Երևանի պետական համալսարանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից ֆինանսավորվող «Ամերիկյան հետազոտություններ» («American Studies») դրամաշնորհային ծրագրի շրջանակում հայտարարում է ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնի հետազոտողների մրցույթ ամերիկագիտության կամ հարակից բնագավառների գիտահետազոտական ներուժի համախմբումը, համապատասխան գիտական միջավայրի ձևավորումը և զարգացումը, ամերիկագիտության ոլորտում գիտահետազոտական աշխատանքների կատարումը խթանելու նպատակով:
Մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեն ամերիկագիտության կամ հարակից ակադեմիական գիտակարգերի բնագավառում գիտահետազոտական հետաքրքրություններ և փորձ ունեցող հետազոտողներ։
Մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջներն են`
առնվազն հինգ տարվա գիտահետազոտական փորձառություն ամերիկագիտության կամ հարակից բնագավառներում,
գիտական աստիճան հասարակական գիտությունների ոլորտում,
միջազգային ակադեմիական հետազոտական փորձառությունը կդիտվի որպես առավելություն:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
ինքնակենսագրական (CV),
գիտական հետաքրքրությունների շրջանակի (Statement of Interests) նկարագրություն՝ 3-5 էջի սահմանում,
ամերիկագիտության կամ հարակից ակադեմիական գիտակարգերի բնագավառին վերաբերող գիտական մեկ հոդվածի (կամ համապատասխան տեքստային հատվածի) օրինակ,
հետազոտական առաջարկ (Research Proposal)` առավելագույնը 1500 բառի սահմաններում:
Առաջարկվող թեմաներն են.
- Արհեստական բանականությունը ռազմական ոլորտում. ԱՄՆ ներդրումները գլոբալ կառավարման և համապատասխանության գործում (Military AI and International Law: U.S. Contributions to Global Governance and Compliance)
- ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները և ազդեցությունը տարածաշրջանային ռազմավարական համադրույթի վրա Եվրասիայի օրինակով (The U.S.- Russian relationships and impact on regional strategic landscape: the case of Eurasia)
- ԱՄՆ-ի դերը միջազգային զարգացման մեջ (The Role of the U.S. in international development)
Մրցույթը հաղթահարած դիմորդների հետ կկնքվի պայմանագիր` վեց ամիս ժամկետով (լրացուցիչ երկարաձգման հնարավորությամբ):
Մրցույթի արդյունքներով ընտրված հետազոտողների ակնկալվող աշխատանքային արդյունքը մեկական գիտական հոդվածի տպագրումն է միջազգային պարբերականներում և «Բանբեր Երևանի համալսարանի» գիտական հանդեսում: Ընտրված հետազոտողները հնարավորություն կունենան նաև իրենց պայմանագրերի գործողության ժամկետում Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի շրջանակում անցկացնելու սեմինարների շարք:
Մրցույթի մասնակիցների դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի նոյեմբերի 21-ը:
Դիմումները ներկայացնել ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն կամ՝
amarkarov@ysu.am էլհասցեով ուղարկել «Ամերիկյան հետազոտություններ» ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Ալ․ Մարգարովին,
aglyan@ysu.am էլհասցեով ուղարկել «Ամերիկյան հետազոտություններ» ծրագրի համակարգող, ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, դոցենտ Վ. Ագլյանին: