Երևանի պետական համալսարանի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագիրը իրականացնող «Դելոյթ Քոնսալթինգ Էլ-Էլ-Փի» ընկերության համագործակցության շրջանակում Կոլորադոյի Բոլդեր համալսարանի և ՀՀ բուհերի ներկայացուցիչների միջև սեպտեմբերի 20-ից մեկնարկել են աշխատանքային առցանց հանդիպումներ՝ քննարկելու համագործակցության հնարավորությունները։
«Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի շրջանակում առցանց հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել անդրսահմանային ջրային ռեսուրսների վերաբերյալ առկա և նախատեսվող ուսումնասիրություններին, հետազոտության թեմաների շրջանակին և հետազոտական աշխատանքային խումբ կազմելու հարցերին։
Սեպտեմբերի 27-ին ԵՊՀ-ում կայացավ երկրորդ աշխատանքային հանդիպումը, որը կազմակերպվել էր հիբրիդային ձևաչափով։ Միջոցառման ընթացքում ԵՊՀ ներկայացուցիչների և առցանց մասնակիցների հետ քննարկվել են ՀՀ բուհերի կողմից առաջարկված թեմաները, ֆինանսավորման հնարավոր աղբյուրները և հետագա քայլերը։
ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագիրը, ի թիվս այլ նպատակների, աջակցում է ՀՀ անդրսահմանային ջրային ռեսուրսների հետ կապված խնդիրների բացահայտման և դրանց հասցեագրման համար անհրաժեշտ միջոցառումների մշակման հարցերին։
Այս համատեքստում ծրագրի շրջանակում նախատեսվում է կատարել հետազոտություններ՝ պարզելու Հայաստանի և հարևան երկրների միջև անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման մարտահրավերները։ Նշված հետազոտությունների կատարման համար ներգրավվելու են ՀՀ բարձրագույն ուսումնական ու գիտական հաստատություններ՝ մասնագիտական վերլուծությունների և ուսումնասիրությունների նպատակով:
Ծրագրի շրջանակում աշխատանքային քննարկումները շարունակվում են նաև հոկտեմբերին։