Սիմետրիայի մեթոդները ֆիզիկայում․ միջազգային XIX գիտաժողով
-
Սիմետրիայի մեթոդները ֆիզիկայում․ միջազգային XIX գիտաժողով
-
Ս․թ. սեպտեմբերի 8-13-ը կանցկացվի Երևանի պետական համալսարանի հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված «Սիմետրիայի մեթոդները ֆիզիկայում» միջազգային XIX գիտաժողովը (SYMPHYS-XIX)՝ նվիրված պրոֆեսոր Ալեքսեյ Նորայրի Սիսակյանի հիշատակին։
Պրոֆեսոր Ա. Ն. Սիսակյանը (1944-2010 թթ.) հայտնի ֆիզիկոս-տեսաբան է, որը կարևոր ներդրում է ունեցել միջուկային, տարրական մասնիկների, բարձր էներգիայի ֆիզիկայի ուսումնասիրության մեջ, ինչպես նաև ֆիզիկայում համաչափությունների տարբեր հայեցակետերի հետազոտության ուղղությամբ: Նա իր ողջ կյանքը նվիրել է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտին, որտեղ կրտսեր գիտաշխատողի պաշտոնից հասել է ինստիտուտի տնօրենի պաշտոնին (2006-2010 թթ.): Եղել է «SYMPHYS» շարքի ինը գիտաժողովների համանախագահը։
Սույն գիտաժողովի նպատակն է համախմբել պրոֆեսոր Ալեքսեյ Սիսակյանին անձամբ ճանաչած և նրա հետ աշխատած գիտնականներին, ինչպես նաև գիտնականի աշխատություններով հետաքրքրված անձանց։
Միջազգային գիտաժողովի նախնական ծրագրով նախատեսվում են քննարկումներ հետևյալ թեմաներով․
• Անվերջ չափանի համաչափություններ և սուպեր համաչափություններ
• Ինտեգրվող և սուպեր ինտեգրվող համակարգեր
• Դիֆերենցիալ և տարբերակելի հավասարումների համաչափություններ
• Լիի խմբեր, ներկայացուցչական տեսություն, բազմանդամներ և հատուկ ֆունկցիաներ
• Քվանտային խմբեր և q-հատուկ ֆունկցիաներ
• Քվանտային օպտիկա, կոհերենտ վիճակներ, Վիգների բաշխման ֆունկցիա
• Համաչափությունները մոլեկուլային, ատոմային և միջուկային ֆիզիկայում
• Դաշտի քվանտային տեսություն
• Բարձր էներգիաների ֆիզիկա
• Բազմամասնիկների դինամիկա
• Մաթեմատիկական մեթոդներ
Գիտաժողովի՝ առավոտյան չորս նիստերին կներկայացվեն հրավիրյալ բանախոսների՝ 40 և 30 րոպե տևողությամբ ելույթները: Մնացած ելույթները (20 րոպե) կներկայացվեն կեսօրից հետո։
Գիտաժողովի շրջանակում նախատեսվում է մեկ աշխատանքային օրը նվիրել պրոֆեսոր Վիկտոր Վորոնովի (1946-2024) հիշատակին։
«SYMPHYS-XIX» գիտաժողովին ընդհանուր առմամբ կմասնակցեն մոտ 60 գիտնականներ ամբողջ աշխարհից: Հնգօրյա գիտաժողովը կմեկնարկի երկուշաբթի՝ սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին, և կավարտվի երեքշաբթի՝ սեպտեմբերի 13-ի կեսօրին (սեպտեմբերի 11-ը էքսկուրսիայի օր է):
Միջազգային ծրագրային հանձնախումբ
Գեորգի Պողոսյան (նախագահ, Երևան), Նիկոլայ Անտոնենկո (Դուբնա), Ռաֆայել Բարխուդարյան (Երևան), Չեստմիր Բուրդիկ (Պրահա), Անջեյ Գոզձ (Լյուբլին), Վլադիմիր Դոբրև (Սոֆիա), Ռոստիսլավ Ջոլոս (Դուբնա), Էռնի Կալնինս (Նոր Զելանդիա) , Դմիտրի Կազակով (Դուբնա), Անդրեյ Կլիմով (Գվադալահարա), Ռիչարդ Կերներ (Փարիզ), Ռուբեն Մանվելյան (Երևան)։
Գիտաժողովի հանձնախումբ
Ելենա Կոլգանովա (համանախագահ, Դուբնա), Լևոն Մարդոյան (համանախագահ, Երևան), Սուսաննա Գագինյան (գիտաժողովի քարտուղար, Երևան), Գոռ Նիկողոսյան (քարտուղար, Երևան), Հրաչ Բաբուջան (Երևան), Անահիտ Բալաբեկյան (Երևան), Սամվել Պողոսյան (Երևան), Ռուբեն Պողոսյան (Երևան), Արամ Սահարյան (Երևան), Սերգեյ Վինիցկի (Դուբնա):
Գիտաժողովի համակարգող՝ Սամվել Պողոսյան
Էլհասցե՝ symphys@ysu.am