Տեղի ունեցավ Ամերիաբանկի «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթի ամփոփիչ միջոցառումը, որի շրջանակում հայտարարվեցին մրցույթի արդյունքում կրթաթոշակի արժանացած, Բերքլիի համալսարան մեկնող և նախագծի ֆինանսավորում ստացող ուսանողների անունները։
Մրցույթի նպատակն էր բացահայտել և խրախուսել ակտիվ, Հայաստանի ապագայի հանդեպ սրտացավ, ճկուն մտածելակերպ ունեցող ուսանողներին։
Մրցույթի շրջանակում մրցանակները 3-ն էին`
160 կրթաթոշակ՝ 5 ամիս շարունակ ամսական 50.000 ՀՀ դրամի չափով,
Ամերիաբանկի կողմից 3 նախագծի ֆինանսավորում՝ ընդհանուր 10.000.000 ՀՀ դրամի չափով,
10 ուղեգիր դեպի Բերքլիի համալսարան` մասնակցելու կարճաժամկետ ծրագրի:
Երևանի պետական համալսարանից մրցույթային փուլերը հաղթահարեցին 48 ուսանողներ։ Նրանք մրցույթի արդյունքում արժանացան հետևյալ մրցանակներին՝
ուղեգիր դեպի Բերքլիի համալսարան՝ 3 ուսանող,
կրթաթոշակ 50․000 ՀՀ դրամի չափով՝ 45 ուսանող։
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի՝ տարբեր գործընկերների հետ շարունակական համագործակցության շրջանակում ԵՊՀ ուսանողները հնարավորություն են ունենում մասնակցելու տարաբնույթ մրցույթների և ծրագրերի՝ զարգացնելով իրենց գիտելիքները, գործնական հմտությունները, ինչպես նաև իրենց առաջին քայլերն անելով մասնագիտական ոլորտում։