ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և Հայաստանի առաջատար տեխնոլոգիական կրթական կենտրոններից «Armenian Code Academy»-ի համագործակցության շրջանակում իրականացվեց «ACA Career Navigator» մեկօրյա ծրագիրը։
Ծրագրի շրջանակում բանախոսեցին «Armenian Code Academy»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Նարեկ Ասլիկյանը և «Meettal»-ում տեխնիկական հավաքագրման ավագ մասնագետ Գինյա Սումբուլյանը։ Նարեկ Ասլիկյանը ուսանողներին ներկայացրեց տեղական տեխնոլոգիական շուկայի վերլուծությունը: Դա ուսանողներին թույլ կտա համակողմանի պատկերացում ունենալ տեխնոլոգիական ոլորտի ներկայիս պահանջների վերաբերյալ: Ներկայացվեց նաև կրթական կենտրոնի հիմնական գործունեությունը։ Ուսանողները տեղեկացան, որ ցանկացած դասընթացի գրանցվելու դեպքում կենտրոնը ԵՊՀ-ի հետ համագործակցության շրջանակում առաջին ամսվա համար ուսանողներին տրամադրում է 50% զեղչ:
Գինյա Սումբուլյանը ուսանողներին ներկայացրեց CV կազմելու առանձնահատկությունները, LinkedIn սոցհարթակի անձնական էջի օպտիմալացման լավագույն մոտեցումները՝ տեսանելիության բարձրացման համար, ինչպես նաև աշխատանքի որոնման լավագույն մեթոդները։
Ինտերակտիվ բանախոսության ընթացքում ուսանողներն արտահայտեցին իրենց կարծիքը տեխնիկական ոլորտում կարիերայի հնարավորությունների, ինչպես նաև ինքնակենսագրականների կազմման վերաբերյալ։ Բանախոսները պատասխանեցին ուսանողներին հետաքրքրող հարցերին:
«Armenian Code Academy»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Նարեկ Ասլիկյանը նշեց. «Նմանատիպ միջոցառումները կարևոր են ուսանողների համար, քանի որ դրանք տեխնիկական ոլորտում գործատուների պահանջների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության ստացման հնարավորություն են ընձեռում»։
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը ևս ընդգծեց նամնատիպ հանդիպումների կարևորությունը ուսանողների՝ ինքնակենսագրականների պատրաստման և հարցազրույցների ներկայանալու կարևորագույն հմտությունների ձեռքբերման տեսանկյունից: