
Համալսարանական կյանքին շրջանավարտների մասնակցությունն ավելի ակտիվ ու առարկայական դարձնելու նպատակով ԵՊՀ-ն նախաձեռնում է շրջանավարտների ամենամյա ֆորումի նոր ձևաչափ, որը հնարավորություն կստեղծի տարբեր բնագավառներում մասնագիտացած համալսարանականներին իրենց փորձն ու գիտելիքը ներկայացնելու ուսանողներին, դասախոսներին, շրջանավարտների համայնքին և բոլոր հետաքրքրված անձանց։
Ֆորումն իրականացվում է հիբրիդային եղանակով, ինչը հնարավորություն կտա Երևանից և Հայաստանից դուրս բնակվող ու աշխատող շրջանավարտներին ևս իրենց մասնակցությունն ունենալու միջոցառմանը։
Միջոցառումը բազմաբաղադրիչ է և հարուստ տարբեր ձևաչափերով՝ պանելային քննարկումներ, զրույց-ներկայացումներ, աշխատարաններ, վարպետության դասընթացներ, որոնց ընթացքում տարբեր գիտակարգերում մասնագիտացած շրջանավարտները կարող են ներկայացնել ոլորտային վերջին զարգացումներն ու միտումները, պատմել իրենց աշխատանքային հաջողությունների մասին ու քննարկել գիտության, կրթության, տնտեսության, քաղաքական ու հասարակական կյանքի և այլ բնագավառների արդի խնդիրները։
ԵՊՀ շրջանավարտների ֆորումը նաև ցանցային համագործակցության կարևոր հարթակ է։ Այստեղ տարբեր տարիների շրջանավարտները բացառիկ հնարավորություն ունեն թարմացնելու հին կապերը և ստեղծելու նորերը։
Շրջանավարտների ֆորումը համալսարանական համայնքի ամենամյա հավաք է, որն առանձնահատուկ հնարավորություն է համատեղ գաղափարների ու ծրագրերի մշակման և իրագործման համար։