Ս․թ․ նոյեմբերի 7-ին ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի համագործակցության շրջանակում իրականացվեց «Կիբեռթրաֆիքինգ և կիբեռանվտանգություն» թեմայով դասընթաց, որը վարեցին Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի փորձագետ Վիկտորիա Ավակովան և ՏՏ անվտանգության մասնագետ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ աշխատանքային առցանց թրաֆիքինգի առանձնահատկություններին, համացանցի հետ կապված առկա վտանգներին, ինչպես նաև դրանցից խուսափելու միջոցներին:
Վիկտորիա Ավակովան ուսանողներին ներկայացրեց թրաֆիքինգը որպես երևույթ, աշխատանքային թրաֆիքինգին վերաբերող միջազգային կոնվենցիաները, որոնց միջոցով քաղաքացիները պաշտպանված են աշխատանքային թրաֆիքինգի զոհ լինելուց։
Սամվել Մարտիրոսյանը խոսեց կիբեռանվտանգության մասին՝ շեշտելով, որ ժամանակակից աշխարհում աշխատանքային թրաֆիքինգը ներթափանցել է համացանց։ Երիտասարդները, որոնք հաճախ աշխատանք են փնտրում կամ գնումներ են կատարում համացանցում, կարող են իրենց մասին տեղեկություն փոխանցել ոչ վստահելի անձանց և դառնալ կիբեռթրաֆիքինգի կամ խաբեության զոհ։
Բանախոսը նաև ներկայացրեց սոցիալական հարթակներում մեդիագրագետ վարքագիծ դրսևորելու մեթոդները՝ հատկապես շեշտելով անվտանգ գաղտնաբառերի կիրառման կարևորությունը։
Նշենք նաև, որ երկար տարիներ ԵՊՀ ուսանողները հնարավորություն են ունեցել մասնակցելու կազմակերպության հետ համատեղ իրականացվող «Աջակցություն ուսմանը՝ ապագայի ներդրում» ծրագրին, որի շրջանակում կազմակերպությունը մասնակիցներին շնորհել է կրթաթոշակ։