«Դայմենշն» ներդրումային ընկերությունը, որ զբաղվում է տարբեր կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխմամբ, կանանց միամսյակի առթիվ նախաձեռնել էր հատուկ մրցույթ՝ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողուհիներին աջակցելու նպատակով։ Մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեին երեք տարբեր համալսարանների տնտեսագիտական ֆակուլտետների լավագույն ուսանողուհիները։ Մրցույթի արդյունքում հաղթած ուսանողուհիներին նվիրեցին Ֆասթ Բանկի և Շտիգենի պարտատոմսեր:
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի հետ համագործակցության շրջանակում այս հնարավորությունը ընձեռվել է նաև ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողուհիներին։
Ընթացիկ տարվա մարտի 12-ին ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնում ամփոփվեցին մրցույթի արդյունքները։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը ներկայացրել էր բարձր առաջադիմություն ունեցող 3 ուսանողուհիների ինքնակենսագրականները, որոնցից հաղթող է ճանաչվել «Ֆինանսներ» կրթական ծրագրի ուսանողուհի Անի Ամիրխանյանը։
«Դայմենշն» ներդրումային ընկերությունից միջոցառմանը ներկա էին գլխավոր տնօրեն Լևոն Մովսիսյանը, խորհրդի անդամ Արմեն Հովհաննիսյանը, մարքեթինգի գծով արտաքին խորհրդատու Ավագ Ավագյանը, ներդրումային մասնագետ, մարքեթինգի գծով պատասխանատու Անի Եղիազարյանը։
«Դայմենշն» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Լևոն Մովսիսյանն իր խոսքում նշեց․ «Ընկերությունը պատրաստակամ է շարունակել արդյունավետ համագործակցությունը տնտեսագիտական ոլորտում, ինչպես նաև ուսանողակենտրոն գործունեությունը, որով հնարավորինս կօժանդակի ուսանողներին ունենալ արժեքավոր փորձ և մասնագիտական աճ։ Հուսով ենք, որ ԵՊՀ-ի լավագույն կադրերը կհասնեն մասնագիտական բարձունքների, կունենան հաջողություններ իրենց աշխատանքում»։
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը, ընդգծելով, որ կրթությունը ապագայի համար արված լավագույն ներդրումն է, ողջունեց նախաձեռնությունը՝ մատնանշելով նաև ֆակուլտետի ղեկավարության հետաքրքրությունն ու աջակցությունը։ Կ․ Նազարյանը շեշտեց, որ այս և նմանատիպ նախաձեռնությունները կարևոր ցուցիչ են. գործատուն կարևորում և խրախուսում է առաջադիմությունը, ինչը հավելյալ դրական և ոգևորիչ ազդակ է ուսանողների համար:
Հանդիպման ընթացքում ձեռք բերվեց պայմանավորվածություն համագործակցության շրջանակն ընդլայնելու և համապատասխան ֆակուլտետներ ներառելու վերաբերյալ: