
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համագործակցության շրջանակում համալսարանում հյուրընկալվել էին ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Աշոտ Մովսիսյանը, նույն վարչության պետի տեղակալ Տիգրան Նազարբեկյանը, ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսումնական մասի պետ Գոռ Վարդանյանը։ Նրանք հանդիպումներ ունեցան ուսանողների, ինչպես նաև Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ներկայացուցիչների հետ։
Ուսանողների հետ հանդիպմանը ՊԵԿ ներկայացուցիչները խոսեցին Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող թափուր պաշտոնների համալրման մրցույթի և նույն վարչության ծառայողների պատրաստման դասընթացի մասին։ Հանդիպման հիմնական նպատակն էր տեղեկացնել ուսանողներին կառույցի ընձեռած բացառիկ ծրագրի մասին, որի միջոցով ուսանողները կունենան աշխատանքային գործունեություն ծավալելու հնարավորություն։
ՊԵԿ ներկայացուցիչները հանդիպման ժամանակ անդրադարձան դասընթացի առանձնահատկություններին՝ ընդգծելով, որ այն հաջողությամբ ավարտած մասնակիցները հնարավորություն կունենան աշխատանքի անցնելու ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային և տարածքային բաժիններում։
Ուսանողները հնարավորություն ունեցան նաև բանախոսներին ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը և ստանալու սպառիչ պատասխաններ։
Այցի շրջանակում տեղի ունեցավ նաև հանդիպում Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի դեկան Տիգրան Եփրեմյանի, Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ Ժակ Մանուկյանի հետ՝ նպատակ ունենալով ուղենշելու համագործակցության նոր ուղիներ։ Այս հանդիպման ընթացքում ներկայացվեց «Համաշխարհային քաղաքականություն» և «Միջազգային հարաբերություններ» բակալավրի ու մագիստրոսական կրթական ծրագրերի արդյունքները, ուսանողների հմտությունները, որոնք կարող են կիրառելի լինել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների ծառայությունների ոլորտում։
Հանդիպման շրջանակում քննարկվեց նաև պաշտոնի անձնագրերի հնարավոր վերանայման հարցը։
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը ողջունեց և կարևորեց այսօրինակ դասընթացները և գործընկերների հետ հանդիպումների շարքը, որոնք ունեն հեռանկարային տեսլականի նախաձեռնողականություն, ինչն ապահովում է ժամանակի աշխատաշուկայի և գործընկերների առաջարկների ու պահանջարկների համապատասխանությունը։