ԵՊՀ պատմության ֆակուլտետի և ակադեմիկոս Հակոբ Մանանդյանի ծոռնուհի Էլեոնորա Մանանդյանի համատեղ նախաձեռնությամբ հայտարարվում է մրցույթ, որը միտված է Ադրբեջանի կողմից պատմության կեղծարարության և դրանց դեմ արդյունավետ, գիտականորեն փաստարկված պայքարի խնդիրներին։
Մրցույթի հիմնական նպատակը ոչ միայն կեղծարարության կոնկրետ դեպքերի դեմ գործողություններ ներկայացնելն է, այլև հաղթող թիմի կողմից տեսական, մեթոդաբանական մոտեցումների ու սկզբունքների վրա հիմնված ուսումնական մոդուլ (վերապատրաստման) մշակել և ֆակուլտետի ուսանողների համար այդ մոդուլով դասընթացներ կազմակերպելն է։
Մոդուլի հիմքում կարող է դրվել կամ ընդհանրապես հակահայ քարոզչության դեմ պայքարի ընդհանուր ծրագիր, կամ կոնկրետ դեպքերի հետազոտություն, որի միջոցով հնարավոր կլինի բացահայտել ու ներկայացնել հակահայ քարոզչության, մշակութային վանդալիզմի ու յուրացումների ողջ «տեխնոլոգիան» և հստակեցնել դրանց հակադարձելու և հակազդելու ձևերը։
Մշակված նյութը մասնագիտական խմբագրում անցնելուց հետո դառնալու է կրթական ռեսուրս (ըստ անհրաժեշտության կտպագրվի նաև գրքույկի տեսքով)։
Մրցույթին անհրաժեշտ է ներկայացնել վերոնշյալ խնդրի վերաբերյալ ուսումնական մոդուլի նախագիծ՝ 1500-4000 բառի սահմանում (հայտի ձևաչափ)։
Մրցույթին կարող է մասնակցել առնվազն 3 հոգուց բաղկացած խումբ՝ բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական աստիճանների ուսանողների և գիտական ղեկավարի պարտադիր ներգրավմամբ: Գիտական ղեկավարը պետք է լինի ԵՊՀ պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչ կամ ֆակուլտետի ասպիրանտ: Միջմասնագիտական խմբի մասնակցությունը կդիտարկվի որպես առավելություն։
Մասնակցության հայտն անհրաժեշտ է ուղարկել history@ysu.am էլհասցեին մինչև 2025 թվականի փետրվարի 10-ը։
Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2025 թվականի փետրվարի 25-ին։
Հաղթող խումբը կստանա նաև 200 000 ՀՀ դրամ պարգև, իսկ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչը՝ 50 000 ՀՀ դրամ պարգևավճար։