանավարտների երկարամյա աշխատանքը, մեր դասախոսների փորձն ու վարպետությունը, կրթական գործընթացն ապահովող բոլոր աշխատակիցների ջանքն ու ներդրումը։
Սիրելի՛ շրջանավարտներ, այսօր ձեզ և ձեր հարազատներին պետք է համակի հպարտության զգացումը, քանի որ կրթական ու գիտական փառավոր պատմություն ունեցող Մայր բուհում ձեր անցկացրած տարիները եղել են ոչ միայն մասնագիտություն ստանալու, այլև ինտելեկտուալ բացահայտումների, անթիվ ձեռքբերումների, անմնացորդ նվիրումի և որպես քաղաքացի լիարժեք ձևավորվելու ժամանակաշրջան:
Այսուհետ ձեզ պետք է համակի նաև պատասխանատվության զգացումը, քանի որ պետք է ապացուցեք, որ համալսարանում անցկացված տարիները եղել են արդյունավետ ու բովանդակալից։ Ձեր գործունեությամբ դուք պետք է նպաստեք ավելի արդար ու կիրթ հասարակություն, առավել հզոր ու բարեկեցիկ երկիր ձևավորելու գործին։ Այժմ ձեզնից է կախված, թե ինչպիսին կլինի մեր հասարակությունը, ինչ նպատակներ կսահմանենք և ինչպես կվերարժևորենք մեր ունեցածն ու երազածը՝ այդ նպատակներն իրականություն դարձնելու համար։
Սիրելի՛ շրջանավարտներ, միշտ հիշե՛ք, որ մարտահրավերներին դիմակայելու համար մեզ անհրաժեշտ են գիտելիք, հմտություն, երևակայություն և ստեղծագործականություն: Իմացե՛ք, որ կրթությունն է մեզ օգնելու ավելի լավ ճանաչել ու հասկանալ աշխարհը, և հենց կրթության միջոցով ենք կարողանալու աշխարհն ավելի լավը դարձնել, ուստի երբեք չդադարե՛ք ինքնակրթվելուց։
Գիտության ոլորտի ֆինանսավորման ավելացմանն ուղղված՝ ՀՀ Կառավարության որոշումը, ԵՊՀ-ում իրականացված բարեփոխումներն ու նոր ծրագրերը վկայում են, որ մեր երկրում այսօր գիտությամբ զբաղվելը արժևորված է ու պատվաբեր, և ես հուսով եմ, որ ձեզանից շատերն իրենց խոսքը կասեն նաև այս ոլորտում` շարունակելով մեր ունեցած լավագույն ավանդույթները, կատարելով արդյունավետ հետազոտություններ, լուծելով տարբեր խնդիրներ և գրանցելով նշանակալի բացահայտումներ ու արժեքավոր արդյունքներ։
Սիրելի՛ շրջանավարտներ, եղե՛ք ստեղծագործ, համարձակ, օգտվե՛ք ձեզ ընձեռված բոլոր հնարավորություններից, և թող ուսումնառության ընթացքում ստացած ձեր գիտելիքներն ու հմտություններն առաջնորդեն ձեզ ձեր երազանքներն իրականացնելու, մեր պետության արժանապատիվ քաղաքացի լինելու և հզոր ու երջանիկ երկիր կառուցելու ճանապարհին։
Վստահեցնում եմ, որ Երևանի պետական համալսարանը միշտ լինելու է ձեր կողքին, որ կարողանաք առավելագույնս օգտագործել ձեր ներուժը և բավականություն ստանաք ձեր աշխատանքից։
Ապագայի կերտման ճանապարհին մենք ձեր մշտական գործընկերն ենք, աջակիցն ու հովանավորը, և ես վստահ եմ, որ համալսարանի հետ անխախտ միասնության զգացողությունը մշտապես կապրի ձեր սրտերում։
Ելույթի ամբողջական տեսանյութը՝ այստեղ՝ https://www.facebook.com։