2023 թ. դպրոցականների ամենամյա օլիմպիադան, որը կազմակերպում է Երևանի պետական համալսարանը, անցկացվելու է 2 փուլով:
Ս. թ. ապրիլի 1-ին՝ ժ. 11:00–ին, Երևանի պետական համալսարանում և ՀՀ բոլոր մարզերում կանցկացվի դպրոցականների օլիմպիադայի առաջին փուլը:
Ս. թ. ապրիլի 15-ին՝ ժ. 11:00–ին, Երևանի պետական համալսարանում կանցկացվի դպրոցականների օլիմպիադայի երկրորդ փուլը, որին կմասնակցեն առաջին փուլի հաղթողները:
Օլիմպիադան կանցկացվի հանրակրթական (մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայոց պատմություն, հայոց լեզու և գրականություն, ռուսաց լեզու, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ինֆորմատիկա) և լրացուցիչ կրթական (հայոց եկեղեցու պատմություն, տրամաբանություն, սոցիոլոգիա, պետության և իրավունքի հիմունքներ, էկոլոգիայի և կայուն զարգացման հիմունքներ, տնտեսագիտություն) առարկաներից:
Լրացուցիչ կրթական առարկաների օլիմպիադան կանցկացվի մեկ փուլով՝ ապրիլի 15-ին՝ ժ. 11:00–ին, ԵՊՀ-ում:
«Ինֆորմատիկա» առարկայի օլիմպիադան կանցկացվի մեկ փուլով՝ ապրիլի 1-ին՝ ժ. 11:00-ին, ԵՊՀ-ում:
Օլիմպիադան 12-րդ դասարանի աշակերտների համար է: Յուրաքանչյուր դպրոցից մասնակցելու հնարավորություն ունի 2 աշակերտ՝ ըստ առարկաների (յուրաքանչյուր աշակերտ հնարավորություն ունի օլիմպիադային մասնակցելու միայն 1 առարկայից):
Հավելենք, որ ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ՝ հանրակրթական առարկաների օլիմպիադայի հաղթող (I, II և III կարգի դիպլոմների արժանացած) աշակերտներին, համալսարանի վճարովի համակարգ ընդունվելու դեպքում, առաջին կուրսում կտրամադրվի համապատասխանաբար 50, 40, և 30 տոկոս ուսման վարձի զեղչ:
Օլիմպիադայի՝ լրացուցիչ կրթական առարկաների հաղթող աշակերտներին կհատկացվի կրթաթոշակ:
Օլիմպիադայի հետ կապված հարցերի դեպքում դիմել ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն:
Հեռ.՝ 010-55-40-03, 060-710-132, էլհասցե՝ pre-ued@ysu.am: