ԵՊՀ ռեկտորի ուղերձը
Մեր երկրի նորագույն պատմության նշանակալի իրադարձություններից մեկը Երևանի պետական համալսարանի հիմնադրումն է։ Սկզբնավորումից ի վեր համալսարանը եղել և մնում է մեր երկրի որակյալ կրթության ու գիտության կազմակերպման, մտավոր ներուժի, մտքերի ու գաղափարների գեներացման հիմնական տեղն ու հարթակը։
Բացառիկ է ԵՊՀ դերը նաև աշխարհի գիտական մտքին հաղորդակցվելու, արդիական միտումները հասկանալու, մշակութային արժեքները պահպանելու և հարստացնելու, ինչպես նաև երկրի ընդհանուր առաջընթացն ապահովելու գործում։
Այսօր ԵՊՀ-ում իրագործվում են բարեփոխման բազմաբնույթ ծրագրեր, և մենք միասնական ջանքերով պետք է ապահովենք դրանց իրականացումը՝ մեր ուսանողներին, դասախոսներին, հետազոտողներին և աշխատակիցներին ընձեռելով նոր հնարավորություններ, աշխատանքային ստեղծագործ պայմաններ ու ոգեշնչող միջավայր։
Բարձրացնելով ուսումնառության որակը, խթանելով նորարար հետազոտությունները, ընդլայնելով միջազգային համագործակցությունն ու ամրապնդելով գիտական հաղորդակցությունն աշխարհի հետ՝ մենք միասին կկարողանանք ԵՊՀ-ն դարձնել միջազգային առաջատար կրթական ու հետազոտական կենտրոն, արդյունավետ կիրառել մեր հսկայական ներուժը և միջազգային հանրությանը ներկայանալ կրթական մրցունակ ծրագրերով, նշանավոր բացահայտումներով ու արժեքավոր գաղափարներով։