Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնը Մոսկվայի հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի հետ համագործակցության շրջանակում հայտարարում է հայաստանյան բուհերի բակալավրիատի ուսանողների և մագիստրանտների գիտական աշխատանքների մրցույթ:
Մրցույթի թեման է «Հայ-ռուսական ռազմավարական դաշինք. պատմություն, ժամանակակից իրադրություն և հեռանկարներ»:
Հոդվածների համար առաջարկվող թեմաներն են.
- Հայ-ռուսական քաղաքական հարաբերությունները։
- Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական համագործակցությունը, Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին։
- Զինվորական եղբայրության պատմությունը: Հայ-ռուսական հարաբերությունները պաշտպանության և անվտանգության ոլորտում։
- Հայաստանի և Ռուսաստանի մշակութային-հումանիտար համագործակցությունն ու փոխգործակցությունը։
- Հայաստանը և Ռուսաստանը որպես ընդհանուր քաղաքակրթական տարածքի մասեր. արդի վիճակն ու տեսանելի հեռանկարները:
Ուսանողական գիտական աշխատանքները պետք է ներկայացվեն հայերեն կամ ռուսերեն, 5-10 էջ ծավալով (տառատեսակ՝ 12, տառաձև՝ Times New Roman, միջտողային հեռավորություն՝ 1): Աշխատանքները կարող են բաժանված լինել ենթագլուխների:
Աղբյուրները և օգտագործված գրականությունը պետք է նշվեն տողատակում՝ յուրաքանչյուր էջի տակ: Հոդվածի վերջում պետք է ներկայացվի ռուսերեն համառոտագիր (15 տողից ոչ ավելի):
Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը ս.թ. մայիսի 10-ն է:
Մրցութային աշխատանքները պետք է ներկայացվեն էլեկտրոնային և տպագիր տարբերակներով (էլհասցե` russian.studies@ysu.am):
Հոդվածների տպագիր տարբերակները պետք է ներկայացվեն ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն (ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մասնաշենք, 306 սենյակ): Հեռախոս` 060 710 083:
Մրցույթի համար ստեղծվել է ժյուրի, որի կազմում ընդգրկված են գիտնականներ և փորձագետներ: Ժյուրիի անդամներն են՝
Գեղամ Պետրոսյան – Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի գիտական ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
Ալեքսանդր Մարգարով – ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
Ժակ Մանուկյան – ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ, միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ,
Գևորգ Հարությունյան – պատմական գիտությունների թեկնածու,
Արամ Սաֆարյան – ԵՊՀ ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ:
Մրցույթի հաղթողների համար սահմանված են հետևյալ մրցանակները.
- առաջին կարգի մեկ մրցանակ,
- երկրորդ կարգի երկու մրցանակ,
- երրորդ կարգի երեք մրցանակ,
- խրախուսական մրցանակներ:
Նախատեսված է նաև երեք հատուկ մրցանակ ռուսերենով լավագույն աշխատանքների համար:
Մրցույթի հաղթողները կստանան արժեքավոր մրցանակներ (նոութբուքներ, բջջային հեռախոսներ, ականջակալներ):
Հաղթողներին և լավագույն մասնակիցներին կհանձնվեն դիպլոմներ Երևանի պետական համալսարանի ռեկտորի և Մոսկվայի հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի տնօրենի ստորագրությամբ:
Դիպլոմները և մրցանակները կհանձնվեն ս.թ. մայիսի 25-ին «Ռուսաստանը և աշխարհը. երկխոսություն-2023. նպատակներ և արժեքներ: Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման գործում» միջազգային կոնֆերանսի լիագումար նիստում, որը տեղի կունենա Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում:
Հարցերի դեպքում կապ հաստատել կենտրոնի տնօրեն, դոցենտ Արամ Սաֆարյանի հետ (հեռախոս` 096 911 991):