Ս.թ. հոկտեմբերի 2-6-ը ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ անցկացվելու է ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային երիտասարդական 9-րդ գիտաժողովը՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 105-ամյակին:
Գիտաժողովն ուսանողներին, ասպիրանտներին և երիտասարդ գիտնականներին հնարավորություն է ընձեռում ակադեմիական լսարանին ներկայացնելու իրենց գիտական հետազոտության արդյունքները, կատարելագործելու գիտական աշխատանք կատարելու հմտությունները, ինչպես նաև կապեր հաստատելու Հայաստանի և արտերկրի երիտասարդ հետազոտողների հետ:
Մասնակցության չափանիշները
Գիտական նստաշրջանին մասնակցելու հնարավորություն ունեն ուսանողներ, ասպիրանտներ, հայցորդներ և մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականներ բոլոր երկրների բուհերից ու գիտահետազոտական այլ հաստատություններից: 35-ից բարձր տարիք ունեցող մասնագետները կարող են նստաշրջանին մասնակցել որպես հրավիրյալ զեկուցողներ՝ ներկայացնելով իրենց գիտական հետազոտության արդյունքները կամ խոսելով իրենց մասնագիտության արդի հիմնախնդիրների շուրջ: Զեկուցումների առավելագույն տևողությունը 15 րոպե է:
Ինչպե՞ս դիմել
Գիտական նստաշրջանին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. օգոստոսի 20-ը լրացնել առցանց հայտադիմումը, իսկ զեկուցման սեղմագիրը (առնվազն 200 բառ) ուղարկել հետևյալ էլհասցեին՝ sss@ysu.am:
Ստացված հայտերն անցնելու են մասնագիտական դիտարկման փուլ, և միայն դրական արդյունքի պարագայում կհաստատվի հայտատուի մասնակցությունը գիտական նստաշրջանին: Դիտարկման արդյունքների վերաբերյալ հայտատուներին կտեղեկացվի մինչև ս.թ. սեպտեմբերի 17-ը:
Թեմատիկ ուղղությունները
Գիտաժողովին ներկայացվող զեկուցումները ներառվելու են մասնագիտական հետևյալ բաժանմունքներում՝
1. Աշխարհագրություն և երկրաբանություն
2. Աստվածաբանություն
3. Արևելագիտություն
4. Գրականագիտություն
5. Ժուռնալիստիկա
6. Իրավագիտություն
7. Լեզվաբանություն
8. Կենսաբանություն
9. Կիրառական մաթեմատիկա և համակարգչային գիտություններ
10. Մաթեմատիկա և մեխանիկա
11. Մանկավարժություն
12. Պատմություն
13. Ռադիոֆիզիկա և ֆիզիկա
14. Սոցիոլոգիա
15. Տնտեսագիտություն և կառավարում
16. Փիլիսոփայություն և հոգեբանություն
17. Ցեղասպանագիտություն
18. Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ
19. Քիմիա և ֆարմացիա
Հոդվածների հրատարակում
Գիտաժողովի բոլոր զեկուցողներին տրվելու են մասնակցության հավաստագրեր:
Գիտական նստաշրջանին զեկուցված նյութերը կրկնակի գրախոսության փուլը հաղթահարելու և տպագրության երաշխավորվելու դեպքում տպագրվելու են «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» գիտական պարբերականում: Պարբերականի էլեկտրոնային համարները տեղադրված են ԵՊՀ ՈՒԳԸ հրատարակումների կայքէջում:
Մեկ մասնակիցը կարող է ներկայացնել միայն մեկ զեկուցում: Մեկից ավելի հայտ ներկայացնելու պարագայում զեկուցման կթույլատրվի ներկայացված վերջին հայտը, եթե հայտատուն չի տեղեկացնում այլ նախընտրության մասին: