ԵՊՀ շրջանավարտների հիմնադրամը համալսարանական նոր նախաձեռնություն է, որը շրջանավարտների համայնքի համախմբմամբ կարևոր խնդիրների հասցեագրման հնարավորություն է ստեղծում։
Հիմնադրամը շրջանավարտների հանգանակությամբ և ներդրմամբ կաջակցի կրթական, գիտահետազոտական և ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, կնպաստի համալսարանի և համալսարանական համայնքի զարգացմանը։
Շրջանավարտների ամենամյա ֆորումը կօգտագործվի որպես նախագծային գաղափարների գեներացման և նախաձեռնությունների ձևավորման հարթակ, իսկ ամեն հաջորդ ֆորումի ընթացքում կներկայացվեն հիմնադրամի աջակցությամբ իրագործված ծրագրերի արդյունքները։
Հիմնադրամի կառավարումն իրականացվելու է համալսարանի և շրջանավարտների համատեղ ջանքերով։ Այս գործընթացն իր մեջ է ներառելու ռեսուրսների հայթայթումը, ծրագրային գաղափարների հավաքագրումն ու ֆինանսավորումը, ծրագրերի իրականացման ընթացքի մշտադիտարկումը և դրանց վերջնարդյունքի գնահատումն ու հանրայնացումը։
Այս ձևաչափի կարևոր առանձնահատկությունը ծրագրերի իրականացման ընթացքում շրջանավարտների մասնագիտական ներդրման հնարավորությունն է։ Ցանկության ու անհրաժեշտության դեպքում շրջանավարտների համայնքի ներկայացուցիչները կարող են իրենց մասնագիտական խորհրդատվությունը տրամադրել համալսարանին և ծրագրերն իրականացնող հետազոտողներին, դասախոսներին և ուսանողներին։
Հիմնադրամի կայացման համար համալսարանը կկազմակերպի պարբերական դրամահավաքներ, տոնավաճառներ, մշակութային միջոցառումներ ու ցուցահանդեսներ, որոնց հասույթը կօգտագործվի ծրագրերի ֆինանսավորման համար։
Կարևորելով թափանցիկությունն ու հաշվետվողականությունը՝ ԵՊՀ շրջանավարտների հիմնադրամը ամենամյա սկզբունքով կներկայացնի հաշվետվություններ ու կհանրայնացնի գործունեության ընթացքն ու արդյունքները։ Որպես ընթացիկ հաշվետվությունների նեկայացման գործիք կօգտագործվի նաև ԵՊՀ շրջանավարտների տեղեկագիրը, որի առանձին բաժինը նվիրված կլինի հիմնադրամի գործունեության լուսաբանմանը։