«Դելոյթ Քոնսալթինգ Էլ-Էլ-Փի» ընկերության կողմից իրականացվող «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի շրջանակում ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպվեց հանդիպում ծրագրի ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ջրային ոլորտի խնդիրներն ու զարգացումները, խոսվեց ռեսուրսների պահպանման և կայուն ու արդյունավետ կառավարման անհրաժեշտության, ինչպես նաև այդ գործընթացում տնտեսագետների կարևոր դերակատարության մասին։ Բացի դրանից՝ ներկայացվեց նաև ծրագրի շրջանակում մասնագիտական պրակտիկա անցնելու հնարավորությունը։ Պրակտիկայի ընթացքում ԵՊՀ ուսանողները հնարավորություն կունենան իրական միջավայրում կիրառելու տեսական գիտելիքները, գործնական փորձ ձեռք բերելու հաղորդակցության, թիմային աշխատանքի, նախագծերի կառավարման ոլորտներում, ինչպես նաև օգտակար կապեր հաստատելու ոլորտի մասնագետների հետ:
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ Վարդան Ալեքսանյանը, կարևորելով հանդիպման նշանակությունը, շեշտեց. «Ֆակուլտետի ավարտական կուրսերի ուսանողները 6 շաբաթվա ընթացքում անցնում են մասնագիտական պրակտիկա, որի շնորհիվ նրանց տեսական գիտելիքները կիրառվում են պրակտիկ դաշտում։ Այսօրինակ հանդիպումը հնարավորություն է տալիս ուսանողներին պատկերացում կազմելու պրակտիկայի անցկացման, ինչպես նաև անհրաժեշտ հմտությունների վերաբերյալ»։
Հիշեցնենք, որ դեռևս 2024 թ. մայիսին ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանի և «Դելոյթ Քոնսալթինգ Էլ-Էլ-Փի» ընկերության միջև հաստատվել էր համագործակցություն, որի նպատակներից են խթանել կրթության ոլորտում ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ նորարարությունը, գիտելիքների փոխանակումը, միջազգային լավագույն փորձի կիրառումը, հնարավորություն ընձեռել ԵՊՀ ուսանողներին անցնելու գործնական պրակտիկա ծրագրի ընթացքում իրականացվող աշխատանքների շրջանակում։