ԵՊՀ շրջանավարտ լինելը կարգավիճակ է և համալսարանական ռեսուրսն օգտագործելու շարունակական հնարավորություն։ Համալսարան-շրջանավարտ կապը փոխշահավետ համագործակցության մեծ ներուժ է պարունակում, որից օգտվելու համար անհրաժեշտ է տանել հետևողական ու համակարգված աշխատանք։
ԵՊՀ շրջանավարտների ցանցն այն ձևաչափն է, որի շնորհիվ ԵՊՀ-ն իր շրջանավարտներին ընձեռում է համալսարանական միջավայրում շարունակական ներգրավման, համալսարանի ու միմյանց հետ հաղորդակցվելու և համագործակցային բազմաթիվ հնարավորություններ։
Ցանցի հիմքում փոխկապակցված երկու միավորներ են՝ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ու շրջանավարտների ներգրավմամբ և նրանց անմիջական մասնակցությամբ ձևավորված ցանցի կառավարման համակարգը՝ Գործադիր խորհրդի ու տարածքային և մասնագիտական միավորների տեսքով։ Այս համակարգի շնորհիվ ԵՊՀ-ն հանձն է առնում կազմակերպական և հաղորդակցական գործառույթներն իրականացնելու, իսկ շրջանավարտները՝ ցանցի բովանդակային բաղադրիչը ձևավորելու պարտավորությունը։
Ցանցի ձևավորման և գործունեության պլանավորման համար ԵՊՀ-ն ամեն տարի կազմակերպելու է Շրջանավարտների ֆորում, որի ընթացքում մշակվելու են ցանցի գործունեության ռազմավարությունն ու ծրագրերը, ձևավորվելու են Գործադիր խորհուրդը, տարածքային և մասնագիտական միավորները։