ԵՊՀ գիտական խորհուրդ
Գիտական խորհուրդը ԵՊՀ ուսումնամեթոդական, գիտահետազոտական ու գիտատեխնիկական գործունեությունը պլանավորող, համակարգող ու կարգավորող կոլեգիալ մարմին է, որի լիազորությունների ժամկետը հինգ տարի է:
ԵՊՀ գիտական խորհուրդն իր լիազորություններն իրականացնում է հերթական ու արտահերթ նիստերի միջոցով: Հերթական նիստերը հրավիրվում են տարեկան առնվազն ութ անգամ:
Գիտական խորհրդի նիստերը նախապատրաստում են գիտական խորհրդի նախագահն ու գիտական խորհրդի քարտուղարը:
Գիտական խորհրդի ձևավորման ու գործունեության կարգը սահմանվում է ««Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գիտական խորհրդի աշխատակարգով»:
ԵՊՀ գիտական խորհուրդը հաստատում է իր աշխատակարգը, ռեկտորի միջոցով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին ներկայացնում կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու կամ լուծարելու վերաբերյալ առաջարկություններ, հաստատում է կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության օրինակելի կանոնակարգերն ու ներքին իրավական այլ ակտեր, ԵՊՀ էթիկայի կանոնագիրքը, ԵՊՀ ներքին կարգապահական կանոնները, ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումների հիմնական գործունեությունը, ինչպես նաև ուսումնական գործընթացը կանոնակարգող ներքին իրավական այլ ակտեր, քննարկում ու հաստատում է մասնագիտությունների կրթական ծրագրերը, ըստ մասնագիտությունների՝ սահմանում է վճարաչափերը, քննարկում է գիտական գործունեության գլխավոր ու հեռանկարային ուղղությունները, լսում է գիտական հաղորդումներ ԵՊՀ-ում կատարվող գիտահետազոտական ու գիտամեթոդական կարևորագույն աշխատանքների արդյունքների մասին,ընդունում է պատվավոր կոչումներ շնորհելու, մրցանակներ, անվանական ու այլ կրթաթոշակներ տալու, ԵՊՀ շքանշանով ու մեդալով պարգևատրելու, հանրապետական ու միջազգային պարգևների ու կոչումների համար թեկնածություններ ներկայացնելու մասին որոշումներ, հաստատում է ինստիտուտների տնօրենների, ֆակուլտետների դեկանների, գիտահետազոտական կենտրոնների ղեկավարների, ամբիոնների վարիչների ու պրոֆեսորադասախոսական համակազմի ընտրությունների ընթացակարգերը, շնորհում է գիտական կոչումներ, ընտրում է ինստիտուտի տնօրեն, ֆակուլտետի դեկան, բաց քվեարկությամբ հաստատում է գիտահետազոտական կենտրոնի ղեկավարի, ամբիոնի վարիչի, պրոֆեսորի թափուր պաշտոնների տեղակալման մրցույթների արդյունքները, լսում է ինստիտուտի տնօրենի, ֆակուլտետի դեկանի ամենամյա հաշվետվությունները, դրանց հիման վրա փակ, գաղտնի քվեարկությամբ գնահատում նրանց գործունեությունը:
ԵՊՀ գիտական խորհրդի կազմը
Գիտական խորհրդի անդամների ընդհանուր թիվը 80 է, որի առնվազն 50 տոկոսն ընտրովի անդամներն են: Գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են ռեկտորը (գիտական խորհրդի նախագահ), պրոռեկտորները, գիտական քարտուղարը (գիտական խորհրդի քարտուղար), ինստիտուտների, ֆակուլտետների, մասնաճյուղերի ղեկավարները, ռեկտորի նշանակմամբ՝ կառուցվածքային այլ ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև ընտրովի անդամներ՝ սույն աշխատակարգին համապատասխան։ Գիտական խորհրդի անդամների թվի քսանհինգ տոկոսը (20 անդամ) սովորողներն են, որոնց առաջադրումն իրականացնում է համապատասխան մակարդակի ուսանողական խորհուրդը, իսկ ընտրությունն իրականացնում է ԵՊՀ ուսանողական խորհուրդն իր կանոնադրությամբ սահմանված կարգով: Ընտրովի անդամների համամասնությունն ու ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումներին հատկացվող տեղերի չափաբաժինները որոշում է գիտական խորհուրդը գիտական խորհրդի նախագահի առաջարկությամբ, իսկ ստորաբաժանումներում անդամների ընտրությունը կատարվում է ստորաբաժանման կանոնադրությամբ սահմանված կարգով: Գիտական խորհրդի անվանական կազմը հաստատվում է ռեկտորի հրամանով:
ԵՊՀ գիտական խորհրդի հանձնաժողովները
Գիտական խորհրդի որոշմամբ, ըստ անհրաժեշտության, կարող են ստեղծվել մշտական կամ ժամանակավոր հանձնաժողովներ (իրավական ակտերի մշակման ու փորձաքննության, մրցութային, որակի ապահովման, մեթոդական և այլն), որոնց կարգավիճակը, կառուցվածքը, իրավասությունն ու աշխատակարգը սահմանում է գիտական խորհուրդը («ԵՊՀ գիտական խորհրդի աշխատակարգ» ու գիտական խորհրդի կազմ):
Հանձնաժողովների խնդիրներն են իրենց կանոնակարգման ոլորտի հարցերի ուսումնասիրումը, նախապատրաստումն ու դրանց վերաբերյալ գիտական խորհրդին առաջարկությունների ներկայացումը: Հանձնաժողովների կառուցվածքն ու կազմը որոշում է գիտական խորհուրդը:
ԵՊՀ գիտական խորհրդին կից մրցութային մշտական հանձնաժողովը եզրակացություն է տալիս ԵՊՀ թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթում թեկնածուների կողմից ներկայացված փաստաթղթերի՝ ԵՊՀ համապատասխան կանոնակարգին համապատասխանության, պրոֆեսորի կամ դոցենտի գիտական կոչման թեկնածուների կողմից ներկայացված փաստաթղթերի՝ ՀՀ Կառավարության կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգին» համապատասխանության վերաբերյալ, իրականացնում այլ լիազորություններ:
ԵՊՀ գիտական խորհրդին կից իրավական ակտերի նախագծերի մշակման և փորձաքննության մշտական հանձնաժողովը մշակում է ԵՊՀ գիտական խորհրդի հաստատմանը ենթակա ներքին իրավական ակտերի նախագծերը, եզրակացություն է տալիս ռեկտորի կողմից հանձնաժողովին ներկայացվող փաստաթղթերի իրավական հիմնավորվածության վերաբերյալ, իրականացնում է ԵՊՀ ներքին իրավական ակտերի իրավական փորձաքննություն, տալիս է ԵՊՀ ներքին իրավական ակտերի կամ դրանց որոշ դրույթների կիրարկման վերաբերյալ պարզաբանումներ, իրականացնում այլ լիազորություններ:
ԵՊՀ գիտական խորհրդին կից որակի ապահովման մշտական հանձնաժողովը մշակում է ԵՊՀ գիտական խորհրդի հաստատմանը ենթակա որակի ներքին և արտաքին ապահովման ոլորտի իրավական ակտերի նախագծերը, տալիս է ԵՊՀ որակի ներքին ապահովման ոլորտին առնչվող չափորոշիչների, գործընթացների և/կամ ընթացակարգերի կիրարկման, նոր և վերանայված կրթական ծրագրերի հաստատման վերաբերյալ երաշխավորություններ և առաջարկներ, համագործակցում է ԵՊՀ որակի ապահովման այլ կառույցների ու խմբերի հետ, իրականացնում է այլ լիազորություններ:
ԵՊՀ գիտական խորհրդին կից էթիկայի մշտական հանձնաժողովի խնդիրն է համալսարանում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի պահպանմանն ուղղված անհրաժեշտ գործողությունների իրականացումը: