Ս․թ․ մարտի 21-ին ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի աջակցությամբ «Պրեմիում ակումբ» ընկերության ներկայացուցիչներն ուսանողների համար անցկացրին դասընթաց, որը վերաբերում էր բիզնեսի ստեղծմանն ու կառավարմանը։
Դասընթացի հիմնական նպատակն էր ներկայացնել ստարտափ խմբերի ձևավորումն ու բիզնես-գաղափարի ստեղծման առանցքային դերը:
Հանդիպման ընթացքում կազմակեպության ներկայացուցիչները խոսեցին ընկերության գործունեության մասին։
Ընկերության փորձագետ, բիզնեսի զարգացման և կառավարման խորհրդատու Դավիթ Սահակյանն ուսանողներին ներկայացրեց բիզնեսի ստեղծման հիմնաքար հանդիսացող գաղափարների գեներացման կարևորությունը։
Դասընթացը հիմնականում պրակտիկ էր, ինչի շնորհիվ ուսանողները ստացան սահմանափակ ժամանակահատվածում նոր բիզնես-գաղափարներ գեներացնելու հնարավորություն։ Ուսանողները բաժանվեցին թիմերի, որից հետո պատահականության սկզբունքով ընտրեցին բառեր, որոնք պետք է վերածեին նորարարական բիզնես-գաղափարների։ Այնուհետև նրանք ներկայացրին իրենց բիզնես-ծրագրերը, պատասխանեցին մյուս թիմերի ներկայացուցիչների հարցերին և ստացան խորհուրդներ իրենց բացթղումների շտկման վերաբերյալ։
Ընկերությունը հաղթող թիմին պարգևատրեց մրցանակով, որի շնորհիվ ակումբի դասընթացներին մասնակցության համար կունենան կրթաթոշակ ստանալու հնարավորություն։
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը կարևորեց կենտրոնի և «Պրեմիում ակումբի» համագործակցությունը, քանի որ վերջինս նպաստում է ուսանողների գործարար հմտությունների ձևավորմանը և ապագայում հաջողված բիզնես գաղափարների ստեղծմանը։