Երևանի պետական համալսարանի և «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության համագործակցության շրջանակում ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի աջակցությամբ ս.թ. դեկտեմբերի 15-ին ուսանողների համար անցկացվեց հանդիպում բանկի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև շրջայց Ինեկոբանկի գլխամասային գրասենյակ:
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ու տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետների ուսանողները հնարավորություն ունեցան մեկ դաս անցկացնելու Ինեկոբանկի մանրածախ վարկային ռիսկերի բաժնի ղեկավար Վարշամ Ոսկանյանի և գործատուի բրենդի կառավարման բաժնի ղեկավար Էլինա Ստեփանյանի հետ։
«Բանկային համակարգի դերը տնտեսության զարգացման մեջ» թեմայով դասախոսության շրջանակում բանկի աշխատակիցները ներկայացրին տեսական գիտելիքները գործնականում կիրառելու միջոցները։
Դասախոսության շրջանակում ուսանողներին ներկայացվեցին բանկերի դերը, մասնավորապես Կենտրոնական բանկի դերը տնտեսության մեջ, բանկային գործունեության հետ կապված ռիսկերը և բանկային համակարգի առաջարկած ծառայությունները, բանկում կարիերայի ստեղծման հնարավորությունները։
Շրջայցի ժամանակ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողները դասն անցկացրին բանկի գլխամասային գրասենյակում, որտեղ Ռիսկերի վերլուծությունների և կառավարման բաժնի ղեկավար Արմինե Շարանբեկյանն անդրադարձավ բանկային ռիսկերի կառավարման թեմային:
Հանդիպման ավարտին բանախոսները պատասխանեցին ուսանողներին հետաքրքրող հարցերին։
Նշենք, որ ԵՊՀ-ն կարևորում է բանկային ոլորտի ներկայացուցիչների հետ համագործակցությունը, քանի որ հենց համալսարանի՝ մաթեմատիկական խոր գիտելիքներով շրջանավարտներն են ոլորտում լուրջ հաջողություններ գրանցողները։