31․10․2024 թ․
Սիրելի՛ համալսարանականներ, հարգելի՛ հյուրեր,
յուրաքանչյուր երկրի բարօրության հիմքում կայուն ու հզոր տնտեսությունն է, որը ձևավորվում է բանիմաց ու արհեստավարժ մասնագետների աշխատանքի շնորհիվ: Հենց այս գիտակցմամբ Երևանի պետական համալսարանը, հիմնադրման առաջին իսկ օրերից կարևորելով տնտեսագիտական կրթության առաքելությունը, ստեղծեց տնտեսագիտության ֆակուլտետը:
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը, որը պաշտոնապես հիմնադրվել է 1934 թվականին, այսօր մեր համալսարանի անբաժանելի ու կարևորագույն բաղադրիչներից է՝ որպես մասնագիտական ու գիտական հզոր կենտրոն։ 90 տարի շարունակ ֆակուլտետը կրթել է հազարավոր ուսանողների՝ նրանց փոխանցելով մասնագիտական արժեքներ և պատրաստելով այնպիսի մասնագետներ, որոնք իրենց արհեստավարժությամբ կարևոր ներդրում են ունենում ինչպես մեր երկրի, այնպես էլ համաշխարհային տնտեսության զարգացման գործում։
Հոբելյանական այս տարեթիվը հրաշալի առիթ է վերարժևորելու մեր անցած ուղին, հարգանքի տուրք մատուցելու բոլոր նրանց, ովքեր իրենց նվիրական աշխատանքով նպաստել են ֆակուլտետի զարգացմանը: Միաժամանակ, այն նոր նպատակներ սահմանելու, ֆակուլտետի ապագան ուրվագծելու և միասին այդ ուղղությամբ առաջ ընթանալու հրավեր է:
Մենք պատրաստ ենք շարունակելու կրթական ու հետազոտական ծրագրերի զարգացումը, խրախուսելու մեր դասախոսների ու ուսանողների նորարարական նախաձեռնությունները՝ ստեղծելով այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուրը կկարողանա իրացնել իր ողջ ներուժը՝ նպաստելով մեր առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ու մեր երկրի առավել հզոր ու մրցունակ տնտեսության կառուցմանը։
Շնորհակալ եմ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին՝ նվիրվածության և կրթության հանդեպ սիրո ու այդ սերն ուսանողներին փոխանցելու համար։
Շնորհակալություն եմ հայտնում ֆակուլտետի ողջ անձնակազմին, շրջանավարտներին, ուսանողներին և գործընկերներին՝ ֆակուլտետը ոլորտի առաջատար կենտրոն դարձնելու և այն շարունակաբար զարգացնելու գործում ունեցած անգնահատելի ավանդի համար:
Շնորհավորում եմ բոլորիս ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակի և վերաբացման 40-ամյակի կապակցությամբ: Վստահ եմ՝ մեզ դեռ շատ առիթներ են սպասվում՝ հպարտանալու ֆակուլտետի հաջողություններով ու նվաճումներով։