ԵՊՀ-ն և «Fastex» ընկերությունը համատեղ կազմակերպում են «Բլոկչեյն տեխնոլոգիաների հիմունքներ․ կրիպտո հավելվածների կիրառությունը» թեմայով դասընթաց։ Դասընթացին մասնակցում են Web3 ոլորտով հետաքրքրվող ուսանողները և շրջանավարտները։
Համագործակցության հուշագրի շրջանակում իրականացվող դասընթացները վարում են Web3 ոլորտում միջազգային փորձ ունեցող մասնագետներ Վախթանգ Աբրահամյանը («Fastex»-ի գործադիր տնօրեն), Վարդան Խաչատրյանը («Fastex»-ի իրավաբանական գծով տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ), Արամ Ջիվանյանը («Fastex»-ի խորհրդական), Կարեն Թերջանյանը («Bahamut» բլոկչեյնի գլխավոր նախագծող), Պավել Արամյանը («Bahamut» բլոկչեյն ծրագրի ղեկավար), Արմեն Բաղդասարյանը («Fastex»-ի համագործակցությունների գծով ղեկավար)։
Դասընթացի իրականացման երկու ամիսների ընթացքում դասընթացավարները կանդրադառնան բլոկչեյն տեխնոլոգիաներին և կրիպտոգրաֆիկայի հիմունքներին, DeFi (ապակենտրոնացված ֆինանսական հավելվածներ) և թվային ակտիվների առանձնահատկություններին, Web3-ում առկա ռիսկերին, անվտանգության մեխանիզմներին և կիրառելիությանը, ինչպես նաև ոլորտի առկա օրենսդրական կարգավորումներին։ Բացի հիմնական դասընթացավարներից՝ ուսանողները հնարավորություն ունեն լսելու նաև հրավիրված բանախոսների ելույթներ։
ԵՊՀ ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնի վարիչ Կարինե Ավետիսյանն իր խոսքում նշեց․ «Նմանօրինակ դասընթացների կազմակերպումը շատ կարևոր է, քանի որ բլոկչեյն տեխնոլոգիաներն արդեն իսկ ներթափանցում են տնտեսության բոլոր ոլորտներ։ Մենք ուրախ ենք, որ համագործակցության շրջանակում և՛ ԵՊՀ ուսանողները, և՛ ընդհանրապես հասարակության յուրաքանչյուր անդամ, որ հետաքրքրված է այս ոլորտով, կարող է մասնակցել դասընթացին։ Լիահույս եմ, որ դասընթացները շարունակական կլինեն։ Նշեմ նաև՝ դասընթացների նկատմամբ այսքան մեծ հետաքրքրվածության շնորհիվ Երևանի պետական համալսարանը և «Fastex» ընկերությունը նախապատրաստում են բլոկչեյն տեխնոլոգիաների և ակտիվների կառավարման ոլորտի վերաբերյալ համատեղ մագիստրոսական ծրագիր»:
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանի համոզմամբ՝ դասընթացը հնարավորություն է տալիս մասնակիցներին ծանոթանալու այս նոր և արագ զարգացող ոլորտին, կիրառելու իրենց մասնագիտական գիտելիքները, ստանալու նոր հմտություններ և դառնալու որակյալ կադրեր աշխատաշուկայում։