ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «FYM Management» ընկերության համագործակցության շրջանակում կազմակերպության ներկայացուցիչներն ուսանողների համար անցկացրին դասընթաց, որը վերաբերում էր հյուրանոցի օպերատիվ կառավարմանը։
Հանդիպման ընթացքում «Kantar»-ի գլխավոր մենեջեր Դավիթ Սիմոնյանը ներկայացրեց հյուրանոցների տեսակները, սենյակների դասակարգումը, հյուրանոցների ստանդարտ կառուցվածքը, օպերացիոն կառավարման նպատակը և վերջինիս կարևորությունը։
Բանախոսը ներկայացրեց նաև օպերացիոն կառավարման տեխնոլոգիաները, ռեսուրսների պլանավորման և վերահսկման կարևորությունը հյուրընկալության ոլորտում, ինչպես նաև մի շարք անձնական օրինակների հիման վրա ներկայացրեց օպերատիվ կառավարման համակարգում առաջացած խնդիրների հետաքրքիր լուծումներ։
Հանդիպման ընթացքում ընկերության ներկայացուցիչ Գոհար Մանուկյանը ուսանողներին ներկայացրեց «FYM Management» ընկերության գործունեությունը, խոսեց վերջինիս ստեղծման, առաքելության և բրենդների մասին, ինչպես նաև ուսանողներին իրազեկեց կազմակերպությունում առկա կարիերայի՝ մասնավորապես վարձատրվող պրակտիկայի հնարավորությունների մասին, որի շրջանակում ուսանողները ճկուն ժամային գրաֆիկով կկարողանան ծանոթանալ կազմակերպության աշխատանքին: Պրակտիկայի ավարտից հետո լավագույնները կստանան աշխատանքի հնարավորություն:
Ինտերակտիվ բանախոսության ընթացքում ուսանողներն արտահայտեցին իրենց կարծիքը հյուրանոցային ոլորտում կարիերայի հնարավորությունների, ինչպես նաև ոլորտային խնդիրների լուծումների վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում բանախոսները պատասխանեցին ուսանողներին հետաքրքրող հարցերին ինչպես հյուրընկալության ոլորտի, այնպես էլ աշխատանքային հնարավորությունների մասին: